ԱԳՆ-ում տեղի է ունեցել հանդիպում ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ

Հուլիսի 26-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի հանդիպումը Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների և միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ՝ Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակի վերաբերյալ:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ավելի քան 7 ամիս շարունակվող արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը:

Մնացական Սաֆարյանն իր խոսքում նշել է, որ հունիսի 15-ից Լեռնային Ղարաբաղի լիակատար շրջափակումը և հումանիտար մատակարարումների դադարեցումը, այդ թվում՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով, հանգեցրել է պարենի, դեղորայքի, վառելիքի և կենսական նշանակության այլ ապրանքների սուր պակասի:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն անդրադարձել է Ադրբեջանի կողմից քաղաքացիական ենթակառուցվածքների և խաղաղ բնակչության պարբերական գնդակոծությունների հետևանքով գյուղատնտեսական աշխատանքների խաթարմանը: Ընդգծվել է, որ էլեկտրականության և գազի մատակարարման դադարեցումը հանգեցրել է սոցիալական և առողջապահական ծառայությունների կաթվածահարման՝ ոտնահարելով պաշարված բնակչության հիմնարար իրավունքները, ներառյալ՝ կյանքի, առողջության և կրթության իրավունքը:

Մնացական Սաֆարյանը նշել է, որ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված՝ ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի աշխատանքային խմբի կողմից որոշում է ընդունվել Լեռնային Ղարաբաղ առաքել առաջին անհրաժեշտության հումանիտար բեռների շուրջ 360 տոննա խմբաքանակ: Կարևորվել է միջազգային հանրության հստակ ազդակն Ադրբեջանին՝ կատարելու ՄԱԿ արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի իրավաբանորեն պարտադիր ուժ ունեցող որոշումները՝ Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների ու բեռների անխափան տեղաշարժը երկու ուղղություններով ապահովման վերաբերյալ:

Հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը և ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը: Աննա Ժամակոչյանն անդրադարձել է ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի ազդեցությանը բնակչության խոցելի խմբերի, մասնավորապես՝ երեխաների, կանանց, տարեցների, հաշմանդամություն ունեցող անձանց վրա: Լենա Նանուշյանը ներկայացրել է հումանիտար ճգնաժամի ծանր ազդեցությունը ԼՂ առողջապահական համակարգի վրա՝ անդրադառնալով դեղորայքի և բժշկական պարագաների խորացող պակասին և Ադրբեջանի կողմից մասնագիտացված բուժօգնության կարիք ունեցող հիվանդների՝ Հայաստան տեղափոխման արգելքին:

Մնացական Սաֆարյանը և Էդմոն Մարուքյանը պատասխանել են ներկաների հարցերին և տվել անհրաժեշտ պարզաբանումներ:

Հանդիպման ավարտին դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները և միջազգային կառույցների ներկայացուցիչները կատարել են ԱԳՆ շենքի հարակից հատվածում կայանված հումանիտար շարասյան շրջայց՝ ծանոթանալով հումանիտար բեռների խմբաքանակում ներառված ապրանքատեսակներին:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Մենք և Հայաստանը ձեզ երբե՛ք միայնակ չենք թողնի. Աննա Հակոբյանը՝ ԼՂ ժողովրդին

Հաջորդը

Արայիկ Հարությունյանը դադրեցնում է նստացույցը

Առնչվող նյութեր
Դիտել

Աղդամում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնի գործունեությունը կդադարեցվի

Աղդամում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնի գործունեությունը կդադարեցվի: Այդ մասին հայտնել են Թուրքիայի պաշտպանության նախարարությունից։ «2021 թվականի հունվարի 30-ին…
Դիտել

Նիկոլ Փաշինյանի ուղերձը Աշխատանքի օրվա առթիվ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ, որում մասնավորապես ասված…
Դիտել

Երկկողմ բանակցային ֆորմատը վտանգավոր է․ Արմեն Ռուստամյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հայտարարությանը։  Ըստ նրա՝ Ադրբեջանն, այս…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share