Առողջապահության նախարարի հրամանը հակասահմանադրական և հակաօրինական են. ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիա

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհուրդը, ուսումնասիրելով հանրային քննարկման դրված ««Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) և ՀՀ առողջապահության նախարարի 20.08.2021թ.-ի N 65 հրամանը, գտնում է, որ այդ ակտերը հակասահմանադրական և հակաօրինական են։ Կոալիցիան նաև հայտնում է իր մտահոգությունը ՀՀ կառավարության քաղաքականության նկատմամբ և ընդգծում, որ այդ գործելաոճով Կառավարությունը խախտում է իրավական և ժողովրդավարական պետության այնպիսի կարևորագույն սկզբունքներ, ինչպիսիք են՝ իրավունքի գերակայությունը օրենքի նկատմամբ, մարդու արժանապատվությունը, մարդու աշխատանքի և առողջության իրավունքը՝ ստորև ներկայացված պատճառաբանություններով։

Նախագծի հիմնավորման նպատակով հղում է կատարվում միայն ՀՀ սահմանադրության 85-րդ և 86-րդ հոդվածների և «Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքի 20.1-ին հոդվածի իրավակարգավորումներին, անտեսելով մարդու իրավունքների և ազատությունների իրացման սահմանադրական այլ իրավակարգավորումները։

Նախագծի հեղինակը՝ ՀՀ արդարադատության նախարարությունը, խախտում է նաև ՀՀ սահմանադրության երեք հոդվածներով նախատեսված սկզբունքները՝ օրենքի առջև բոլորի հավասարության (28-րդ հոդված), սոցիալական բնույթի այլ հանգամանքներից կախված խտրականության արգելքը (29-րդ հոդված) և համաչափության սկզբունքը (78-րդ հոդված), ինչպես նաև՝  Սահմանադրության 57-րդ հոդվածը (Աշխատանքի ընտրության ազատությունը և աշխատանքային իրավունքները) և ՀՀ աշխատանքային օրենսգրքի մի շարք էական դրույթներ։ Մասնավորապես, Նախագծի 5-րդ հոդվածով սահմանվում է այնպիսի խտրական և ոչ իրավահավասար կարգավորում, որով առաջարկվող իրավակարգավորումները չեն տարածվելու Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի պատգամավորի, վարչապետի, համայնքի ղեկավարի և համայնքի ավագանու անդամի, Մարդու իրավունքների պաշտպանի, Սահմանադրական դատարանի դատավորի, անկախ պետական մարմնի անդամի, ինքնավար մարմնի անդամի, Վիճակագրության պետական խորհրդի անդամի, վճռաբեկ, վերաքննիչ և առաջին ատյանի դատարանի դատավորի, գլխավոր դատախազի պաշտոնների վրա: Կոալիցիայի համար մտահոգիչ է այս հանգամանքը, քանի որ ըստ էության արտոնյալ կարգավիճակ է տրված վերը նշված բարձրաստիճան պաշտոնյաներին։ Ուստի գտնում ենք, որ այս կարգավորումը խախտում է Սահմանադրությամբ և աշխատանքային օրենսգրքով նախատեսված խտրականության արգելքի սկզբունքը։

Անդրադառնալով համաչափության սահմանադրական սկզբունքին, պետք է նշել, որ պետությանը թույլատրվում է իրականացնել մարդու իրավունքների և ազատությունների սահմանափակումներ այնքանով, որքանով դրանք պիտանի են և անհրաժեշտ են սահմանադրական այլ իրավունքների իրացման նպատակով։ Այն ինչ այս նախագիծը, ճիշտ հակառակը, ոչ պիտանի, ոչ հիմնավոր և ոչ անհրաժեշտ միջոցներով, խտրական եղանակով կոպտորեն խախտում է մարդու իրավունքներն ու ազատությունները և միջամտում անձի կողմից իր սահմանադրական իրավունքների իրացմանը։ Այն նաև հակասում է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 25-րդ հոդվածին, որի համաձայն՝ յուրաքանչյուր ոք իրավունք ունի գրավոր հրաժարվելու բժշկական միջամտությունից կամ պահանջելու ընդհատել այն:

Բացի նշված Նախագծից, Կոալիցիան ոչ իրավական է դիտարկում նաև ՀՀ առողջապահության նախարարի 20․08.2021թ.-ի N 65-Ն հրամանը՝ ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 4-ի թիվ 17-Ն և 2020 թվականի սեպտեմբերի 18-ի թիվ 24-Ն հրամաններում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին։ Այս նախագծով ևս քաղաքացիների վրա դրվում է ոչ իրավաչափ պարտականություն ամբողջական պատվաստում չունենալու դեպքում յուրաքանչյուր 14 օրը մեկ ՊՇՌ թեսթ հանձնել, իսկ թեսթի արդյունքները չներկայացնելու դեպքում՝ այս ոչ իրավաչափ հրամանը ստեղծում է աշխատանքից ազատման հիմքեր, ինչը նույնպես մարդու սահմանադրական իրավունքների խախտում է:  

Ի լրումն, Նախագծի ընդունումը կհանգեցնի ՀՀ հանրային ծառայողների մեծ մասի ֆինանսական դրության կտրուկ ծանրացման, ինչպես նաև արդեն հանգեցրել է կոռուպցիոն դրսևորումների, որոնց արդյունքում հարուցվել են քրեական գործեր՝ կեղծ պատվաստման անձնագրեր տրամադրելու առիթով։

Ելնելով վերոհիշյալից կոչ ենք անում.

  1. Ետ կանչել հակասահմանադրական և հակաօրինական նախագիծը։
  2. Անվավեր ճանաչել ՀՀ առողջապահության նախարարի 20․08.2021 թ.-ի N 65-Ն հրամանը, քանի որ այն հակասում է ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտի՝ ՀՀ սահմանադրությանը և օրենքներին։
  3. Կորոնավիրուսի դեմ պատվաստումները իրականացնել կամավորության սկզբունքով՝ գերակա ճանաչելով մարդու իրավունքների և ազատությունների իրացումը։
  4. Նախքան կորոնավիրուսի կանխարգելման նպատակով սահմանափակումների կամ միջոցառումների ընդունումը, իրականացնել իրավական ակտերի նախագծերի փորձաքննություն՝ խուսափելով հակասահմանադրական և հակաօրինական իրավական ակտերի ընդունումից։

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհուրդ

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Տեղի է ունեցել «Արևմուտք 2021» ռազմավարական զորավարժության բացման հանդիսավոր արարողությունը

Հաջորդը

Վերակառուցվում է Օհանավանի դպրոցը

Առնչվող նյութեր
Դիտել

Մեծ անորոշություն կա․ Հովսեփ Խուրշուդյան (տեսանյութ)

«Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը «Ազդագիր» կայքին տված հարցազրույցի ժամանակ նշեց, որ Սոչիի եռակողմ հանդիպումը չլուծեց գլխավոր…
Դիտել

ՀՀ նախագահը որոշել է չստորագրել

Հանրապետության նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու առաջարկության վերաբերյալ Հանրապետության…
Դիտել

ՀՖՖ-ն չի մեկնաբանում Մարսելինո Գարսիա Տորալին հավաքականը գլխավորելու լուրերը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան չի մեկնաբանում առանձին լրատվամիջոցների, լրագրողների կամ «ինսայդերների»՝ սոցիալական ցանցերում արված հրապարակումները: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս…
Դիտել

Ռուս մասնագետները վերապատրաստում են ՀՀ ԱԻՆ կինոլոգներին

Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը հոկտեմբերի 10-ից նոյեմբերի 5-ը «Փրկարարական ծառայության կինոլոգիական հաշվարկների ուսուցանում» ծրագրով դասընթացներ է անցկացնում։ Դասընթացներին…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share