ՀՀ ԱԳՆ հայտարարությունը՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում ապօրինի անցակետի տեղադրման վերաբերյալ

2023թ. ապրիլի 23-ին Ադրբեջանի իշխանությունները, կոպտորեն խախտելով 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետը, արդեն պաշտոնապես արգելափակել են Լաչինի միջանցքը՝ քայլեր ձեռնարկելով միջանցքում՝ ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում անցակետ տեղադրելու ուղղությամբ:

Ադրբեջանի զինված ուժերի կողմից այսօր իրականացված այս քայլը չի կարելի համարել Ադրբեջանի հերթական սադրանք անգամ․ այն իրապես 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հիմնարար դրույթներից մեկի աղաղակող խախտում է՝ միտված Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու և Լեռնային Ղարաբաղն ամբողջությամբ հայաթափելու իր քաղաքականության հետևողական իրագործմանը։ Նախորդ տարվա դեկտեմբերի 12-ից շինծու բնապահպանական պատրվակներով Լաչինի միջանցքի շարունակական ապօրինի արգելափակումը և այսօր արդեն ակնհայտ կեղծ և անհիմն պատրվակներով անցակետի տեղադրումը հենց այս ծրագրված քաղաքականության հետևողական իրականացման հերթական քայլերն են։

Այս գործողությունն իրականացվում է ի հեճուկս միջազգային հանրության միանշանակ հայտարարությունների և հատկապես Միջազգային արդարադատության դատարանի՝ 2023թ. փետրվարի 22-ի իրավաբանական պարտադիր ունեցող վճռի: Ավելին, Ադրբեջանի ղեկավարությունը նույնիսկ ջանք չի գործադրում ոչ միայն ձեռք բերված հանրահայտ պայմանավորվածությունները կատարելու, այլև իր կողմից միջազգային իրավունքի հիմնարար նորմերի շարունակական խախտումները կոծկելու ուղղությամբ և ամեն կերպ լարում է տարածաշրջանային իրավիճակը` հող նախապատրաստելով լայնածավալ ուժի կիրառման համար։

Հայաստանի Հանրապետությունը՝ որպես նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրող կողմ, անընդունելի է համարում և խստորեն դատապարտում է Ադրբեջանի՝ Լաչինի միջանցքում ապօրինի անցակետ տեղադրելու այս քայլը։ Այն, ինչպես նաև Ադրբեջանի կողմից մինչ այդ իրականացված նմանօրինակ գործողությունները՝ զուգորդված չդադարող հայատյաց ու սպառնալից հռետորաբանությամբ, միտված են տապալելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման փաստաթղթի շուրջ բանակցությունները:

Կոչ ենք անում Ռուսաստանի Դաշնությանն ի վերջո կատարել եռակողմ հայտարարության 6-րդ կետով ստանձնած իրենց պարտավորությունը՝ վերացնելով միջանցքի ապօրինի արգելափակումը և ապահովելով ադրբեջանական ուժերի դուրսբերումը Լաչինի միջանցքի ողջ անվտանգության գոտուց, իսկ միջազգային անվտանգության մանդատով օժտված ՄԱԿ-ի անդամ պետություններին հստակորեն արձանագրել Ադրբեջանի կողմից տարածաշրջանային անվտանգությունը խարխլող գործողությունները և գործուն քայլեր ձեռնարկել միջազգային բարձրագույն դատական ատյանի վճռի անվերապահ կատարման ուղղությամբ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Մեդալների հաշվարկով Հայաստանը առաջինն է

Հաջորդը

Վարազդատ Լալայանը՝ ծանրամարտի Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն, Սիմոն Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր

Առնչվող նյութեր
Դիտել

Մենք կարիք ունենք ԵԱՀԿ Մինսկի խմբի ուժեղ համանախագահության․ Արա Այվազյան

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի խոսքով մեր տարածաշրջանը թևակոխել է նոր մարտահրավերներով լի շրջան, որն առավել հրամայական…
Դիտել

Երևանում գործող համար 62 միկրոավտոբուսային երթուղին կշահագործվի ուղեգծի մասնակի փոփոխությամբ

Երևանում գործող համար 62 միկրոավտոբուսային երթուղին (Քանաքեռ-Երևանի քաղաքապետարան) սեպտեմբերի 5-ից կշահագործվի ուղեգծի մասնակի փոփոխությամբ: Այս մասին տեղեկացնում են…
Դիտել

Բանակցություններ են տարվում հումանիտար բեռը Գորիսից Արցախ հասցնելու ուղղությամբ

«Հայաստան» հիմնադրամի կողմից Արցախին հրատապ մարդասիրական աջակցություն ցուցաբերելու ծրագրի շրջանակներում նվիրաբերած 100 տոննա պարենային մթերքն այս պահին գտնվում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share