ՀԱՊԿ անդամ երկրների առաջնորդները համատեղ հայտարարություն են տարածել՝ անդրադառնալով ՀԱՊԿ պատասխանատվության գոտում սահմանների անվտանգությունն ապահովելու անհրաժեշտությանը:
Հայտարարությունում նշվում է, որ ՀԱՊԿ-ը պատրաստ է ապահովել իր սահմանների անվտանգությունը, այդ թվում՝ Աֆղանստանում և Կազմակերպության անդամ երկրների այլ արտաքին սահմաններին անհանգստություն պատճառող իրավիճակի ֆոնին:
«Անհանգստություն է առաջացնում իրավիճակն Աֆղանստանում և ՀԱՊԿ անդամ երկրների այլ արտաքին սահմաններին տիրող իրավիճակը: Այս համատեքստում պատրաստակամություն ենք հայտնում ապահովել ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում սահմանների անվտանգությունը»,- ասված է հայտարարության մեջ:
Հայտարարության մեջ նշվում է նաև, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրները պատրաստ են ՆԱՏՕ-ի հետ պրակտիկ գործակցություն հաստատել:
«Գիտակցելով մեր պատասխանատվությունը Եվրասիական տարածաշրջանում կայուն խաղաղություն ապահովելու հարցում՝ ընդգծում ենք մայրցամաքում լարվածության թուլացման անհրաժեշտությունը և հաստատում ենք ՆԱՏՕ-ի հետ պրակտիկ համագործակցություն հաստատելու պատրաստակամությունը»,- ասված է հայտարարության մեջ:
Տեղեկացնենք, որ ՀԱՊԿ գագաթնաժողովում այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում անդրադարձել է ՀԱՊԿ աշխատանքին և նշել
«Նախորդ տարի, ճիշտ այս օրերին, Ադրբեջանի զինված ուժերը ներխուժեցին Հայաստանի սուվերեն տարածք, և Հայաստանը դիմեց ՀԱՊԿ-ին, որպեզի գործարկվեին մեխանիզմները, որոնք նախատեսված են ՀԱՊԿ խորհրդի կողմից հաստատված փաստաթղթով։ Բայց, ցավոք, մենք չենք կարող ասել, որ կազմակերպությունն արձագանքեց այնպես, ինչպես սպասում էր Հայաստանը»:
Փաշինյանի խոսքով հայկական կողմը երկար ժամանակ նաև բարձրացրել է կազմակերպության անդամ երկրների կողմից Հայաստանի ոչ բարեկամ երկրին զենք վաճառելու հարցը։
«Արդյունքում՝ այդ զենքն օգտագործվեց Հայաստանի և հայ ժողովրդի դեմ։ Եվ դա նույնպես խնդիր է։ Անկեղծ ասած, 2020 թվականի 44-օրյա պատերազմի օրերին և պատերազմից հետո ՀԱՊԿ անդամ երկրների արձագանքը այնքան էլ չգոհացրեց Հայաստանի Հանրապետությանը և հայ ժողովրդին։ Բայց ես ուզում եմ հատուկ ընդգծել Ռուսաստանի և անձամբ ՌԴ նախագահի դերը Լեռնային Ղարաբաղում պատերազմի դադարեցման գործում։ Ես ուզում եմ ևս մեկ անգամ վերահաստատել, որ Հայաստանը հավատարիմ է եռակողմ հայտարարությանը՝ ստորագրված 2020 թվականի նոյեմբերի 9-ին, նաև 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ին եռակողմ հայտարարություններին»,-ավելացրել է Նիկոլ Փաշինյանը։