Ալիևի ելույթը ՀՀ նկատմամբ հերթական ագրեսիայի նախապատրաստման բացահայտ դրսևորում էր.ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Ադրբեջանի նախագահի կեղծ պնդումների և ռազմատենչ հայտարարությունների վերաբերյալ.

Մարտի 16-ին Թյուրքական պետությունների ղեկավարների գագաթնաժողովի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթը Հայաստանի Հանրապետության նկատմամբ տարածքային պահանջների  և հերթական ագրեսիայի նախապատրաստման բացահայտ դրսևորում էր։

Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը ներկայացնելով «Արևմտյան Ադրբեջան» մտացածին անվան տակ՝ Ադրբեջանի նախագահը  կոպտորեն խախտում է ոչ միայն ՄԱԿ կանոնադրությունը, Պետությունների միջև բարիդրացիական հարաբերությունների և համագործակցության միջազգային իրավունքի սկզբունքների վերաբերյալ  ՄԱԿ ԳԱ հռչակագիրը, Ալմաթայի հռչակագիրը, այլ նաև Պրահայի և Սոչիի հայտարարություններով իր իսկ ստանձնած պարտավորությունները, որոնց հղում է արվում հենց այս ելույթում:

Ադրբեջանը շարունակաբար խոչընդոտում է Լեռնային Ղարաբաղ և հարակից շրջաններ փախստականների և ներքին տեղահանվածների վերադարձը՝ միևնույն ժամանակ հայտարարելով, թե պատրաստվում է վերաբնակեցնել Լեռնային Ղարաբաղի հայության բռնագաղթման արդյունքում իր վերահսկողության տակ անցած տարածքները:

Խախտած լինելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ըստ էության բոլոր հոդվածները՝ Ադրբեջանի նախագահը միջանցքների մասին իր իսկ խոստովանությամբ մտացածին խոսույթով խոչընդոտում է տարածաշրջանային կոմունիկացիաների բացման գործընթացը:

Ադրբեջանի ղեկավարի ռազմատենչ հռետորաբանությունը միտված է ամբողջությամբ խաթարելու Հարավային Կովկասում կայունություն հաստատելու ջանքերը և դիմելու լայնածավալ ուժի կիրառման ինչպես Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ։ Ավելին, Լեռնային Ղարաբաղի հայության նկատմամբ հնչող վիրավորական բառապաշարը, որն ուղեկցվում է տեղում հումանիտար աղետ ստեղծելուն ուղղված գործողություններով, ի ցույց է դնում բարձրագույն մակարդակով էթնիկ զտումներ իրականացնելու ուղղությամբ Ադրբեջանի անթաքույց քաղաքականությունը:

Ավելին, Անկարայում նման սադրիչ թեզեր հնչեցնելը նպատակ ունի ոչ միայն խաթարել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության բանակցությունները, այլև արգելակել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում առկա դրական դինամիկան։

Տարածաշրջանի կայունությամբ և խաղաղությամբ հետաքրքրված բոլոր գործընկերներն աներկբայորեն պետք է գնահատական տան Ադրբեջանի նախագահի նմանօրինակ քաղաքականությանը և գործուն քայլեր ձեռնարկեն Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի խախտումները վերացնելու և ուժի կիրառման դրսևորումները բացառելու ուղղությամբ։ 

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ֆրանսիան պատրաստակամ է աջակցելու ՆԳ նախարարությանը

Հաջորդը

Լարսի ճանապարհը բաց է բոլոր մեքենաների համար

Առնչվող նյութեր
Դիտել

Լավրովն ու Չավուշօղլուն հանդիպել են

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հանդիպել և առանձնազրույց են ունեցել Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում։ …
Դիտել

Եռակողմ հայտարարության տեքստը ոչ թե նոյեմբեր 9-ի կեսգիշերին, այլ առավոտյան եմ ստորագրել․ Նիկոլ Փաշինյան

Ուշադրություն դարձրեք՝ ոչ թե նոյեմբերի 9-ի կեսգիշերին, այլ նոյեմբերի 8-ի լույս 9-ի առավոտյան եմ եռակողմ հայտարարության տեքստն ստորագրել»,-…
Դիտել

Այսօր ԱԺ-ում տեղի կունենա վարչապետի ընտրության առաջին փորձը

Նիկոլ Փաշինյանի ապրիլի 25-ի հրաժարականից հետո այսօր Ազգային ժողովում տեղի կունենա վարչապետի ընտրության առաջին փորձը։ Վարչապետ չընտրվելու դեպքում…
Դիտել

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը հայտնել է Վաշինգտոնում նախատեսված հայ-ադրբեջանական բանակցությունների հետաձգման պատճառը

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը, որ այս շաբաթ պետք է տեղի ունենար Վաշինգտոնում, հետաձգվել է ժամանակացույցի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share