Հայաստանը գաղափարական քաղցի մեջ է․Վարդ Սիմոնյան

Մի փոքրիկ մրջյունն անգամ տիեզերքի մասնիկ է և ուրեմն՝ ունի առաքելություն: Եվ հավերժ փառք այդ ժրաջան միջատներին, որովհետև գոնե ես չեմ տեսել իր առաքելությունից շեղված գեթ մեկ մրջյուն: Անշուշտ, նրան էլ են հետապնդում ու ոտատակ տալիս բազում ելուզակներ, բայց գոնե ես չեմ հանդիպել թեկուզ մի մինուճար մրջյունի, որը փորձեր նմանակել իր հակառակորդին: Այդպիսի ոչխարի, խոզի, ձիու էլ չեմ տեսել, այն դեպքում երբ ամեն օր հանդիպում եմ մարդկանց, որոնք պնդելով պնդում են, որ թուրքի հետ պետք է վարվել թուրքավարի: Միգուցե կենդանիները բնազդով են զգում, որ տիեզերքն իր Կարգն ունի և նրա յուրաքանչյուր բնակիչ մի անկրկնելի էություն է և պարտավոր է պահել իր արարչաստեղծ տեսակը: Բայց մարդիկ, մարդկանց երկիրն էլ, կարծեմ, դուրս չէ տիեզերական ամբողջությունից, մարդն էլ, կարծեմ, տիեզերական միասնականության մեջ է, և երբ նա խճճում է իր ինքնության թելերը իր կենսամիջավայրի էներգետիկան դուրս է գալիս իր դեմ և քանդում, ավերում իր զբաղեցրած արեալը, ճղակոտոր անում նրա կենաց ծառը, Արարչի կողմից իրեն շնորհված հայրենիքը դարձնում մի ոտքի կոխան, որից փախչում են ինչպես բորոտից:

Հայաստանը գաղափարական քաղցի մեջ է. նույն մտքերի, նույն կարծրատիպերի ճիրաններում, իսկ արդիականացվող աշխարհի ամենասիրելի երեխաները հենց նրանք են, ում զանգվածային միտքն ու ճաշակը դեռ երեկ անկյուն էր կանգնեցնում: Այսօր արդեն նոր քաղաքակրթությունը անհատականի և համայնականի հավերժ հակամարտությունը լուծել է առաջինի օգտին և թվային նոր աշխարհի գաղափարական ստնտուն դարձել են հենց գաղափարակիր, գաղափարագար մարդ-համակարգերը: Թվում է, եկել է ստեղծագործության, այսինքն՝ մեր ժամանակը, ուր մի ծածուկ սենյակում նստած կարելի է ուղղակի ոտուգլուխ անել մեկ ուռկանի մեջ հայտնված այս խելագար աշխարհը:

Սողանքը գնում է.այսօր աշխատանքային միգրանտների կեսից ավելին երիտասարդներն են, ուղիղ 90 տոկոսը՝ վերարտադրող տղամարդիկ։ Բա ե՞րբ ես քեզ նեղություն տալու, նստես գոնե մի չոբանահաշիվ անես, թե այսպիսի խրոխտ լոքերով գնալու դեպքում, քանի երեխա կունենաս դու, որ վաղը ժողովես ու տանես դպրոց, բանակ, որ փողքերդ չընկնի պետականությունդ, ու տկլոր չկանգնացնի քեզ աշխարհի առաջ։

Բա մի երկիր ունենա այսքան ահռելի ստեղծագործական էներգիա ու չկարողանա՞ ձեր հանգով ասած՝ արդյունավետ մոտիվացնել՞։.

Թայվանը համարյա մեր տարածքի չափ է և այնպիսի մի դիվանագիտական շրջափակման մեջ է, որ մի երեսուն երկիր է ընդամենը ճանաչում նրա անկախությունը, բայց այդտեղ 23 մլն մարդ է ապրում և նորագույն տեխնոլոգիաներով, փոքր և միջին բիզնեսով մտել է աշխարհի ամենաբարձր համախառն արդյունք տվող երկրների քսանյակ։ Այդ ի՞նչ հրաշք է, ինչպե՞ս, իհարկե՝ կրթությամբ, կրթության նկատմամբ դրսևորած վերաբերմունքով.

ընդամենը 2 տարում Թայվանը 50 հազար մասնագետ վերադարձրեց իր երկիր, որոնք թևները քշտած նոր աշխատատեղեր գոյացրին կամ հորինեցին և մեռյալ տեղից բարձրացրին իրենց երկիրը:

Այսօր եվրոպացին վախենում է իր ջահելությունից, որովհետև եթե ինքն այսօր պարտավորվել է մինչեւ 25 տարեկան բոլոր երիտասարդներին ապահովել երաշխավորված աշխատանքով, կնշանակի լավ է հասկանում, որ երիտասարդներին թողնել դրսում, կնշանակի փողոց նետել ծանր հրետանին, որը վաղն իր թաքստոցներից կրակելու է պետության վրա թմրադեղերից մթագնած ուղեղով, իր չծնած երեխաներով, գործած հանցագործություններով, քայքայված առողջությամբ, դժգոհության բարձր ինդեքսով:

Այնպես որ, եթե մենք ալամ աշխարհի զենքուզրահն էլ բերենք, թափենք մեր երկրում, մեր թշնամու պես և նրանից ավելի վայրագ ճակատամարտենք՝ գրանցելով հայկական զինուժի փառապանծ հաղթանակներ, եթե անգամ տապալենք չինական բանակը, միևնույն է, տիեզերքին չես հաղթի, տիեզերական Կարգը քեզ չի շրջանցի, որքան էլ նրա Կարգը արհամարհես:

Տպավորություն է, որ Հայկական քաղաքակրթությունը կորցրել է տարածության՝ հեռու-մոտիկի և ժամանակի՝ երեկվա, այսօրվա ու վաղվա ընկալումը: Այս աղավաղումները պատահում են կարծեմ, միայն հեքիաթներում, ուր հեքիաթասացը կիրառելով դիպաշարային հատուկ սխեմաներ՝ փորձում է բանականությանն անմատչելի եղելությունների համար հասկացողության պատուհաններ բացել: Օրինակ՝ լինում է չի լինում, կար-չկար: Այնպես որ, հիմա մենք այնտեղ ենք, հրաշապատում հեքիաթների տարածաժամանակային մի տրանսի մեջ՝ սև թելը կծկում են, մեզ համար գիշեր է, սպիտակը կծկում են…բայց երբ են սպիտակը թելել։ Ախր մենք այնպե՜ս ուզում էինք մի արև էլ մեզ վրա բացվեր ու մեր անգին քարը հանեինք օձի ըռխից: Մեր անգին քար երկիրը, որը ժուկով ու ժամանակով մերն է ու մերը չի…

Հեղինակ՝ կինովավերագրող, լրագրող Վարդ Սիմոնյան

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Դավթաշենում կատարված սպանության փորձի վարույթի շրջանակներում երկու անձի մեղադրանք է ներկայացվել 

Հաջորդը

ԱՄՆ պետք է համարժեք արձագանքի Ալիևի հայտարարություններին․ ՀՀ ԱԳՆ

Առնչվող նյութեր
Դիտել

Իրանը հակամարտության մեջ չի մտնի, քանի դեռ Իսրայելը չի ​​հարձակվել նրա վրա

Մերձավոր Արևելքում լարվածության աճի ֆոնին Իրանը մտադիր չէ ռազմական կոնֆլիկտի մեջ մտնել Իսրայելի հետ, քանի դեռ հրեական պետությունը…
Դիտել

Հունաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարներն իրենց համերաշխությունն ու աջակցությունն են հայտնել հայ ժողովրդին

Սեպտեմբերի 19-ին, Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 77-րդ նստաշրջանի շրջանակներում, տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, Կիպրոսի…
Դիտել

Արարատ Միրզոյանն ու Շվեդիայի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության հարցերի

Հոկտեմբերի 8-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոնին։ Զրուցակիցները բարձր են…
Դիտել

Որ դեպքերում չի վերադարձվում հիփոթեքային վարկի տոկոսների գումարների չափով եկամտային հարկը

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2022 թվականի հունվարի 1-ից ՀՀ հարկային օրենսգրքով սահմանվել է, թե որ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share