Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մայիսի 6-ին ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Գալագերին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունը։
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Գալագերին մեր երկրում Միացյալ Թագավորության դեսպան նշանակվելու առթիվ եւ վստահություն հայտնել, որ Գալագերի պաշտոնավարման ընթացքում հայ-բրիտանական հարաբերություններն էլ ավելի կամրապնդվեն:
Ազգային ժողովի նախագահը կարեւորել է Միացյալ Թագավորության աջակցությունը մեր երկրում տարբեր ոլորտների զարգացման գործում.
«Որպես ԱԺ նախագահ՝ արժեւորում եմ Միացյալ Թագավորության մասնակցությունը ՄԱԿ-ի՝ «Ժամանակակից խորհրդարան՝ ժամանակակից Հայաստանի համար» ծրագրում, որով արձանագրվել են կոնկրետ եւ շոշափելի արդյունքներ»,-նշել է ԱԺ նախագահը
Արարատ Միրզոյանը դեսպանին նաեւ մտահոգություն է հայտնել Ադրբեջանի վերահսկողության ներքո հայտնված տարածքներում հայկական հուշարձանների նկատմամբ առանձնակի բարբարոսական վերաբերմունքի վերաբերյալ.
«Անցյալ տարի մեր երկիրն առճակատվեց ավելի մեծ արհավիրքի հետ, քան համավարակն էր: Ադրբեջանը Թուրքիայի բացահայտ աջակցությամբ պատերազմ սկսեց Լեռնային Ղարաբաղի հայության դեմ՝ այդ ընթացքում թույլ տալով ռազմական հանցագործություններ, թիրախավորելով խաղաղ բնակչությանը, ենթակառուցվածքները: Արդյունքում հաստատվեց հրադադարի ռեժիմ, բայց Ադրբեջանը շարունակում է մինչ օրս խախտել միջազգային մարդասիրական օրենքի նորմերը, Ժնեւյան կոնվենցիայի դրույթները՝ ազատ չարձակելով հայ ռազմագերիներին: Մեզ համար սա ծայրահեղ հրատապ խնդիր է եւ մեր բոլոր միջազգային գործընկերները, առաջնորդվելով մարդասիրական մղումներով, պետք է անհապաղ միջամտեն այս հարցին»,- ընդգծել է ԱԺ նախագահը:
Ըստ խորհրդարանի ղեկավարի՝ Արցախի անվտանգության ապահովման երաշխիքը ինքնորոշման ճանաչումն է: Ինչ վերաբերում է հակամարտության վերջնական լուծմանը, ըստ Միրզոյանի, դրան հնարավոր է հասնել խաղաղ բանակցությունների միջոցով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափով:
Ջոն Գալագերը նշել է, որ Միացյալ Թագավորությունը հետաքրքրված է տարածաշրջանում կայուն խաղաղության պահպանմամբ:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ հունիսին 20-ին նախատեսվող արտահերթ խորհրդարանական ընտրություներին: ԱԺ նախագահը վստահեցրել է, որ իշխանությունն ամեն ջանք գործադրելու է միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխան ընտրություններ անցկացնելու համար: