ՀՀ-ն մեծապես գնահատում է Արցախի դեմ ագրեսիայի առնչությամբ Ուրուգվայի սկզբունքային դիրքորոշումը․ Արմեն Գրիգորյան

Հաջորդ տարի Հայաստանը և Ուրուգվայը նշելու են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Այդ համատեքստում մենք այսօր բովանդակալից զրույց ունեցանք անցյալի ձեռքբերումների, ներկա հնարավորությունների ու ապագա հեռանկարների մասին: Այս մասին նշել է ՀՀ ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանը՝ Ուրուգվայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆրանսիսկո Բուստիժոյի հետ համատեղ հայտարարության շրջանակներում։

«Իհարկե, բարեկամ Ուրուգվայի հետ մեր ավանդական համագործակցությունը, հայ և ուրուգվայցի  ժողովուրդների կապերն առավել ընդգրկուն պատմություն ունեն։ Մենք հիշում ենք, որ Ուրուգվայն առաջին պետությունն էր, որը 1965թ․ պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, ինչով վերահաստատեց համամարդկային արժեքների և մարդու հիմնարար իրավունքների ջատագովի իր համբավը:

Գիտեք նաև, որ Ցեղասպանությունից փրկված բազմաթիվ հայեր ապաստան են գտել Ուրուգվայի հյուրընկալ հողում։ Իսկ ուրուգվայահայ համայնքը, որը մշտապես եղել է Ուրուգվայի պետության հոգածության ներքո, իր ավանդն է բերում այդ երկրի զարգացման գործում՝ մեր երկրների հարաբերություններում կատարելով նաև յուրօրինակ կամրջի դեր։

Հայաստանը մեծապես գնահատում է 2020 թվականի աշնանը Արցախի դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիայի առնչությամբ Ուրուգվայի սկզբունքային դիրքորոշումը։ Ի թիվս այլոց, երկրի օրենսդիր մարմինը դատապարտել է ղարաբաղյան հակամարտությունում Թուրքիայի կողմից վարձկանների ներգրավումը և Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտման և քաղաքացիական ենթակառուցվածքների ռմբակոծման դեպքերը։

Այս ամենը հաստատում է, որ չնայած Հայաստանը և Ուրուգվայը աշխարհագրորեն հեռու են, սակայն հայերի և ուրուգվայցիների միջև շարունակաբար ամրապնդվող արժեքային և աշխարհընկալման կապը հնարավորություն է տալիս հաղթահարելու մեզ բաժանող հազարավոր կիլոմետրերի հեռավորությունը: 

Հարգելի՛ գործընկերներ,

Ցավոք, Արցախի ժողովրդի ինքնորոշման և գոյության իրավունքի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքները դեռևս ամբողջովին չեն հաղթահարվել։ Հայաստանը և Արցախը բախվում են անվտանգային խնդիրների, դեռևս չեն հայրենադարձվել հայ ռազմագերիները և քաղաքացիական պատանդները։ Այս պարագայում մենք շարունակում ենք ապավինել մեր բարեկամ երկրների և, իհարկե, Ուրուգվայի համերաշխության վրա։

Այսօրվա մեր հանդիպման ժամանակ գոհունակությամբ արձանագրեցինք, որ հայ-ուրուգվայական հարաբերությունները դինամիկ զարգանում են։ Հաճախակի են փոխայցելությունները, տարբեր մակարդակի շփումները՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում։ Սերտորեն համագործակցում ենք միջազգային կառույցների շրջանակներում, և մեր տեսակետները համաշխարհային օրակարգի կարևոր հարցերի շուրջ հիմնականում համընկնում են։ 

Միջխորհրդարանական կապերն ավանդաբար ակտիվ են եղել և մեծ տեղ են զբաղեցրել մեր հարաբերություններում: Զրույցի ընթացքում կարևորեցինք երկու երկրների խորհրդարաններում բարեկամական խմբերի գործունեությունը:

Մենք համակարծիք ենք, որ տնտեսական ոլորտում առկա է չիրացված մեծ ներուժ և պատրաստակամ ենք ձեռնարկելու գործնական քայլեր՝ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունը խթանելու համար: Հատկապես կառանձնացնեի տեղեկատվական տեխնոլոգիաների, բանկային գործի, ջրային ռեսուրսների կառավարման և վերականգնվող էներգիայի ոլորտները: Այս առումով նշեմ, որ պարոն Բուստիժոն ունենալու է մի շարք հանդիպումներ, որոնց ընթացքում առարկայական կքննարկվեն տնտեսական փոխգործակցության զարգացման հարցերը»,- նշել է Գրիգորյանը։ 

Արմեն Գրիգորյանը նաեւ ընդգծել է, որ Հայաստանի եւ Ուրուգվայի միջև գործում է մուտքի՝ առանց վիզաների ռեժիմ, որը լրացուցիչ գործիք է գործարարների շփումների ակտիվացման և զբոսաշրջային այցերի քանակի մեծացման համար: 

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ԱՄՆ պետքարտուղարության և պաշտպանության դեպարտամենտի համատեղ հայտարարությունը Աֆղանստանի վերաբերյալ

Հաջորդը

Երևանում բացվել է Մահաթմա Գանդիի արձանը

Առնչվող նյութեր
Դիտել

Հայկական կողմը շահագրգռված է խթանել քաղաքական երկխոսությունը Նորվեգիայի հետ. Ալեն Սիմոնյան

Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 18-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Նորվեգիայի արտաքին գործերի նախարար…
Դիտել

ՌԴ ռազմական ոստիկանությունը պարեկություն է իրականացնում Լաչինի միջանցքում

Ռուսաստանի խաղաղապահները շարունակում են վերահսկել հրադադարի ռեժիմի պահպանումը և ապահովել տրանսպորտային միջոցների անվտանգ տեղաշարժն Արցախում, նաև Լաչինի միջանցքի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share