Մենք ցանկանում ենք, որ Լաչինի միջանցքն ունենա լրացուցիչ միջազգային երաշխիքներ․ Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 5-ին աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիայի Հանրապետություն:

Դեկտեմբերի 6-ին տեղի են ունեցել պատվիրակության հանդիպումները Ֆրանսիայի Հանրապետության Սենատի բոլոր խորհրդարանական խմբերի ղեկավարների և Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների պատասխանատուների հետ։

Հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, Արցախ-Ֆրանսիա կապերին և տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել միջխորհրդարանական կապերի զարգացմանը:

Խոսելով Ֆրանսիայի, մասնավորապես, նրա օրենսդիր մարմնի հետ հարաբերությունների զարգացման հարցում Արցախի շահագրգռվածության մասին՝ նախագահը բարձր է գնահատել Սենատի և Ազգային ժողովի հետևողական ջանքերը՝ ուղղված ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը:

«Ֆրանսիայի Սենատի և Ազգային ժողովի կողմից Արցախի վերաբերյալ ընդունված բանաձևերը լավ հիմք են Արցախի և Ադրբեջանի միջև հակամարտության համապարփակ և հաստատուն կարգավորման համար։ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարգումը և այդ իրավունքի իրացման արդյունքների ճանաչումը հակամարտության կարգավորման միակ ճանապարհն է, որը երաշխավորում է Արցախի ժողովրդի իրավունքների և անվտանգության պատշաճ մակարդակի ապահովումը»,- ընդգծել է Արայիկ Հարությունյանը։

Շնորհակալություն հայտնելով  խորհրդարանականներին բանաձևերի ընդունման համար՝ երկրի ղեկավարը նշել է, որ այդ որոշումները քաղաքական ուղերձ են և լիովին համապատասխանում են Ֆրանսիայի քաղաքական ավանդույթներին՝ հիմնված ազատության, հավասարության և եղբայրության սկզբունքների վրա։ Նախագահի խոսքով՝ հիմա առավել կարևոր խնդիր է այս քաղաքական ուղերձները իրականություն դարձնելը, դրանց իրական ուժ տալը։ Այդ համատեքստում նախագահը հույս է հայտնել, որ Արցախի Հանրապետության ճանաչման ուղղությամբ աշխատանքներն ավարտին կհասցվեն Ֆրանսիայի գործադիր իշխանության կողմից, ինչը թույլ կտա կանխել հայերի նոր ցեղասպանությունն իրենց հայրենիքում:

Երկրի ղեկավարը նաև հույս է հայտնել, որ Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատների կողմից բանաձևերի ընդունումը, որոնցով կոչ է արվում ճանաչել Արցախի Հանրապետությունը, օրինակ կծառայի աշխարհի այլ երկրների համար։

Արայիկ Հարությունյանը ֆրանսիացի խորհրդարանականներին ներկայացրել է նաև Արցախում տիրող հետպատերազմյան իրավիճակը: Մասնավորապես, նա նշել է, որ Արցախը կապված է Հայաստանի և արտաքին աշխարհի հետ միայն մեկ ճանապարհով՝ 5 կմ լայնություն ունեցող Լաչինի միջանցքով:

«Ադրբեջանը ցանկանում է կտրել այդ միակ և վերջին կապը արտաքին աշխարհի հետ՝ խեղդամահ անելով Արցախը: Մենք ցանկանում ենք, որ Լաչինի միջանցքն ունենա լրացուցիչ միջազգային երաշխիքներ Հայաստանի և արտաքին աշխարհի հետ Արցախի կապն անխափան ապահովելու համար», – ասել է նախագահը: 

Արցախը, ըստ երկրի ղեկավարի, ակնկալում է Ֆրանսիայի ակտիվ ներգրավվածությունը նաև մարդասիրական ծրագրերի կյանքի կոչման, գերության մեջ գտնվող հայերի վերադարձման և Ադրբեջանի բռնազավթած տարածքներում վտանգված հայկական հոգևոր-մշակութային ժառանգությունը փրկելու գործում:

Հանդիպումներին ներկա էին նաև Ֆրանսիայում ՀՀ արտակարգ ու լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը և ՀՅԴ բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազյանը։

Այցի ընթացքում նախատեսված են նաև այլ հանդիպումներ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Խիստ անհրաժեշտություն է հստակեցնել Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի աշխարհագրական կոորդինատները

Հաջորդը

Դոնեցկում ռուս զինվորականներ տեղափոխող բեռնատարը բախվել է միկրոավտոբուսին․ 16 մարդ զոհվել է

Առնչվող նյութեր
Դիտել

ՌԴ նախագահի հայտարարությունը որոշակի հույսեր է ներշնչում. Արայիկ Հարությունյան

Ողջունում ենք Հայաստանի վարչապետի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը դեռ սույն թվականի սեպտեմբերի սկզբին համաձայնել է աշխատել Հայաստանի…
Դիտել

Ալեն Սիմոնյանը Վյաչեսլավ Վոլոդինի հրավերով պաշտոնական այց կկատարի Մոսկվա

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինից Մոսկվա պաշտոնական այց…
Դիտել

Մեղադրանքներ են առաջադրվել Լոռու մարզի անտառային ֆոնդի պահպանության համար պատասխանատու ևս 9 պաշտոնատար անձանց

ՀՀ դատախազությունից տեղեկացնում են, որ ապօրինի անտառահատումների դեմ ՀՀ դատախազության որդեգրած կոշտ քրեաիրավական քաղաքականության համատեքստում Լոռու մարզի դատախազությունն…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share