ՀՀ ԱԳՆ հայտարարությունը

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի երկրորդ տարելիցի կապակցությամբ

Երկու տարի առաջ՝ սեպտեմբերի 27-ին, Ադրբեջանը, բացահայտորեն արհարմարհելով ՄԱԿ-ի կանոնադրությունն ու Հելսինկյան եզրափակիչ ակտը, լայնածավալ պատերազմ սանձազերծեց Լեռնային Ղարաբաղի և նրա ժողովրդի դեմ։

Այսօր մենք ևս մեկ անգամ գլուխ ենք խոնարհում և ոգեկոչում 44-օրյա պատերազմում ընկած մարտիկների հիշատակը, ովքեր պայքարեցին մեր հայրենակիցների առաջ ծառացած գոյութենական վտանգը կանգնեցնելու համար։

Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմն արցախահայությանն էթնիկ զտումների ենթարկելու, իր պատմական հայրենիքում ազատ և անվտանգ ապրելու ու արարելու իրավունքից զրկելու, և ըստ այդմ՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը ուժի կիրառմամբ լուծելու Ադրբեջանի պետական քաղաքականության հանցավոր դրսևորում էր։ Այդ մասին են վկայում ինչպես պատերազմից առաջ և ընթացքում, այնպես էլ հետպատերազմյան շրջանում Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության չդադարող ռազմատենչ, առավելապաշտական, հայատյաց հայտարարությունները։

44-օրյա պատերազմի ողջ ընթացքում ադրբեջանական զինված ուժերն իրականացրել են միջազգային մարդասիրական և մարդու իրավունքների կոպտագույն խախտումներ, պատերազմական հանցագործություններ և զանգվածային այլ ոճրագործություններ՝ հրթիռահրետանային և օդային հարվածներով, այդ թվում՝ արգելված զինատեսակների կիրառմամբ, միտումնավոր թիրախավորելով խաղաղ բնակչությանը, քաղաքացիական ենթակառուցվածքներ, բնակավայրեր և մշակութային հուշարձաններ։ Անմարդկային վերաբերմունքի և խոշտանգումների, արտադատական սպանությունների են ենթարկվել գերության մեջ հայտնված հայ զինծառայողներն ու քաղաքացիական անձինք։

Դեռևս չլուծված են մնում բազմաթիվ հումանիտար խնդիրներ. Ադրբեջանը շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց, Ղարաբաղյան առաջին և 44-օրյա պատերազմների հետևանքով հարյուրավոր անհայտ կորածների և բռնի անհետացածների ճակատագրեր մնում են չպարզված:

Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում այսօր էլ շարունակվում է հայկական հոգևոր ու պատմամշակութային ժառագության ոչնչացման և ինքնության խեղաթյուրման հետևողական քաղաքականությունը։ Այս ոճրագործությունների վերաբերյալ իր հստակ գնահատականն է տվել ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանը՝ գտնելով, որ «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի շրջանակներում առկա է ազգությամբ հայերի իրավունքներին անդառնալի վնաս հասցնելու անմիջական վտանգ։ Այս պարագայում առավել քան հրատապ է միջազգային համապատասխան մարդասիրական կառույցների անարգել մուտքը և գործունեության ապահովումը Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ։

Ոգեշնչված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ սանձազերծած ագրեսիայի և իրականացրած հանցագործությունների նկատմամբ միջազգային հանրության ոչ պատշաճ արձագանքով՝ 2021թ․ մայիսի 12-ին, 2021թ․ նոյեմբերի 16-ին և 2022թ․ սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինված ուժերը լայնածավալ ռազմական ագրեսիայի են դիմել արդեն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան և միջազգայնորեն ճանաչված տարածքի նկատմամբ։

Ուժի կիրառման և մարդու իրավունքների զանգվածային խախտումների արդյունքում ձևավորված իրողությունները և հետպատերազմյան շրջանում Ադրբեջանի կողմից Հայաստանի և Արցախի նկատմամբ իրականացվող շարունակական ռազմական ագրեսիաները խաթարում են տարածաշրջանային կայունության և անվտանգության հաստատման ջանքերը:

Այսօր էլ ուժի կիրառման և ուժի կիրառման սպառնալիքի գործադրմամբ Ադրբեջանը փորձում է կյանքի կոչել իր առավելապաշտական նկրտումները՝ մերժելով անգամ Լեռնային Ղարաբաղի՝ որպես տարածքային միավորի, և Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոյության փաստը:

Հայաստանի Հանրապետությունը կտրականապես մերժում է ուժի կիրառման և ուժի կիրառման սպառնալիքի միջոցով խնդիրների լուծման մոտեցումը և վերահաստատում է իր հանձնառությունը՝ խաղաղ բանակցությունների միջոցով տարածաշրջանում տևական և համապարփակ խաղաղության և կայունության հաստատմանը։

https://www.mfa.am/hy/interviews-articles-and-comments/2022/09/27/mfa.stmnt/11654
Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Քարտեզների վերանայման բոլոր փորձերը կձախողվեն․ Հունաստանի ԱԳՆ

Հաջորդը

Երկրաշարժ Թուրքիայում. ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Առնչվող նյութեր
Դիտել

ՔՊ-ն հատուկ սրում է «նախկին-ներկա» հակամարտությունը՝ իշխանությունը պահելու համար․ Խզմալյան

Տավուշում լուծվում է ոչ թե արտաքին, այլ ներքին քաղաքական հարց։ Այս մասին գրել է Հայաստանի Եվրոպական կուսակցության ղեկավար…
Դիտել

Դատախազությունը Տարոն Մարգարյանից մի քանի անշարժ գույք և դրամական միջոցներ բռնագանձելու պահանջ է ներկայացրել

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ ԱԺ պատգամավոր, Երևանի նախկին…
Դիտել

Իրանի նախագահը սեպտեմբերին կմեկնի Նյու Յորք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համար

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին պլանավորում Է սեպտեմբերին մեկնել Նյու Յորք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային (ԳԱ) մասնակցելու համար: Ինչպես տեղեկացնում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share