Թալիշում Ալիևի ելույթն այլ կերպ, քան ագրեսիվ՝ դժվար է որակել․ Փաշինյան

Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման 100-րդ օրն Ադրբեջանը նշանավորեց ԼՂ-ի բնական գազի մատակարարման 13-րդ անջատումով: Այս մասին այսօրվա Կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանն անդրադարձել է նաև Թալիշում Ալիևի ելույթին.

«Սրան նախորդեց Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտման ենթարկված Թալիշ գյուղում Ադրբեջանի ղեկավարի ունեցած ելույթը, որն այլ կերպ, քան ագրեսիվ՝ դժվար է որակել: Թալիշ գյուղում տեղի ունեցածն Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտման և ցեղասպան քաղաքականության հիմնավոր ապացույց է: 44-օրյա պատերազմի հետևանքով հայաթափված այդ գյուղում սեփականության իրավունքով հայերին պատկանող տները քանդում է Ադրբեջանը և նրանց փոխարեն կառուցում՝ ադրբեջանցիների համար նախատեսված տներ: Այն, ինչի մասին ահազանգում էինք երկար ժամանակ, ահա՝ այլևս իրականություն է: Ադրբեջանի ղեկավարությունը ցույց է տալիս ԼՂ-ի հայության իրավունքների և անվտանգության երաշխավորման կամ «ինտեգրացիայի» իր մոդելը: Սեփականության իրավունքով հայերին պատկանող տները քանդել, դրանց փոխարեն կառուցել ադրբեջանցիների համար նախատեսված տներ, զուգահեռ հինավուրց հայկական կոթողների վրայից ջնջել հայերեն արձանագրությունները և հարցը համարել լուծված: Այս գործողություններն ապօրինի են և բացահայտ կերպով հակասում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ  հայտարարության 7-րդ կետին, որտեղ ասվում է՝ ներքին տեղահանված անձինք և տեղահանվածները վերադառնում են ԼՂ-ի տարածք և հարակից շրջաններ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձանակատարի վերահսկողության ներքո: Սա նշանակում է, որ մարտի 18-ը պետք է նշանավորվեր հայ բնակչության Թալիշ վերադառնալով և ոչ թե նրանց տները քանդելու վանդալային ակտով»,- նշել է վարչապետը։

Վարչապետի խոսքով Ադրբեջանի ղեկավարության այս գործողություններին հետևեց ԼՂ-ից և հարակից շրջաններից բռնագաղթած մեր հայրենակիցների հայտարարությունը.

Ըստ վարչապետի նրանք 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ  հայտարարությունը ստորագրած երկրների ղեկավարներից ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձանակատարից պահանջում են ապահովել ԼՂ-ից և հարակից շրջաններից բռնագաղթված հայերի անվտանգ և ապահով վերադարձն իրենց պատմական հողեր և նախկին բնակավայրեր՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ  հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների մարդու և մարդասիրական իրավունքի:

«Որպես  նշված հայտարարության հասցեատերերից մեկը ուզում եմ հստակ ընդգծել, որ մեր պահանջն արդարացի եմ համարում և ՀՀ կառավարությունը պետք է ձեռնարկի բոլոր քաղաքական և դիվանագիտական միջոցները՝ հայտարարության հեղինակների և շահառուների իրավունքները պաշտպանելու համար: Ադրբեջանի ղեկավարի մարտի 18-ին ունեցած ելույթից կարելի է մեկ ուղերձ դուրս բերել: Նա բառացի ասաց, թե Հայաստանը պետք է ընդունի Ադրբեջանի պայմանները և համաձայնի Ադրբեջանի պայմաններով դելիմիտացիա իրականացնել, հակառակ դեպքում ոչ մի խաղաղության պայմանագիր չի լինելու: Սա այլ կերպ, քան ագրեսիայի ակտ ՀՀ-ի նկատմամբ և բարձրագույն մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կոպիտ ոտնահարում, դժվար է որակել: 2022 թվականի հոկտեմբերի 6-ի քառակողմ հանդիպման արդյունքներով ընդունված հայտարարության մեջ ասվում է՝ Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրին և իրենց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը: Նրանք հաստատեցին, որ դա հիմք կհանդիսանա սահմանազատման հարցերով հանձնաժողովների աշխատանքների համար: Նմանատիպ մի հայտարարություն էլ ընդունվել է նույն թվականի հոկտեմբերի 31-ին Սոչիում: Այս հայտարարություններից հետո Ադրբեջանը շարունակաբար խոսում է ինչ-որ պատմական քարտեզների վրա դելիմիտացիա անելու մասին, որը բացարձակապես անընդունելի է՝ այն պարզ պատճառով, որ հակասում է բարձրագույն մակարդակում ձեռք բերված գրավոր պայմանավորվածություններին: Պայմանավորվածությունները խախտելու Ադրբեջանի այս գործելակերպն է պատճառը, որ մենք շարունակում ենք պնդել, որ թե Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի, և թե ԼՂ-ի ժողովրդի անվտանգության և իրավունքների հարցով Ստեփանակերտ-Բաքու ֆորմատում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման համար հուսալի միջազգային մեխանիզմներ են հարկավոր»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ատեստավորման համակարգ կներդրվի նաև ՆԳՆ փրկարար ծառայությունում

Հաջորդը

Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը շախմատի ԵԱ-ի առաջատարներին զիջում են կես միավոր

Առնչվող նյութեր
Դիտել

Կրեմլը մեկնաբանել է Բաքվի հայտարարությունը

Ղարաբաղում «Իսկանդերներ» չեն կիրառվելԼեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում «Իսկանդեր» հրթիռային համալիրները չեն կիրառվել, Կրեմլը տեղեկություններ չունի, թե որտեղից կարող…
Դիտել

ԵԽ բանաձև. ԵԱՀԿ խաղաղապահներ ուղարկել Լեռնային Ղարաբաղ, դատապարտել Ռուսաստանի ապակառուցողական դերը

Եվրոպայի խորհրդարանը բանաձև է ընդունել, որում Բաքվին կոչ է անում բացել Լաչինի միջանցքը, դատապարտում է ռուս խաղաղապահների անգործությունը…
Դիտել

Ճանապարհները պետք է լինեն այն երկրների սուվերենության ներքո՝ որոնցով անցնում են․ Արարատ Միրզոյան

Այն, ինչ կա Հայաստան-Ադրբեջան բանակցային սեղանին, բավական հրապարակային ու թափանցիկ է; Այս մասին ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share