Պետք է ջանքեր գործադրենք, որպեսզի նախընտրական այս շրջանում մեր ժողովուրդը չկանգնի նոր պառակտումների և եղբայրատյացության դրսևորումների առջև․ Գարեգին Բ

Մայիսի 26-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ քահանայից ամենամյա ժողովը, որին մասնակցում էին Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսները, թեմակալ առաջնորդները, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանները, Հայաստանի և Արցախի թեմերում սպասավորող շուրջ 184 եկեղեցականներ: Այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռից։

Մինչ հավաքը հոգևոր դասը, Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ, Սուրբ Գայանե վանքում մասնակցեց Արևագալի ժամերգության: Այնուհետև Էջմիածնի «Հրաչ և Սյուզան Թուֆայան» հայորդյաց տանը ժողովն սկսեց իր աշխատանքը:

Հավաքը բացվեց կազմակերպիչ հանձնախմբի նախագահ և Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի ողջույնի խոսքով, որից հետո Սրբազանը հանդես եկավ «Հանրապետությունում առկա իրավիճակի վերլուծում․ մարտահրավերներ» և «Եկեղեցու անելիքները ներկա իրավիճակում» թեմաների շուրջ միացյալ բանախոսությամբ։ Ներկայացված նյութերի շուրջ ծավալվեցին քննարկումներ, եկեղեցականները ներկայացրեցին իրենց դիտարկումներն ու առաջարկները՝ անդրադառնալով երկրում ստեղծված ծանր իրավիճակին և դրա հաղթահարման գործում հոգևորականության առաքելությանը, ինչպես նաև ռազմագերիների, զոհվածների, անհայտ կորածների, վիրավորների և տեղահանվածների ընտանիքներին ցուցաբերվելիք առանձնակի հոգևոր խնամքին և ներկա պայմաններում Եկեղեցու կողմից իրականացվող սոցիալական, հովվական ծառայությանը, առկա մարտահրավերներին

։Ժողովը եզրափակվեց Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամով:

«Աստծո կամոք հնարավոր եղավ կազմակերպել Հայաստանի և Արցախի թեմերում ծառայող քահանաների ամենամյա հանդիպումը, թեև մարդկությանը պատուհասած համավարակը դեռ չի հաղթահարվել։ Նման հավաքի անհրաժեշտությունն առավել հրամայական է ներկա պայմաններում, երբ մեր ժողովուրդը և հայրենիքը Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմի հետևանքով կրեցին ցավալի կորուստներ, և մեր պետության առջև հառնեցին լրջագույն նոր մարտահրավերներ։ Արցախյան պատերազմը մեր առջև պարզեց շատ ճշմարտություններ՝ թե՛ աշխարհաքաղաքական իրողությունների և թե՛ ներքաղաքական, հասարակական կյանքի սխալ ընթացքների, բացթողումների և թերությունների առումով։ Ժամանակի մեջ, վստահ ենք, դեռ ամբողջական գնահատական պիտի տրվի բոլոր երևույթներին», – ասաց Նորին Սրբությունը՝ նկատելով, որ այս ժողովը նաև պատեհ առիթ է դժվարին այս իրադրության մեջ քննարկելու և սահմանելու հովվական, հոգեխնամ և սոցիալական առաջնահերթությունները, այլև, ըստ հարկի, վերատեսության ենթարկելու ներկա բարդ հանգամանքներում հովվական առաքելության իրականացման կերպերը։

Իր խոսքում Ամենայն Հայոց Հայրապետն անդրադարձ կատարեց համավարակի, ապա Արցախյան պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակին, արտաքին մարտահրավերներին։

«Մտահոգիչ է այսօր նաև Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումների պատճառով հայրենիքի սահմաններին տիրող իրավիճակը, Գեղարքունիքի և Սյունիքի սահմանամերձ շրջաններում բնակվող մեր ժողովրդի անվտանգության հարցը, որը լուրջ անհանգստություններ է առաջ բերել ամբողջ երկրում։ Երեկ տակավին ցավով տեղեկացանք, որ ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհվել է հայ զինվորական։ Խստորեն դատապարտելով Հայաստանի ինքնիշխանության և մեր ժողովրդի իրավունքների հանդեպ ոտնձգությունները՝ Եկեղեցին իր բոլոր հնարավոր միջոցներով աշխատանք պիտի տանի այս ոտնձգությունների կանխարգելման, գերիների ազատության, հոգևոր մեր սրբությունների պաշտպանության համար», – նշեց Վեհափառ Հայրապետը՝ հավելելով, որ հարյուր տարի անց՝ մեր օրերում էլ դեռ հառնած է մեր ժողովրդի ինքնապաշտպանության հրամայականը, և հայրենի մեր երկիրը կանգնած է նույնական մարտահրավերների առջև՝ պայքարելով հանուն մեր ինքնության և պատմական հայրենիքի այս փոքրիկ հողակտորի վրա անվտանգ գոյատևման իրավունքի։

Նորին Սրբությունն ընդգծեց, որ Եկեղեցու սրբազան առաքելությունն է ոչ միայն մասնակիցը դառնալ առկա մարտահրավերների հաղթահարման աշխատանքների, այլև լինել ամոքողը ցավի, սփոփողը վշտերի, ցրողը մեր ժողովրդի հոգին պատած անհուսության և տրտմության։

Այս կապակցությամբ Հայոց Հովվապետը գնահատանքով անդրադարձավ պատերազմի ծանր օրերին և հետագա ամիսներին եկեղեցականների կողմից իրականացված աջակցության բազմաբնույթ ծրագրերին։ Խոսելով պատերազմի բերած աղետալի հետևանքների, դրանց պատճառած քաղաքական վայրիվերումների և առաջիկա խորհրդարանական ընտրությունների մասին՝ Ամենայն Հայոց Հայրապետը նշեց, որ Եկեղեցու սրբազան պարտքն է ցույց տալ ծառացած մարտահրավերների իրական վտանգը, ահազանգել հայրենիքում տեղ գտնող անցանկալի զարգացումների մասին, հոգ տանել ազգային համախմբման համար՝ ի խնդիր անընդունելի իրավիճակների և ատելության ու անհանդուրժողության մթնոլորտի հաղթահարման։

«Առաջիկա ամիսը վճռորոշ է լինելու մեր երկրի և մեր ժողովրդի համար։ Պետք է ջանքեր գործադրենք, որպեսզի նախընտրական այս շրջանում մեր ժողովուրդը չկանգնի նոր պառակտումների և եղբայրատյացության դրսևորումների առջև։ Մեր ժողովրդի զավակներին հորդորենք իրենց ընտրության մեջ առաջնորդվել ազգի ու հայրենիքի գերագույն շահով, լինել արդարամիտ և անաչառ։ Եկեղեցին քաղաքականության մեջ միջամուխ լինելու հավակնություն չի դրսևորել և չի դրսևորում, ձեռնարկվող քայլերը պայմանավորված են սոսկ ճգնաժամային բարդագույն իրավիճակով, որի դիմագրավման հարցում հապաղումը այլևս հղի է նոր արհավիրքներով։ Հայրենի երկրի ապագայի տեսլականից մղված պետք է արվի անհրաժեշտը՝ հայրենիքը զորացնելու և մեր ժողովրդին հույսի ապրում փոխանցելու համար։ Եկեղեցին ունի կարևոր առաքելություն՝ վերապրած պատերազմի, կրած կորուստների և ապագայի անորոշության պատճառով առաջացած անկումային հոգեվիճակը հաղթահարելու, վաղվա օրվա հանդեպ լավատեսությունը ամրապնդելու, երկրից արտագաղթը կասեցնելու։ Այս նպատակով խիստ անհրաժեշտ է և կարևոր նաև յուրաքանչյուր եկեղեցականի ջանադիր աշխատանքը, նախանձախնդրությունը և անձնական օրինակը»։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մաղթեց, որ առաջիկայում ժողովրդի ազատ կամարտահայտությամբ ձևավորվի հայրենանվեր, ազգասեր և արհեստավարժ, ազգային արժեքներով առաջնորդվող իշխանություն, որն իր նվիրումով և աշխատանքով ի վիճակի կլինի դուրս բերելու հայրենի երկիրը բարդ իրադրությունից, երաշխավորելու հայրենիքի անվտանգությունը, հետապնդելու ազգային մեր իրավունքները և ապահովելու արժանապատիվ կյանք ու զարգացում մեր ժողովրդի համար Հայաստանում և Արցախում։ Հայրենիքի լուսավոր գալիքի կերտման գործում Նորին Սրբությունը կարևոր նկատեց նաև սփյուռքի դերակատարությունը ՝ իր հսկա ներուժով։ Վերջում Հայրապետն աղոթք բարձրացրեց համայն մեր ժողովրդի բարօրության, Հայաստան ու Արցախ մեր հայրենիքի խաղաղության և անվտանգության համար՝ վերստին պատգամելով հոգևոր դասին նախանձախնդիր լինել հավատավոր ժողովրդի հոգևոր խնամքի իրականացման առաքելության մեջ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Previous Article

ՀՀ-ն ՄԱԿ ԱԽ կդիմի, եթե պարզվի, որ ՀԱՊԿ գործիքները բավարար չեն իրավիճակը լուծելու համար․Նիկոլ Փաշինյան

Next Article

Եթե որևէ մեկն անպատիժ կարող է հարձակվել ՀՀ վրա, ուրեմն ցանկացած մեկը անպատիժ կարող է հարձակվել ՌԴ վրա․ Նիկոլ Փաշինյան

Related Posts
Դիտել

Լիտվայի առողջապահության նախկին նախարարը պատվաստվել է

Լիտվայի 2016-2020 թվականների առողջապահության նախարար Աուրելիուս Վերիգան կորոնավիրուսի դեմ պատվաստվել է AstraZeneca պատվաստանյութով: Այս մասին նա գրառում է կատարել…
Դիտել

Զրո հանդուրժողականություն՝ ապօրինի վարքագծի նկատմամբ. Ա. Փամբուխչյան

Արտակարգ իրավիճակների նախարարությունում ապրիլի 14-ին նորանշանակ նախարար Արմեն Փամբուխչյանի գլխավորությամբ տեղի է ունեցել առաջին խորհրդակցությունը: Մասնակցել են կառուցվածքային…
Դիտել

Հայկական կողմը Ադրբեջանի ԶՈՒ ուղղությամբ կրակ չի բացել. ՀՀ ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե ապրիլի 3-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները գնդակոծել են Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելյան սահմանագոտում…
Դիտել

Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակել Գեղարքունիքի հայկական դիրքերի ուղղությամբ.ՊՆ

Օգոստոսի 13-ին, ժամը 22:00-ից 22:40-ը, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի…
Total
1
Share