Դեկտեմբերի 18-ին կատարվել է խաղաղության և զորակցության աղոթք հանուն Արցախի

Դեկտեմբերի 18-ին Սուրբ Գայանե վանքում հավարտ Սուրբ և Անմահ Պատարագի, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվել է խաղաղության և զորակցության աղոթք հանուն Արցախի։

Հընթացս արարողության Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը և ներկա հավատացյալ ժողովուրդն աղոթք վերառաքեցին առ Աստված Հայաստան ու Արցախ մեր հայրենիքի խաղաղության և համայն հայ ժողովրդի անվտանգ ու ապահով կյանքի համար։

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր պատգամն է հղել արցախցիներին և համայն հայությանը՝ ի մասնավորի ընդգծելով․

«Այս օրերին վերստին վրդովված ու մտահոգ սրտերով ամենքիս հայացքները ուղղված են դեպի հայոց Արցախ աշխարհը։ Արդեն յոթ օր Ադրբեջանի իշխանությունները ակնհայտ սադրիչ գործողություններով և կեղծ պատճառաբանություններով փակ են պահում Արցախի՝ Հայաստանի և աշխարհի հետ կապի միակ ճանապարհը՝ մատնելով արցախցիներին հումանիտար աղետի: Արգելափակված 120․000 արցախցի մեր քույրեր ու եղբայրներ զրկված են ազատ տեղաշարժի հնարավորությունից, բազմաթիվ հիվանդներ՝ անհրաժեշտ բուժօգնությունից, Արցախի հանրապետությունը՝ կենսական մատակարարումներից»:

Նորին Սրբությունը, անդրադառնալով ողբերգական այս իրողություններին, նշել է․

«Այսօր Ադրբեջանը վախի ներշնչման միջոցով փորձում է հայաթափել Արցախը: Անհնար է երևակայել, որ մարդուն և նրա արժանապատիվ ու ազատ կյանքը բարձրագույն արժեք հռչակած ներկա աշխարհում հնարավոր է, որ տեղ գտնեն և հանդուրժվեն հակամարդկային նմանօրինակ դրսևորումներ մի ողջ ժողովրդի նկատմամբ»։

Վեհափառ Հայրապետը, նկատելով, որ միայն դատապարտության խոսքերը բավարար չեն զսպելու Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումները և կասեցնելու վերջինիս թշնամական ընթացքը, ընդգծել է, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին շարունակելու է ջանքեր գործադրել, որպեսզի միջազգային հանրությունը, բարեկամ պետությունները, քրիստոնեական քույր Եկեղեցիները, միջազգային և միջեկեղեցական կազմակերպությունները հնարավոր աջակցություն ու զորակցություն ապահովեն Արցախին և Արցախի հայ ժողովրդի զավակներին:

Դիմելով արցախցիներին՝ Հայոց Հայրապետն նշել է․

«Սիրելի արցախցիներ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից մեր աղոթքներն ու զորակցությունն ենք բերում ձեզ: Ազատ, անկախ և անվտանգ ապրելու ձեր արդար պահանջի մեջ ազգս հայոց միասնական է: Շարունակեք մնալ աննկուն, հավատով ամուր և ապրեք ամենօրյա մեծ և փոքր հաղթանակների լավատեսությամբ: Արիաբար պիտի դիմակայենք մեզ պատուհասած բոլոր արհավիրքները, որպեսզի Արցախը ապրի արցախցու ոգով, ծնունդ առնող մանուկների ճիչերով, հայկական հարուստ վկայություններով, պատմական շեներով ու բազմադարյա սրբավայրերով»:

Նորին Սրբությունը հորդորով դիմել է նաև Հայաստանում և սփյուռքում ապրող հայորդիներին․ «Արցախը և արցախահայության իրավունքների պաշտպանությունը մեր ժողովրդի արժանապատվության հարցն է։ Այն արժանապատվության հարցն է յուրաքանչյուր հայի, ուր էլ որ նա ապրի՝ Հայաստանում, թե սփյուռքում։ Արցախի մեր ժողովուրդը կարիքն ունի ամեն մեկիս ուշադրության և աջակցության։ Արցախահայության հիմնախնդիրների կարգավորումը անսակարկ առաջնահերթություն է և չի կարող փոխարինվել որևէ այլ մտահոգությամբ։ Գիտակցենք, որ Արցախը մեր հայրենիքն է, Հայաստանի ու Արցախի շահերը՝ նույնական, իսկ Արցախի անվտանգությունը անքակտելիորեն կապված է Հայաստանի անվտանգությանը։

Հայրապետական Մեր պատգամն ենք բերում համայն մեր ժողովրդին՝ թոթափել անտարբերության ցանկացած դրսևորում, լինել առավել վճռական ու գործուն՝ միահամուռ ջանքերով ու պատասխանատվությամբ հետամուտ լինելու և աջակցելու արցախահայության իրավունքների, Արցախի ազատ ու անկախ կյանքի պաշտպանությանը։ Սա ազգային մեր ինքնության պահպանության պայքար է»։

Նորին Սրբությունը մաղթել է, որ Տիրոջ բարեգութ կամքով Հայաստանում և Արցախում հաստատվի հարատև արժանապատիվ խաղաղություն՝ ի բարօրություն սրբազան մեր հայրենիքի և աստվածասեր ժողովրդի։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

614 ընկերություն 42 մլրդ դրամի սարքավորումներ և հոսքագծեր է ձեռք բերել․ Քերոբյան

Հաջորդը

Արցախում տնտեսվարողներին զգուշացվել է դադարեցնել պայթուցիկ նյութերի վաճառքը

Առնչվող նյութեր
Դիտել

Նիդերլանդները պատրաստ է աջակցել Հայաստանին՝ դատաիրավական ոլորտում սկսած բարեփոխումներն իրականացնելու աշխատանքներում

Հայաստան-Նիդերլանդներ գործակցության հարցերն այսօր քննարկել են արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը և Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկո…
Դիտել

Զրո հանդուրժողականություն՝ ապօրինի վարքագծի նկատմամբ. Ա. Փամբուխչյան

Արտակարգ իրավիճակների նախարարությունում ապրիլի 14-ին նորանշանակ նախարար Արմեն Փամբուխչյանի գլխավորությամբ տեղի է ունեցել առաջին խորհրդակցությունը: Մասնակցել են կառուցվածքային…
Դիտել

Ատեստավորման արդյունքում զինծառայողների աշխատավարձը կկրկնապատկվի

Կառավարության որոշմամբ սահմանվեցին պայմանագրային զինծառայողների ատեստավորման արդյունքների գնահատման նոր ձևաչափը, ստացած գնահատականների հիման վրա հավելավճարների նոր չափերը, ինչպես…
Դիտել

Արման Թաթոյանն առաջարկում է զինծառայողների բժշկական հետազոտությունները կատարել առաջնահերթ և փոխել օրենքը

Զինծառայողների բժշկական հետազոտություններն անհրաժեշտ է կատարել առաջնահերթ և փոխել օրենքը. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի Տարեկան հաղորդում «Ի տարբերություն…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share