ԵԽ նախագահը շեշտել է Ադրբեջանի կողմից հայ գերիների ազատ արձակման կարևորությունը. Միշելի հայտարարությունը

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ եռակողմ հանդիպմանը շեշտել է Ադրբեջանի կողմից հայ գերիների ազատ արձակման կարևորությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումից հետո Շառլ Միշելի արած մամուլի հայտարարությունում:

«Ինչպես պայմանավորվել էինք մայիսին մեր վերջին հանդիպմանը, ես այսօր հյուրընկալել եմ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Սա մեր չորրորդ քննարկումն էր այս ձևաչափով։ Մեր քննարկումները կենտրոնացած էին Հարավային Կովկասի վերջին զարգացումների և ԵՄ-ի ու 2 երկրների հարաբերությունների ուղղությամբ»,-նշել է Միշելը:

ԵԽ նախագահի գնահատմամբ՝ իրենց քննարկումները եղել են բաց և արդյունավետ, այսպիսով նա իր շնորհակալությունն է  հայտնել երկու երկրների ղեկավարներին:

Միշելը նաև նշել է. «Այսօր մենք համաձայն ենք ակտիվացնել բովանդակային աշխատանքը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունները կարգավորող խաղաղության պայմանագրի առաջխաղացման ուղղությամբ և հանձնարարել ենք արտգործնախարարներին հանդիպել մեկ ամսվա ընթացքում՝ աշխատելու տեքստերի նախագծերի վրա»:

ԵԽ նախագահը հայտնել է, որ մանրամասն քննարկում են ունեցել նաև հումանիտար հարցերի՝ այդ թվում՝ ականազերծման, գերեվարվածների և անհետ կորածների ճակատագրի շուրջ։ «Նախագահ Միշելը Ադրբեջանին ընդգծել է հայ գերեվարվածների հետագա ազատ արձակման կարևորությունը։ ԵՄ-ն կշարունակի զբաղվել այս հարցերով»,-ասված է հայտարարությունում:

Շառլ Միշելը հայտարարությունում անդրադարձել է նաև սահմանազատման հարցերին՝ նշելով՝ քննարկել են, թե ինչպես լավագույնս ապահովել կայուն իրավիճակ: «Մենք պայմանավորվեցինք, որ սահմանային հանձնաժողովների հաջորդ հանդիպումը կկայանա նոյեմբերին Բրյուսելում»,- նշել է ԵԽ նախագահը:

Եռակողմ հանդիպմանը քննարկվել է նաև տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցը. «Ես կցանկանայի ընդգծել, որ կարևոր է երկու կողմերի բնակչությանը պատրաստել երկարաժամկետ կայուն խաղաղության»:

Միշելն այս առումով կարևորել է հանրային ուղերձները՝ ընդգծելով, որ ԵՄ-ն պատրաստ է հետագայում էլ ուժեղացնել իր աջակցությունը երկարաժամկետ կայուն խաղաղության հաստատմանը: ԵՄ-ն նաև կշարունակի ջանքեր գործադրել տնտեսական զարգացման համար՝ ի շահ երկու երկրների և դրանց բնակչության:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել եռակողմ այդ ձևաչափով կրկին հանդիպել մինչև նոյեմբերի վերջ։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արցախի ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանը կալանավորվեց

Հաջորդը

Հնարավոր նոր լուծումներն էլ ակնհայտ չեն․ Նիկոլ Փաշինյանը՝ Բրյուսելի հանդիպման մասին

Առնչվող նյութեր
Դիտել

Այսօր Մյունխենում Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը միասին կմասնակցեն պանելային քննարկմանը

Այսօր երեկոյան Մյունխենում տեղի կունենա պանելային քննարկում Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի, Իրակլի Ղարիբաշվիլիի ու ԵԱՀԿ ԳՔ Հելգա Մարիա…
Դիտել

Նախորդ տարիների համեմատ ունենալու ենք ավելի տաք և չոր դեկտեմբեր. Գագիկ Սուրենյան

Հանրապետության ամբողջ տարածքում այս տարի կդիտվի տաք և չոր դեկտեմբեր: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին  ասաց Շրջակա միջավայրի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share