Այնքան էլ երկար ժամանակ չի անցել հավաքականի նախորդ երկու ելույթներից, բայց առաջընթացն ակնհայտ է․ Աշոտ Գոմցյան

ՀԵՐՈՍԱՄԱՐՏ

Ուելս – Հայաստան 2:4

«Գլխավոր խաղը հաջորդն է»: Այսպես էր կարծում լեգենդար Հերբերգերը, ով գերմանացիներին դարձրեց աշխարհի չեմպիոն 1954 թվականին, երբ բոլորը համոզված էին, որ Հունգարիան է դառնալու չեմպիոն: Պետրակովը, վստահ եմ, այդ մասին գիտի, մեր ֆուտբոլիստերը՝ քիչ հավանական է: Իջնենք ամպերից, պարոնայք, ևս մեկ անգամ վերապրենք, ըմբոշխնենք հաղթանակը ու… մոռանանք:

Հանդիպումից առաջ

«Միամիտ համառություն»: Վրեժ

Հենց այս Ուելսը ուղեփակոց դրեց Պետրակովի գլխավորած Ուկրաինայի հավաքականի առջև Կատարի մունդիալի ընտրական փուլում, ինչի պատճառով, հուրախություն հայերի, վերջինիս պաշտոնանկ արեցին (հայի բախտից այս անգամ չբողոքենք): Եվ հենց այս Ուելսը, համալրված առավելապես Անգլիայի բարձրագույն դիվիզիոնի ֆուտբոլիստներով, համարվում էր անվիճելի ֆավորիտ: Այդ մասին վկայում էին թվերը (տես նախորդ գրառումս), այդ մասին խոսում էին մասնագետները (նաև հայ մասնագետները), այդ մասին «խոսում էին» բուքմեյքերների գործակիցները: Իսկ Պետրակովն ու Զելարայանը «միամիտ համառությամբ» պնդում էին, որ Կարդիֆֆ են եկել 3 միավորի ետևից և նպատակ ունեն պայքարել ուղեգրի համար: Վասիլիչն էլ լի էր վրեժ լուծելու ցանկությամբ: Սակայն մի պահ թվաց, որ «չուզողները» ճիշտ են, «միամիտ համառները»՝ սխալ: Միանգամից չորս կարևոր ֆուտբոլիստներ՝ Կ. Հովհաննիսյանը, Բայրամյանը, Ոսկանյանը և Հարոյանը վնասվածք ստացան: Բարեբախտաբար Վատոն վերականգվեց, բայց ամպերը չցրվեցին: Պաշտպանության օղակի ձևավորումը դարձավ լուրջ խնդիր:

«… ություն»-ների գերակայությունը

Կրկին անդրադառնանք վիճակագրությունը: Թե՛ փոխանցումների քանակով, թե՛ գնդակին տիրելու տոկոսային հարաբերակցությամբ, թե՛ հարվածների քանակությամբ տանտերերը առավելութուն ունեին: Միայն անկյունայինների ցուցանիշն էր մեր օգտին: Սակայն ևս մեկ անգամ համոզվեցինք, որ այս թվերը ֆուտբոլում հուշում են, բայց չեն պարտադրում՝ «… ություն»-ներն են կարևոր (տե՛ս նախորդ հոդվածս): Մարտավարություն, հոգեբանություն, համախմբվածություն, վստահություն, «… ություն»: Որքան հանգիստ տղաները վերաբերվեցին բաց թողած գնդակին, ինչ սառնասրտությամբ շարունակեցին կատարել մարտավարական առաջադրանքը: Առաջին րոպեների պաշտպանության անվստահությունը տղաները փոխհատուցեցին խելամիտ վստահ գրոհներով: Երկու դիրիժորները՝ Սպերցյանն ու Զելարայանը Իվուի, Տիկնիզյանի և մյուսների մասնակցությամբ նուրբ կոմբինացիոն խաղի փոքրիկ շեդևրներ էին արարում: Գերհաճույք պատճառեց երրորդ գոլը, որը սկիզբ առավ Գ. Հարությունյանի՝ Ռանոսի ուղղությամբ խորքից կատարած երկար փոխանցումով: Վերջինս, արագ գնահատելով իրավիճակը, ցույց տվեց առանց գնդակի խաղի մաստեր-կլաս: Նույն մաստեր-կլասը տեսանք Զելարայանի կատարմամբ, որը մեկ հպումով գնդակը հասցրեց Ռանոսին, միանգամից կտրելով մի քանի պաշտպանների: Իսկ ինչ արեց հետո այս գոլի ծարավ երիտասարդը՝ դա գնահատել է պետք: Կասեք՝ դե, մեն-մենակ էր մնացել, դիրքը նպաստավոր էր, առանձնապես խանգարող չկար՝ դե, խփեց էլի …: Ո՛չ սիրելիներս: Կասե՞ք ինչու 11-մետրանոց իրացնելիս օգտագործում են ոտնաթաթի ներսի մասը: Այո՛, այդպես ավելի դիպուկ է ստացվում: Նշված դրվագում ենթադրվում էր հենց այդպիսի հարված: Բայց Ռանոսը նախընտրեց խփել ոտքի վերևի մասով՝ ոտնաթումբով, ինչն ավելի ռիսկային է: Եվ ստացվեց: Տասից ութը կընտրեին առաջին՝ ավելի ռացիոնալ տարբերակը: Առանձնացնելով այդ գոլը, բնավ նպատակ չունեմ նսեմացնել մյուս գոլերը, որոնք նույնպես ծնվեցին ինտելեկտուալ գործողությունների շնորհիվ:

Ավելացում

Այնքան էլ երկար ժամանակ չի անցել հավաքականի նախորդ երկու ելույթներից, բայց առաջընթացն ակնհայտ է: Եթե Թուրքիայի դեմ մրցավեճը ցույց տվեց, որ թույլ չենք, ապա հաշվետու խաղում թիմը ապացուցեց, որ ուժեղ է: Եթե առաջներում հիմնականում կարճ, արագ փոխանցումներն էին մեր ֆիրմային խաղը, ապա հիմա զինանոցն ավելացել է՝ երկար նպատակային փոխանցումներ, հատվածային ճկուն պրեսինգ, գնդակի վերահսկողություն, դիրքի ճիշտ ընտրություն և վստահություն: Անդադար տեղաշարժերի շնորհիվ միշտ կա մեկը-երկուսը, որ նպաստավոր դիրք զբաղեցնելով, պատրաստ է գնդակ ստանալ: Կարճ ժամանակահատվածում Պետրակովը ահռելի աշխատանք է կատարել: Յուրաքանչյուր դրվագում զգացվում է նրա ցուցումների ազդեցությունը: Եվ ամենակարևորը՝ Պետրակովը մոտիվացնող մարզիչ է: Վասիլի՛չ, այդպես պահել:

Հեղինակ՝ Աշոտ Գոմցյան

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արդեն 5-րդ օրն է, ինչ Ադրբեջանի կողմից ամբողջապես արգելափակված է դեղորայքի մատակարարումը Արցախ

Հաջորդը

Սուրեն Պապիկյանը մասնակցել է «Փարիզի ավիացիոն ցուցահանդեսի» բացման արարողությանը

Առնչվող նյութեր
Դիտել

ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այցելել են Լաչինի միջանցքի սկզբնամաս.(տեսանյութ)

Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այցելել են Սյունիքի մարզի Կոռնիձոր բնակավայր՝ Լաչինի միջանցքի սկզբնամաս, որտեղ արդեն մի քանի…
Դիտել

Վթարվել է զինծառայողներին տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան, կան զոհեր. ՊՆ

Ապրիլի 12-ին՝ ժամը 15:25-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներին տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան դեռևս չպարզված հանգամանքներում դուրս…
Դիտել

Հույս կա, որ Լաչինի միջանցքը կարող է բացվել. Արտակ Բեգլարյան

Լաչինի միջանցքը մնում է ամբողջովին փակ, որևէ փոփոխություն չկա, որոշակի դրական միտում կա զուտ բանակցությունների ընթացքից: Ինչպես տեղեկացնում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share