Ադրբեջանական գործողությունների արդյունքում խախտվել են էթնիկ հայերի հիմնարար իրավունքները․ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը «Գլոբալացվող աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության ժամանակակից հրամայականները» խորագրով միջազգային գիտաժողովի շրջանակներում մասնակցել է պանելային քննարկման։

Ողջունելով մասնակիցներին՝ Պաշտպանը նշել է նման միջոցառումների անցկացման կարևորությունը, քանի որ ևս մեկ անգամ հնարավորություն է ստեղծվում խոսել մարդու իրավունքների պաշտպանության համակարգում առկա մարտահրավերների մասին։

Ցեղասպանության և էթնիկ զտումների կանխարգելումը թեմայով քննարկմանը Պաշտպանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների իրավունքներին վերաբերելի հարցեր, ներկայացվել են այս առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի իրականացրած աշխատանքների մանրամասները:

Անահիտ Մանասյանը հատուկ անդրադարձ է կատարել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետ անձամբ իր և ՄԻՊ աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքներին, որի ընթացքում ստացվել են ադրբեջանական ագրեսիայի արդյունքում քաղաքացիական անձանց շրջանում մահվան, խոշտանգումների, մարմինների անարգման, անդամախեղման և վատ վերաբերմունքի՝ միջազգային իրավունքով արգելված այլ դեպքերի մասին տեղեկություններ։

«Որպես Մարդու իրավունքների պաշտպան անմիջապես ներգրավվել եմ բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության գործընթացին։ Անձամբ ես և ՄԻՊ աշխատակազմը մեկնել ենք Գորիս, Կոռնիձոր և Վայք՝ տեղում իրականացրել ենք փաստահավաք աշխատանքներ։ Այդ ընթացքում զրուցել ենք հարյուրավոր անձանց հետ։ Փաստահավաք աշխատանքների ժամանակ հետապնդել ենք երկու նպատակ՝ իրականացնել մշտադիտարկում և բացահայտել Հայաստանի Հանրապետությունում նշված անձանց իրավունքների երաշխավորմանը վերաբերելի խնդիրները։ Հաջորդ կարևոր նպատակն էր բացահայտել խոշտանգումների, վատ վերաբերմունքի այլ ձևերի զոհ դարձած անձանց և երաշխավորել նրանց իրավունքների պաշտպանության պատշաճ կառուցակարգերի իրացումը։ Ինձ համար մի բան ակնհայտ էր. ադրբեջանական գործողությունների արդյունքում խախտվել են էթնիկ հայերի հիմնարար իրավունքները»,- նշել է Պաշտպանը։

Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է, որ հավաքագրված տեղեկությունները ներառվել են Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում։

«Տեղեկությունների իսկությունն ապացուցող խորհրդապահական հատվածով զեկույցը ներկայացվել է մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կազմակերպություններին և դերակատարներին։ Շատ կարևոր է, որպեսզի մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կառույցները խնդիրների լուծման առանցքում ունենան մարդու հիմնարար իրավունքները, քանի որ քաղաքական և տարածքային որևէ հանգամանք չի կարող գերակայել մարդու իրավունքներին վերաբերելի արժեքների նկատմամբ»,- ընդգծել է Ա. Մանասյանը։

Նշենք, որ Հայաստանի եվրոպական համալսարանի և Միջազգային կրթական և հետազոտական ալյանսի հետ համատեղ կազմակերպված միջազգային գիտաժողովի նպատակն է նպաստել մարդու իրավունքների պաշտպանության հիմնահարցերի և ցեղասպանության ու էթնիկ զտումների հիմնախնդիրների վերհանմանն ու հաղթահարման ուղիների ձևավորմանը: Որպես բանախոսներ հանդես են եկել միջազգային կազմակերպությունների, եվրոպական կրթական ու հետազոտական կառույցների և պետական մարմինների ներկայացուցիչներ, գիտնականներ, ոլորտային փորձագետներ, հետազոտողներ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայաստանն անցյալ շաբաթ Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրի առաջարկությունների փաթեթը․ Արարատ Միրզոյան

Հաջորդը

Թմրամիջոցների գաղտնի լաբորատորիայի գործով ձերբակալվել են Կորեայի ու ՌԴ քաղաքացիներ

Առնչվող նյութեր
Դիտել

Արցախի բռնազավթված տարածքների մշակութային ժառանգության պաշտպանության պետական խորհուրդը երկրորդ նիստն է գումարել

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանի նախագահությամբ հուլիսի 28-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների մշակութային ժառանգության…
Դիտել

Վարչապետի որոշմամբ, Արմեն Աբազյանը նշանակվել է ՀՀ ԱԱԾ տնօրեն

ՀՀ վարչապետի որոշմամբ, Արմեն Աբազյանը նշանակվել է ՀՀ ԱԱԾ տնօրեն։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share