ԼՂ ժողովուրդը պետք է հնարավորություն ունենա խաղաղ ապրել սեփական հայրենիքում. Արարատ Միրզոյան

ՄԱԿ-ի ԱԽ նախարարական նիստում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը.

Պարոն նախագահ,
Ձերդ գերազանցություններ,
Անվտանգության խորհրդի անդամներ,

Ուրախ եմ մասնակցելու ՄԱԿ Անվտանգության խորհրդում այսօրվա քննարկումներին, և շնորհակալություն եմ հայտնում իմ սիրելի գործընկերոջը՝ Հնդկաստանի արտաքին գործերի նախարարին հրավերի համար։

Հնդկաստանի նախագահությունն ընտրել է շատ արդիական և կարևոր թեմա այս բաց բանավեճի համար։

Մեզ հանրածանոթ միջազգային հարաբերությունները կարծես անցումային փուլում են:

Համաշխարհային անվտանգության ճգնաժամը, որում գտնվում ենք բոլորս, մեծապես ազդել է բազմակողմանիության համակարգի գործունեության վրա։ Իհարկե, կարող է և հակառակ կարծիք էլ լինել, որ բազմակողմ համակարգի ձախողումները հանգեցրեցին այն իրավիճակին, որին մենք այսօր առերեսվում ենք։ Սա նման է հավի և ձվի պատմությանը, ուստի կարծում եմ, ավելի տեղին է կենտրոնանալ այն հարցի վրա, թե ինչպես պետք է բարեփոխվի բազմակողմանիությունը՝ հիմնված այն դասերի վրա, որոնք պետք է քաղել:

Եթե փորձեմ սահմանել բազմակողմանիությունը շատ պարզեցված եզրույթներով, այն կանվանեի «փոխադարձ համաձայնության վրա հիմնված հանձնառություների հասնելու և հետևելու կարողություն»: Ընդհանուր լեզու գտնելու համար մենք պետք է հավատարիմ մնանք համընդհանուր կարմիր գծերին, որոնց նկատմամբ երկկողմանի մոտեցում չի կարելի հանդուրժել։ Եվ այս կարմիր գծերն առաջին հերթին արտացոլված են Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում և ՄԱԿ կանոնադրության մեջ։ Այս կարևոր բաց բանավեճը, հուսանք, խորհելու հիմք կհանդիսանա մեր համատեղ պայքարում՝ հանուն ապագա սերունդների բազմակողմ համակարգը պահպանելու և բարելավելու համար։

Պարոն նախագահ,

Հայաստանը անշեղորեն հանձնառու է բազմակողմանիությանը՝ խարսխված Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության նպատակների և սկզբունքների վրա, այդ թվում՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառումը և վեճերի խաղաղ կարգավորումը:

Աշխարհում, որտեղ հակամարտությունները, ցավոք, շարունակում են պահպանվել, ուժի կիրառման արգելքը և հակամարտությունների խաղաղ կարգավորմանը խստորեն հետևելն անփոխարինելի են միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման համար:

Միավորված ազգերի կազմակերպությունը պետք է դիմադրողականություն ցուցաբերի միակողմանի լուծումներ պարտադրելու և խաղաղ կարգավորման փոխարեն բռնությանն առաջնահերթություն տալու արատավոր գործելաոճին: Միջպետական հարաբերություններում ուժի կիրառումը սովորական երևույթ դարձնելու, պատերազմներ սանձազերծելու և վայրագություններ իրականացնելու փորձերն անհամատեղելի են Միավորված ազգերի կազմակերպության հիմնական արժեքների ու նպատակների հետ և պետք է միանշանակ դատապարտվեն ու մշտապես մերժվեն բոլոր ժամանակներում։

Նման անհանգստացնող մարտահրավերները կանխելու և արձագանքելու նպատակով ՄԱԿ և ՄԱԿ Անվտանգության խորհրդի կարողությունների հզորացումը կարևոր է միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման նպատակին հասնելու համար:

Հայաստանն աջակցում է բազմակողմանիության ինստիտուտները բարեփոխելու և Անվտանգության խորհուրդն ավելի ընդգրկուն և արդյունավետ դարձնելու ջանքերին, այդ թվում Հնդկաստանի ջանքերին՝ միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը սպառնացող առկա և ի հայտ եկող մարտահրավերներին ու սպառնալիքներին արձագանքելու գործում:

Հարգելի գործընկերներ,

Հայաստանն անմիջականորեն ականատեսն է եղել բազմակողմանիության հետընթացի հետևանքներին: Միջազգային հանրությունն անկարող գտնվեց կանխելու Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ, որը հանգեցրեց հազարավոր զոհերի, վիրավորների և տեղահանման նոր ալիքի։

Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության խնդիրը դեռևս պետք է հասցեագրվի։ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պետք է հնարավորություն ունենա արժանապատիվ և խաղաղ ապրել սեփական հայրենիքում։

Բազմակողմանիության հետընթացը դրսևորվել է նաև Անվտանգության խորհրդի կողմից մանդատ ստացած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության՝ իր պարտականությունները կատարելու անկարողությամբ։ Հակամարտող կողմերից մեկն, ըստ էության, արգելափակում է այս ձևաչափի գործունեությունը։ Ավելին, միակողմանիորեն հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված է ուժի կիրառման միջոցով, դրանով իսկ խոչընդոտելով միջազգային միջնորդական ջանքերի միջոցով հակամարտության հնարավոր կարգավորմանը

Միջազգային հանրության սահմանափակ հետաքրքրության պայմաններում մեր տարածաշրջանում անվտանգության մարտահրավերները միայն ավելացան: Հայաստանի ինքնիշխան տարածքները շարունակաբար ենթարկվում են հարձակումների: Վերջին խոշոր միջադեպը տեղի ունեցավ այս տարվա սեպտեմբերին, և մենք խնդրեցինք Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ հրավիրել՝ իրավիճակն ամբողջությամբ գնահատելու և այդ հարցն ուշադրության կետրոնում պահելու համար:

Ցավով պետք է արձանագրեմ, որ անվտանգային իրավիճակը որևէ էական բարելավման չի ենթարկվել։ Չնայած միջազգային հանրության կոչերին՝ Ադրբեջանը շարունակում է օկուպացված պահել Հայաստանի ինքնիշխան տարածքները։ Մենք շարունակաբար առերեսվում ենք Ադրբեջանի աճող ռազմական հռետորաբանությանը, որը բացահայտորեն սպառնում է մեր ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։

Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտից երկու տարի անց հայ ռազմագերիների հայրենադարձության խնդիրը մնում է չլուծված։ Ադրբեջանական կողմը շարունակում է իր խեղաթյուրումները՝ հումանիտար խնդիրներն արհեստականորեն հակակշռելու և հայ ռազմագերիների վերադարձը սակարկության առարկա դարձնելու նպատակով, ինչը բացարձակ անընդունելի է և չպետք է հանդուրժվի միջազգային հանրության կողմից։

Ավելին, միջազգային մարդասիրական կառույցները, այդ թվում՝ ՄԱԿ շրջանակներում գործող, դեռևս չեն կարողանում անչափ անհրաժեշտ օգնությունը ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին՝ ըստ էության անտեսելով նրանց՝ ի հակադրություն 2030 Կայուն զարգացման օրակարգի համաշխարհային խոստմանը:

Ճակատագրի հեգնանքով է կարծես, որ ոչ միայն միջազգային մարդասիրական կազմակերպությունների, այլ նույնիսկ այնտեղ բնակվող մարդկանց մուտքն է արգելափակված Լեռնային Ղարաբաղ:

Արդեն երրորդ օրն է՝ ինչ Ադրբեջանը, խախտելով իր միջազգային պարտավորությունները, փակել է Լաչինի միջանցքը, որով կտրել է Հայստանից և աշխարհից ԼՂ-ին։

Երբ մենք խոսում ենք, ԼՂ-ում ապրող մարդիկ զրկված են իրենց ազատ տեղաշարժի իրավունքից, մայրերը իրենց երեխաներից հեռու են, հիվանդները չեն կարողանում բժշկական օգնություն ստանալ։ Դեռ ավելին, այս սառը ձմռան պայմաններում գազի մատակակարումը ԼՂ-ում ևս դադարեցվել է Ադրբեջանի կողմից: Սա կարող է հանգեցնել աղետի, քանի որ այնտեղ կա սննդի և էներգիայի կարիք։

Եվ այս պայմաններում Ադրբեջանի ղեկավարությունը ասում է, որ նրանք պատրաստ են պաշտպանել ԼՂ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը։ Ադրբեջանի կողմից իրենց իրավունքների և անվտանգության շուրջ Ստեփանակերտի հետ երկխոսությունից հրաժարվելու դիրքորոշումը վկայում է այն մասին, որ Բաքուն շարունակում է հետապնդել ցեղասպանական քաղաքականություն ԼՂ-ում բնակվող հայերի նկատմամբ։

Եվ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ժամանակ, և ԼՂ հարցում Ադրբեջանը հրաժարվում է կատարել իր պարտավորությունները, որոնք ձեռք են բերվել բազմակողմանի ֆորմատով։ Ադրբեջանի ղեկավարության հռետորաբանությունը և մաքսիմալիստական մոտեցումը սնուցող գործողությունները մեծ ռիսկի տակ են դնում Հարավային Կովկասում խաղաղության հասնելու շանսը։

Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պետք է հնարավորություն ունենա արժանապատիվ և խաղաղ ապրել սեփական հայրենիքում»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ադրբեջանը շարունակում է փակ պահել ճանապարհը

Հաջորդը

Կատար 2022. Ֆրանսիան ընդհատեց մարոկկացիների ընթացքը

Առնչվող նյութեր
Դիտել

Ինչպես են Ղազախստան մեկնող հայ զինծառայողներին տեղափոխում Էրեբունի օդանավակայան (տեսանյութ)

Ազգային-Ժողովրդավարական Բևեռի յութուբյան ալիքը հրապարակել է Ղազախստան մեկնող հայ զինծառայողներին Էրեբունի օդանավակայան տեղափոխելու կադրեր
Դիտել

Հայ ռազմագերիները պատանդ են ռուս-թուրքական հարավկովկասյան պրոյեկտի իրականացման ձեռքին

ՀՀ երեք կուսակցություններ հանդես են եկել հայտարարությամբ․ «ՀՀ և ՌԴ արտգործնախարարների համատեղ ասուլիսի ընթացքում Ադրբեջանում պահվող հա յռազմագերիների…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share