Ես երբեք ժողովրդի թիկունքում գաղտնի գործարքների չեմ գնացել. Լեւոն Տեր-Պետրոսյան

Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն անդրադարձել է Սերժ Սարգսյանին եւ Ռոբերտ Քոչարյանին ուղղված միավորման մասին իր հայտարարության արձագանքներին։

«Ռոբերտ Քոչարյանի կողմից իմ առաջարկի կտրուկ մերժումից հետո, ս.թ. մայիսի 1-ին հանդիպել եմ Սերժ Սարգսյանի հետ՝ նրան առաջարկելով՝ ընտրություններին մասնակցել ՀԱԿ-ՀՀԿ դաշինքով և հանդես գալ իմ կողմից շարադրված հայտարարությամբ: Անշուշտ այդ ձևաչափը նույն արդյունավետությունը չէր ունենա, ինչ չիրականացած եռակողմ դաշինքը: Չիրականացավ նաև իմ երկրորդ առաջարկը, քանի որ այն մերժվեց Սարգսյանի կողմից: Այդուհանդերձ, նպատահարմար եմ համարում հանրությանը ներկայացնել նաև այդ հայտարարության տեքստը:

ՀՀ նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի և Սերժ Սարգսյանի հայտարարությունը  

Նկատի ունենալով՝

• պատերազմից հետո մեր ժողովրդի հոգեկան հավասարակշռության վերականգնման հրատապ անհրաժեշտությունը,

• ներքաղաքական գերլարված իրավիճակի շուտափույթ լիցքաթափման, ատելության խոսքի հետագա խորացումից և բախումներից խուսափելու հրամայականը,

• իր եռամյա գործունեության ընթացքում պետական կառավարման բոլոր բնագավառներում լիովին ձախողված իշխանության՝ ամեն գնով վերարտադրվելու հիվանդագին ձգտումն ու դրա ակնհայտ կործանարար հետևանքները,

• ՀՀ երկրորդ նախագահի՝ ոչ այնքան երկրի շահերով, որքան զուտ ռևանշիստական մղումներով ձևավորած դաշինքի նպատակադրությունը,

• ինչպես նաև, Հայաստանում պահի պահանջները բավարարող նոր իշխանության ձևավորման և հանրային համերաշխության համազգային սպասումը,

Հայտարարում ենք՝ որ անկախ նախկինում մեր ունեցած սկզբունքային տարաձայնություններից և սուր հակասություններից, գիտակցելով մեր պատասխանատվությունը երկրի ճակատագրի հանդեպ, անձնապես չհավակնելով իշխանության նոր ձևավորվելիք համակարգում որևէ պաշտոն զբաղեցնելու, առաջիկա ընտրություններին մենք մասնակցելու ենք մեզ սատարող քաղաքական ուժերից, հասարակական կազմակերպություններից և հեղինակավոր մտավորականներից կազմված «Ազգային համաձայնության դաշինք» անվանումը կրող ցուցակով: Համոզված ենք, որ այս նախաձեռնությունը դրական արձագանքի կարժանանա ողջ հայության և միջազգային հանրության կողմից։

Ընտրական գործընթացի սկզբնավորման պաշտոնական հայտարարումից և դաշինքի ցուցակի հրապարակումից հետո հանդես կգանք մամլո ասուլիսով։

Երկրի քաղաքական կյանքում անձամբ մեր երկուսի ապագա դերակատարությունը պատկերացնում ենք բացառապես միջազգային հարաբերությունների և անվտանգության ոլորտներում վարչապետի կողմից հասարակական հիմունքներով նշանակված խորհրդականների կարգավիճակում։  

Լևոն Տեր-Պետրոսյան

Սերժ Սարգսյան Երևան,

1 մայիսի 2021թ.

Թե՛ եռակողմ, թե՛ երկկողմ հայտարարությունների գաղտնազերծմամբ ես հետապնդում էի ընդամենը մեկ նպատակ. այն է՝ հասարակական ճնշում բանեցնել երկրորդ և երրորդ նախագահների վրա, իմ պատկերացրած դաշինքի իրականանալիությունը դեռևս բացառված չհամարելով: Դատելով իմ նախորդ հրապարակման արձագանքներից, ես համարում եմ, որ մասամբ հասել եմ իմ նպատակին: Բազմաթիվ քաղաքական գործիչներ, վերլուծաբաններ, լրագրողներ, մտավորականներ, որոնք երբեք իմ համակիրը չեն եղել, ողջունել են այս նախաձեռնությունը: Վստահ եմ, որ նույնպիսի արձագանքի կարժանանա նաև այս հրապարակումը:

Անկարևոր չեմ համարում ուշադրություն հրավիրել նաև մի ուրախալի երևույթի վրա: Առաջին անգամ մեր երկրում մենք ականատես ենք դառնում իրական քաղաքական բանավեճի, ինչին ինձ չհաջողվեց հասնել 1997 թվականին հրապարակած «Պատերազմ, թե խաղաղություն» հոդվածի պարագայում:

Ինչ ուզում է ասեն, փաշինյանական հանցավոր և ազգակործան վարչախմբի վերարտադրման վտանգի կանխման և նորանոր աղետներից խուսափելու միակ միջոցն այս պահին էլ հանրապետության երեք նախկին նախագահների դաշինքը կլիներ: Այլապես մեզ սպառնում են վարչական, ֆինանսական, քրեական ռեսուրսների համատարած օգտագործմամբ ուղեկցվող կատաղի ընտրություններ, որոնց արդյունքը Հայաստանի և Արցախի համար կարող է ավելի աղետաբեր լինել, քան վերջին պատերազմում կրած նվաստացուցիչ պարտությունը:

Վերջում, ուզում եմ արձագանքել իմ հասցեին հնչող մի բարոյական կշտամբանքի, թե ես, գաղտնազերծելով նման փաստաթղթեր, խախտել եմ խորհրդապահության պայմանը: Հայտնում եմ, որ նախ՝ չհրապարակելու պայմանավորվածություն չի եղել, և երկրորդ՝ որպես սկզբունք, ես երբեք ժողովրդի թիկունքում գաղտնի գործարքների չեմ գնացել:

Պարտք եմ համարում նաև տեղեկացնել, որ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը ոգևորված են եղել եռակողմ դաշինքի գաղափարով և մեծ ջանքեր են գործադրել դրա իրականացման ուղղությամբ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Վերականգնվում է Մ-1-Ներքին Սասնաշեն-Մեծաձոր մոտ 9.8 կմ երկարությամբ ճանապարհահատվածը

Հաջորդը

Սերժ Սարգսյանը հաստատում է խորհրդարանական ընտրություններին դաշինքով մասնակցելու վերաբերյալ ՀՀ առաջին նախագահի առաջարկի մերժումը

Առնչվող նյութեր
Դիտել

Բարձր եմ գնահատում Ձեր սկզբունքային դիրքորոշումը․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի օրը, նամակ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենին՝ երախտագիտություն…
Դիտել

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական…
Դիտել

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Առաջիկա օրերին ԼՂ-ում այլևս հայ չի մնա. Նիկոլ Փաշինյան

Վերլուծությունը ցույց է տալիս, որ առաջիկա օրերին ԼՂ-ում այլևս հայ չի մնա». հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share