Պահանջում ենք ՄԱԿ-ի ԱԽ անդամ պետություններից իրականացնել ՄԱԿ-ի կանոնադրությամբ ստանձնած իրենց պարտավորությունները. ԱՀ ԱԳՆ

Արցախի Հանրապետության ԱԳՆ հայտարարությունը՝ Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետ տեղադրելու վերաբերյալ

Արցախն ավելի քան 4 ամիս իր գործակալների միջոցով անմարդկային շրջափակման մեջ պահելուց հետո Ադրբեջանն ապրիլի 23-ին ապօրինաբար հսկիչ անցակետ է տեղադրել Լաչինի միջանցքում՝ Հակարի գետի կամրջի վրա։ Հերթական անգամ ընդգծում ենք, որ Լաչինի միջանցքի նկատմամբ վերահսկողության հաստատմանն ուղղված Ադրբեջանի քայլերը ուղղակիորեն հակասում են 2020 թ․ նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության 6-րդ կետին։ Եռակողմ հայտարարության տակ Ադրբեջանի նախագահի ստորագրությունն Ադրբեջան պետության ուղղակի և միանշանակ համաձայնությունն է՝ Լաչինի միջանցքի նկատմամբ բացառիկ վերահսկողություն փոխանցել ՌԴ խաղաղապահ զորակազմին։

Հրադադարի հաստատումից ի վեր Ադրբեջանը պարբերաբար խախտել է 2020 թ․ նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության գրեթե բոլոր դրույթները։ Սակայն անցակետ տեղադրելու մասին ադրբեջանական կողմի պաշտոնական հայտարարությունը վկայում է Բաքվի՝ տվյալ փաստաթղթով ստանձնած պարտավորություններից հրաժարվելու մտադրության մասին։

Այս համատեքստում ակնկալում ենք ինչպես լայն միջազգային հանրության, այնպես էլ Եռակողմ հայտարարության կողմերի և, առաջին հերթին, հայտարարության իրականացման երաշխավոր հանդիսացող Ռուսաստանի Դաշնության միանշանակ և համարժեք արձագանքն ու գործուն քայլերը՝ ադրբեջանական անցակետի տեղադրումը թույլ չտալու, Լաչինի միջանցքը բացելու, Ադրբեջանի կողմից Եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների իրականացումն ու Արցախի ժողովրդի ֆիզիկական անվտանգությունն ապահովելու ուղղությամբ:
Ակնհայտ է, որ անցակետի տեղադրումով Ադրբեջանը փորձում է նոր թափ հաղորդել կատարյալ անպատժելիության և ամենաթողության մթնոլորտում իր կողմից վարվող էթնիկ զտման քաղաքականությանը։ Ադրբեջանի ղեկավարությունը ոչ միայն չի թաքցնում իր ցեղասպան գործողությունները, այլև նախօրոք ազդարարում է դրանց մասին՝ չարժանանալով միջազգային հանրության դատապարտմանը կամ հակազդեցությանը։

Հատկանշական է, որ Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի իրավունքների զանգվածային խախտումներն իրականացվում են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման ուղղությամբ միջազգային միջնորդների ջանքերի և հայտարարությունների պայմաններում։ Ադրբեջանը, ըստ էության, Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացն օգտագործում է որպես գործիք՝ բացառելու ներգրավված պետությունների կողմից իր հանցավոր քաղաքականության կանխարգելմանն ուղղված հնարավոր միջոցների իրականացումը։

Եռակողմ հայտարարության կողմ չհանդիսացող, սակայն միջազգային խաղաղության և անվտանգության, այդ թվում՝ էթնիկ զտումների և ցեղասպանության կանխարգելման համար պատասխանատվություն կրող պետությունների կողմից համարժեք արձագանքի բացակայությունը և Ադրբեջանի անօրինական պահանջները քննարկելու առաջարկները հավասարազոր են Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության թողտվությանը։ Ավելին, Ադրբեջանի ապօրինի պահանջները քննարկման դնելու ցանկացած առաջարկ՝ փորձ է օրինականացնել դրանք և, ըստ էության, ծառայում է Բաքվի հանցավոր ծրագրերի խրախուսմանը:

Ստեղծված իրավիճակում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության կանխարգելման ուղղությամբ վճռական քայլերի իրականացումը հրամայական է։ Պահանջում ենք ՄԱԿ-ի ԱԽ անդամ պետություններից իրականացնել ՄԱԿ-ի կանոնադրությամբ և միջազգային իրավունքով ստանձնած իրենց պարտավորությունները և վերջ դնել Արցախի էթնիկ զտման և նրա ժողովրդին ոչնչացնելու Ադրբեջանի հանցավոր քաղաքականությանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արցախում տեղի ունեցողն այս պահին ցեղասպանություն որակավորում տալու իրավասություն չունեմ. ԱՄՆ դեսպան

Հաջորդը

Արցախահայությունն էթնիկ զտման վտանգի առջև է կանգնած. ՄԻՊ

Առնչվող նյութեր
Դիտել

Բացահայտվել է պետական դավաճանության նոր դեպք 

ՀՀ ազգային անվտանգության ծառայության ռազմական հակահետախուզության դեպարտամենտի ծառայողների մշակած և ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ…
Դիտել

Հայաստանում կարանտինային ռեժիմը վաղուց է դադարել. Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է COVID-19 համավարակի ավարտի մասին առողջապահության համաշխարհային կազմակերպության հայտարարությանը։ Նախարարը հիշեցրել է,…
Դիտել

Արցախում ժամանակավորապես դադարեցվել են պլանային վիրահատությունները

Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանի հետ կապող ճանապարհի և գազամատակարարման արգելափակման հետևանքով այս պահի դրությամբ ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության…
Դիտել

5 արծաթե և 5 բրոնզե մեդալ. Հայաստանի հավաքականներն ավարտել են ելույթները Սամբոյի աշխարհի առաջնությունում

Հայաստանի հավաքանները 5 արծաթե և 5 բրոնզե մեդալով են ավարտել ելույթները Երևանում անցկացված Սամբոյի մեծահասակաների աշխարհի 2023 թվականի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share