Մի՛ խաչեք Հիսուսին հերթական անգամ

Այսօր հայտնի դարձավ, որ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ մրցույթ է հայտարարվելու Հայաստանում Հիսուս Քրիստոսի արձանը կառուցելու համար։ Ծառուկյանի ֆեյսբուքյան էջում նշված է, որ միայն քանդակի բարձրությունը պետք է լինի խորհրդանշական 33 մ, իսկ պատվանդանի հետ միասին այն կարող է կրկնակի և նույնիսկ եռակի անգամ բարձր լինել։ Ծառուկյանը հայտնել է, որ մտադիր է հիմնարկեքն անել արդեն ընթացիկ տարում։

Մի քանի տարի առաջ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ Արցախում նոր զորամաս է կառուցելու։ Այն միանգամայն նոր, բոլոր անհրաժեշտ պայմաններով ապահովված զորամաս պետք է լիներ։ 21-րդ դարում՝ խորհրդային հնացած մոդելի եւ խորհրդային հնացած չափանիշներով զորամասեր ունեցող Հայաստանի ու Արցախի համար, Ծառուկյանի ժամանակակից պայմաններով զորամաս կառուցելու մասին հայտարարությունն իսկական հեղափոխական գաղափար էր։ Ծառուկյանի այդ հայտարարությունից անցել է 4-5 տարի։ Զորամասը բնականաբար չի կառուցվել՝ հավանաբար ժամանակ չի ունեցել, կամ գուցե փողն է խնայել, կամ էլ հավանաբար մտորել է ու հասկացել, որ Արցախի ու այնտեղ ծառայող զինվորների անվտանգությունը ոչ թե զորամասերն են ապահովում, այլ եկեղեցիներն ու արձանները։ Հաշվի առնելով զորամաս կառուցելու մասին արված հայտարարությունից մինչեւ Հիսուսի 33 մետրանոց արձանը կառուցելու մասին հայտարարությունների ժամանակային տարածությունը, կարող ենք վստահորեն պնդել, որ բավական երկար է մտածել Հայաստանի թերեւս թիվ մեկ օլիգարխը։ Երկար է մտածել, բայց ինչ խոսք «աստվածահաճո» որոշում է կայացրել։

Իրականում ամեն ինչ այսքան ողբերգական չէր լինի եւ գուցե նույնիսկ հաճելի կլիներ, եթե այս գաղափարի հեղինակը չլիներ Հայաստանի ամենահարուստ գործարարներից մեկը, ով թեպետ բարգավաճել է նախկինների օրոք, բայց մինչեւ այսօր հենց նրա ձեռքում են գտնվում Հայաստանի տնտեսության հիմնակ ճյուղերի առանցքային բիզնեսները, ով 2000-ականներից սկսած մինչեւ 2018 թվականի թավշյա հեղափոխությունը եւ անգամ դրանից հետո էլ ազդեցիկ դեր ուներ ոչ միայն Հայաստանի տնտեսության, այլեւ քաղաքականության վրա։ Եվ հիմա այս մարդը որոշել է մրցել բրազիլական Ռիո դե Ժանեյրոի հետ։ Դառնալ առաջինը աշխարհում՝ Հիսուսի արձանի բարձրության մրցապայքարում։ Ցանականում է կառուցել ամենաբարձր արձանը մի երկրում, որի ամենաբարձր լեռներում զինվորները վրաններում են, կամ տնակներում, որի բանակը թշնամու անօդաչուների դեմ կռվում է ոչ թե հակաօդային պաշտպանության միջոցներով, այլ սովորական ինքնաձիգերով։

Հավանաբար կառուցելուց հետո նա ու նրան ծափահարողները կնայեն արձանին, քմծիծաղ կտան բրազիլացիներին ու կասեն․ «Հայ ազգը միշտ էլ հավատքով է հաղթահարել բոլոր դժվարությունները: Ժամն է կրկին հավատքով միախմբվելու»։ Կասեն Աստված սարերի վրա կանգնած տղերքի հետ ու նրանց կթողնեն թշնամու դեմ միայնակ, փառաբանելով իրենց աստծուն՝ սառը, անշունչ բայց կարեւորը շատ բարձր։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը Սյունիքում է

Հաջորդը

Հայ խաղաղապահները վերադարձել են

Առնչվող նյութեր
Դիտել

Կոնգրեսական Էշուն իր մտահոգությունն է հայտնել 44-օրյա պատերազմին հետևած իրավիճակի կապակցությամբ

Հոկտեմբերի 28-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպել է Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի անդամ, կոնգրեսական Աննա Էշուի հետ։…
Դիտել

Արցախում ադրբեջանցիների արձակած կրակոցների հետևանքով քաղաքացիական ավտոմեքենա է այրվել

Ադրբեջանական լրատվամիջոցներով տարածվող տեղեկությունները, որոնց համաձայն, իբր  ՊԲ-ի ստորաբաժանումները ավտոմեքենայից կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share