Նոր աշխարհակարգը. Վեստֆալից մինչև Հայաստան

Մեզ անհնար է շեղել մեր ճանապարհից, որովհետև մեզ համար միևնույնն է, թե ուր ենք գնում։

Վերջին տարիներին շատ է խոսվում այն մասին, որ «աշխարհակարգը փլուզվում է»։ Եվ իրոք, մենք տեսնում ենք երևույթներ, որոնք տասնամյակներ շարունակ խորթ են եղել միջազգային հանրության համար։ Այդպիսիք են Կոսովոյի օրինակը, Հարավային Օսիայի և Աբխազիայի օրինակները, Սիրիայում տեղի ունեցող ու տարիներ ձգվող պատերազմը, Ղրիմի բռնակցումը Ռուսաստանին և այլն։ Երկրորդ աշխարհամարտից հետո հաստատված հարաբերական խաղաղությունը որոշակիություն էր մտցրել ապագայի գնահատման հարցում․ մարդիկ կարողանում էին պլանավորել տնտեսությունն ու ձեռնարկատիրությունը, իրենց մասնավոր կյանքը, վստահություն ունենալ վաղվա օրվա նկատմամբ։ Ստեղծված անորոշությունների պարագայում դա անելն արդեն չափազանց բարդ էր, իսկ այս ամենին ավելացավ նաև երրորդ համաշխարհային պատերազմի և գերտերությունների՝ միջուկային զենքի հարվածներով փոխանակվելու իրական վտանգը։ 

Հայաստանն իր վրա զգաց ստեղծված իրավիճակի հարվածներից մեկը։ Այն բավականին ցավոտ էր անհոգ ապրելու համար՝ շարունակելով բախտի քմահաճույքին թողնել «Հայաստան» կոչվող մակույկը, որ հայտնվել է փոթորկվող օվկիանոսում։ Պետք է վերջապես որոշել, թե ինչպիսին ենք ուզում տեսնել Հայաստանը 1 տարի հետո, 10, 50, 100 տարի հետո, և նավարկել այդ ուղղությամբ։ Ցավոք, 2020թ․ պատերազմական գործողություններում պարտությունը ստեղծել է իրավիճակ, երբ այդպիսի պլանավորման հորիզոնը անհնարինության աստիճան մոտեցել է։ Այս իրավիճակում չափազանց դժվար է երկարաժամկետ պլանավորումը, բայց առանց դրա մենք կստանանք այն, ինչ ունեցել ենք անկախության հռչակման վերջին տասնամյակներում՝ սեփական ճանապարհով գնալու փոխարեն մասնակցել այլոց տարածաշրջանային ծրագրերին ու վերջում հայտնվել այնտեղ, որտեղ ամենևին չէինք ցանկանա։ 

Ցավոք, Հայաստանի հանրային քննարկման դաշտում այսօր արդի միտումները անցյալի սխալների համար մեղավոր(ներ) փնտրելու մասին են, և շատ քիչ են քննարկվում ապագայի հարցերը։ Ակնհայտ է, որ մեդիա դաշտը, հանրությունը կուտակված հարցեր ունեն, որոնք փաստարկված պատասխաններ են ուզում քաղաքական-փորձագիտական դաշտից։ Եղած պատասխանները չեն բավարարում և, թույլ տվեք ասել, չեն էլ կարող բավարարել, եթե նույնիսկ հնչեն։ Համոզմունք ունեմ, որ տիրապետող հայ քաղաքական միտքը կդժվարանա ճիշտ պատասխանը սխալից տարբերել։ Համոզմունքի հիմքն այն է, որ մենք չենք կարողանում համաձայնության գալ, թե կոնկրետ որ սխալներն են մեզ աղետի հանգեցրել, իսկ մտածողության նույն մակարդակում անհնար է լուծել այնպիսի խնդիրներ, որոնք առաջացել են հենց այդ նույն մտածողության պատճառով։ 

Պատասխաններ գտնելու որևէ փորձ անիմաստ կդառնա, եթե մենք ավելի գլոբալ մակարդակում չփորձենք հասկանալ, թե ինչ միջավայրում ենք հայտնվել, ի վերջո, ուր է գնում աշխարհը, և ինչ ենք ստանալու այս ճանապարհի վերջում։ Ինչո՞վ է փոխարինվելու փլուզվող աշխարհակարգը։ Ինչքա՞ն է տևելու նորի կառուցումը։ Ընդհանրապես, ի՞նչ է «աշխարհակարգը», որո՞նք են դրա ձևավորման նախապայմանները, գործողության տրամաբանությունը։ Այս հարցերի ճիշտ պատասխանները հնարավորություն կտան Հայաստանի ապագայի հանգրվանների ճիշտ ընտրություն կատարել։ Այս հարցերի ճիշտ պատասխանները հնարավորություն կտան հենց այսօր որոշել, թե ինչպիսի հարաբերություններ է պետք կառուցել հարևանների և աշխարհաքաղաքական ուժային կենտրոնների հետ, որպեսզի ապագայում այսօրվա սխալ որոշումների գերին չդառնանք։ 

Շատ դժվար է ընդհանուր հայտարարի գալ, երբ մենք միջազգային կարգերի հաստատման գործում մասնակցության նվազագույն փորձ ունենք։ Մենք միշտ այդպիսի տրանսֆորմացիաների օբյեկտ ենք եղել, իսկ երբ շանս ենք ստացել որպես սուբյեկտ մասնակցել այդպիսի գործընթացների, ձախողել ենք մեր առաքելությունը։ Այսուհանդերձ, հոդվածի նպատակը վերոնշյալ հարցերի պատասխանները գտնելու միջոցով Հայաստանի ապագայի ռազմավարական այլընտրանքների վերաբերյալ քննարկումների խթանումն է։ 

Վեստֆալյան խաղաղություն

Այն, ինչ մենք այսօր կարող ենք աշխարհակարգ կոչել, ձևավորվել է ներկայիս Գերմանիայի տարածքում գտնվող Վեստֆալիա կոչվող շրջանում` 1648թ․ կնքված հաշտության պայմանագրի արդյունքներով։ Ընդ որում` պայմանագիրը ստորագրող երկրներն ամենևին նպատակ չեն ունեցել դրանով աշխարհի համար հարաբերվելու որոշակի կանոններ սահմանել։ Ուղղակի Կենտրոնական Եվրոպայի ամբողջ տարածքում 30 տարի տևած պատերազմն այնքան էր հյուծել այդ երկրներին, որ նրանք ստիպված խաղաղ համակեցության համար նվազագույն պարզ կանոններ հեղինակեցին։ Հետագայում այդ կանոնները լրամշակվեցին, արդիականացվեցին և ընդունելի ու կիրառելի դարձան աշխարհի բոլոր պետությունների համար։ Որպեսզի միջազգային հարաբերությունների կարգավորման անհրաժեշտությունն ու տրամաբանությունը հասկանալի լինեն, պետք է փոքր ինչ կանգ առնենք Վեստֆալյան խաղաղության պայմանագրերին նախորդող դեպքերի և դրա առաջացման նախապայմանների նկարագրության վրա։ 

16-րդ դարի վերջի և 17-րդ դարի սկզբի Եվրոպան միջնադարից անցում էր կատարում դեպի նորագույն պատմություն։ Աշխարհագրական մեծ հայտնագործությունները խթանել էին միջազգային տնտեսական կապերը, հարստացրել Եվրոպան։ Կապիտալիստական հարաբերությունների առաջացմամբ, արտադրության միջոցների սրընթաց զարգացմամբ և արտադրողականության աճով պայմանավորված՝ ազատությունների ու բարեկեցության մակարդակի աճը կյանքի իմաստի նոր փնտրտուքի նախադրյալներ էին ստեղծել։ Վերանայվում էին կրոնի վերաբերյալ միջնադարյան պատկերացումները, որոնք հանգեցրել էին կրոնական ալտերնատիվ տեսությունների ձևավորմանն ու լայն տարածմանը։ Այս փոփոխությունների փուլն ընդունված է անվանել Ռեֆորմացիայի դարաշրջան։ 16-րդ դարի վերջում կաթոլիկ եկեղեցու քննադատությամբ առանձնացած լյութերականությունն ու կալվինիզմը արդյունավետ տարածվում էին և մարտահրավեր նետում կաթոլիկությանն ու Հռոմի պապի կրոնական դիկտատին, հարցականի տակ դնում աշխարհիկ կյանքին եկեղեցու միջամտության լեգիտիմությունը։ Սակայն այդ հարցադրումը ոչ միայն կաթոլիկ եկեղեցու հեղինակությանն էր հարված հասցնում, այլ նաև աշխարհիկ իշխանության հիերարխիկ կառուցվածքին։ Բացի դրանից՝ տարբեր երկրներում կրոնական փոքր ու մեծ հակասությունները թշնամիներն օգտագործում էին այդ երկրներում իշխանությունը վիճարկելու հարցում։ Այսինքն՝ թեև Եվրոպայում իրական պայքարը գերիշխանության հասնելու համար էր, բայց այն հուսալիորեն քողարկվում էր կրոնական հակասությունների շղարշով։ 1618թ․ այսպիսի հակասությունները Եվրոպայում հանգեցրին Երեսնամյա պատերազմին։ Սկզբում այն արտահայտվում էր Սրբազան Հռոմեական կայսրության տարածքում կրոնական համայնքների միջև տեղային բախումներով, որոնք հետագայում վերածվեցին Եվրոպայի պատմության մեջ ամենամեծ ու արյունալի պատերազմի, որի մեջ այս կամ այն կերպ ներգրավված էին եվրոպական համարյա բոլոր երկրները։ Այդ պատերազմի, դրա հետևանք հանդիսացող սովի ու համաճարակների զոհ դարձավ Կենտրոնական Եվրոպայի բնակչության մեկ երրորդից ավելի մարդ։

Եվ ահա, երեսուն տարի անց՝ 1648թ․-ին, Վեստֆալյան շրջանի  Օսնաբրյուկ և Մյունստեր քաղաքներում եվրոպական երկրների քաղաքական խավը հավաքվեց՝ վերջ դնելու այս պատերազմին։ Պետք է նշել, որ չնայած համաձայնությունների հիմքը նշվում էր որպես «խաղաղության և բարեկամության ձգտում՝ հիմնված քրիստոնեական անվիճելի ճշմարտությունների վրա», բայց պայմանավորվածությունները զերծ էին բարոյականության մասին կողմերի ընկալումներից, այլ՝ ստեղծված իրողությունների պայմաններում որևէ կերպ համակեցության կանոնների սահմանումներ էին՝ ելնելով եվրոպական պրագմատիզմից։ Հերթով անդրադառնանք այդ սահմանումներից մի քանիսին, քանի որ դրանք առանցքային նշանակություն են ունենալու մինչ օրս ձևավորված միջազգային հարաբերությունների համար։

  1. Կողմերը պայմանավորվում էին որպես հարաբերությունների սուբյեկտ համարել ազգային պետությունները, ոչ թե արքայական դինաստիաները կամ կրոնական համայնքները։ 
  2. Բոլորն ընդունում էին, որ ցանկացած մեծ, թե փոքր պետություն ունենում է ազգային/պետական շահեր, որոնց հետ մյուս սուբյեկտները պետք է հաշվի նստեն, իսկ հակասությունները լուծեն խաղաղ բանակցությունների միջոցով։ Սրանով ամրագրվեց ինքնիշխան պետականության երևույթը, որի անկախությունը ճանաչում ստանալուց հետո երաշխավորվում էր համաձայնության մեջ գտնվող մյուս երկրների ձևավորած զսպման մեխանիզմներով։
  3.  Ընդունվեց միմյանց ներքին գործերին չիմջամտելու անխախտելի սկզբունքը։
  4. Կրոնական ցանկացած կողմնորոշման հնարավորությունը ամրագրվեց որպես անքակտելի իրավունք, և երկրների ներսում գոյություն ունեցող կրոնական համայնքները դավանանքի ազատություն ստացան՝ զերծ բռնի դավանափոխության ու կրոնական հայացքների պարտադրման վախերից։ 

Ինչպես Վեստֆալյան խաղաղության դեպքում, այնպես էլ մնացած բոլոր նման հարթակների նպատակը ժամանակի մարդկանց ու պետությունների համար իսկական աղետ դարձած նախորդած մեծ պատերազմը վերջինը դարձնելու բնական մղումն էր։ Միջպետական հարաբերությունների այսպիսի առանցքային փոփոխությունները տեղի ունեցան հե՛նց Եվրոպայում այն պատճառով, որ տարածաշրջանում ձևավորվել էր իրականություն, երբ մասնատված ու խիստ բազմազան քաղաքական ոչ մի միավորի ուժը բավարար չէր մյուսներին հաղթելու համար։ Դա հնարավոր դարձավ, որովհետև Եվրոպան բավականին մասնատված էր, որպեսզի ստեղծվող ու փլուզվող դաշինքների միջոցով ինքնաբերաբար ուժային հավասարակշռություններ ձևավորվեին։

Ի տարբերություն Եվրոպայի՝ այդ տարածաշրջանից դուրս գտնվող երկրներն ի սկզբանե հարաբերությունների այսպիսի կարգավորումներն իրենցը համարել չէին կարող։ Այսպես, ժամանակին եվրոպական թատերաբեմում ակտիվ Օսմանյան կայսրությունն ու ընդհանրապես իսլամադավան երկրները պատկերացնում էին բոլորի միավորումն իսլամի ներքո և շարիաթի օրենքներով ապրող աշխարհ, որտեղ խոսք չկար բազմազանության մասին։ Ռուսաստանում «Խառնակ ժամանակներն» էին, որ բնութագրվում են պետականության ճգնաժամով, տնտեսական անկայունությամբ, իրար հաջորդող ապստամբություններով։ Հետագայում այստեղ նույնպես բազմազանության պայմաններում համակեցության մասին խոսք լինել չէր կարող։ Թեև փոխվել են քաղաքական ռեժիմները, դիկտատորների անունները՝ ցարից մինչև նախագահ, բայց կառավարման բովանդակությունը դրանից մեծ փոփոխությունների չի ենթարկվել․ մինչ այժմ ռուսական կառավարման ձևը աբսոլյուտիզմն է։ Արևելքում՝ Չինաստանում, նույնպես բազմազանության պայմաններում ապրելու ավանդույթներ չկային։ Քաղաքական փիլիսոփայությունն ասում էր, որ կայսրներն իշխում են երկնքի տակ գոյություն ունեցող ամեն ինչի վրա և, հետևաբար, ամեն ինչ պետք է ձևափոխվի նրանց պատկերացումներին ու մշակույթին համահունչ։ Եվրոպայի սահմաններից դուրս ինքնիշխանությունն անհասկանալի էր, իսկ ուժերի հավասարակշռությամբ խաղաղության մեջ ապրելու պրակտիկան ընկալում չէր կարող գտնել։ 

Սակայն նույնիսկ ամենաբարդ հարաբերությունների կարգավորման համար Վեստֆալյան խաղաղության պայմաններն այնքան պարզ են և համապարփակ, որ դրանցով գործնականում հնարավոր է կարգավորել աշխարհի բոլոր տարածաշրջանների ժողովուրդների ու պետությունների միջև հարաբերությունները՝ անկախ կրոնից, քաղաքական փիլիսոփայությունից կամ քաղաքակրթական մակարդակից։ Այն բազմազանությամբ, որ առկա էր 17-րդ դարի Եվրոպայում, այսօր կարելի է բնութագրել ամբողջ գլոբալիզացված աշխարհը։ 

Վեստֆալյան խաղաղության պայմանների երաշխավորը ժամանակի խոշոր եվրոպական տերություններ էին՝ Ֆրանսիան և Շվեդիան, սակայն պետք է նշել Անգլիայի բացառիկ դերակատարությունը, որ շարունակվեց ընդհուպ 20-րդ դար։ Ի տարբերություն ցամաքային պետությունների՝ Անգլիան հզոր նավատորմ ունենալու պարագայում ավելի պաշտպանված էր, և դա նրան հնարավորություն էր տալիս առանց մեծ ռիսկերի արդյունավետ միջամտել համաեվրոպական գործերին։ Մյուս կողմից, որպես ժամանակի տնտեսական առաջատարներից մեկը, միջազգային առևտրի էական դերակատար, խաղաղությունը նրա համար կենսական անհրաժեշտություն էր։ Եվ Անգլիայի այդպիսի դիրքը ապագա դարերի նրա վարած քաղաքականության համար վճռորոշ նշանակություն ունեցավ։ Հենց նա՛ էր դառնում եվրոպական խաղաղության պահպանման հիմնական երաշխավորը, որը դաշնակիցներին փոխելու միջոցով զսպում էր ցամաքային որևէ տերության աճող ախորժակը և, հետևաբար, պատերազմները։  Որևէ պետություն, որ հնարավոր կհամարեր հարևան պետությանը պատերազմով պարտության մատնել, պետք է նկատի ունենար, որ ընդունված կանոնները խախտելու դեպքում գործ է ունենալու ոչ միայն հարևանի, այլ նաև Անգլիայի հետ։ Հենց այսպիսի քաղաքականությունն է ապագայում Անգլիայի վարչապետ դարձած լորդ Պալմերստոնի ներկայումս տարածված այս խոսքերի հիմք դարձել․ «Անհեռատես է կարծել, թե Անգլիան անփոխարինելի դաշնակիցներ և մշտական թշնամիներ ունի։ Մենք հավերժական թշնամիներ և հավերժական բարեկամներ չունենք։ Միայն մեր շահերն են հավերժական, և մեր պարտքն է մեր շահերին հետամուտ լինելը»։

Ամփոփելով Վեստֆալյան խաղաղության պայմանների թեման, արձանագրենք դրա էությունը։ Դրանցով մի կողմից պետություններին տրվում էին իրավունքներ՝ ինչ սահմաններում կարելի է գործել, ինչ կարելի է անել, իսկ ինչ՝ չի կարելի, մյուս կողմից դրանք ձևավորում էին ուժերի այնպիսի հավասարակշռություն, որը կանոնների խախտման դեպքում կզսպի և թույլ չի տա, որ մեկը ենթարկեցնի մյուսներին․ կանոնները խախտողին պատժում են բոլորը։ Այսպիսով, միայն ուժեղ լինելը ողջամիտ ու բավարար չի լինում պատերազմ սկսելու և, առավել ևս, հաղթանակի ակնկալիքի համար։ Միջազգային այսպիսի իրավունքի յուրաքանչյուր սուբյեկտ՝ մեծ, թե փոքր պետություն, պետք է նույնչափ զսպված լինի և նույնչափ պաշտպանված լինի, որքան մյուսը։ 

Այս հանգամանքները էական են՝ հասկանալու համար թե՛ ներկայումս ռուս-ուկրաինական պատերազմում Ուկրաինային արևմտյան աջակցության տրամաբանությունը, և թե՛ Հայաստանի պարագայում օտարերկրյա ներխուժումներին դիմակայելու հարցում միայն հայկական ռազմական նվազած ներուժի վերաբերյալ թեզի սնանկությունը։ Հայ քաղաքական միտքը բավական մեծ կասկածամտությամբ է վերաբերվում իրավունքին՝ որպես ուժի աղբյուր,  չափազանց մեծ նշանակություն տալիս ուժին՝ որպես իրավունքի աղբյուր։ Այնինչ միջազգային իրավունքը հենվում է ուժի և իրավունքների նկարագրված փոխներգործության վրա։ Հնարավոր չէ անտեսել ուժի գործոնը, և ինչպես մենք հետագայում կտեսնենք, այն կարող է էական ազդեցություն ունենալ իրավունքների բաշխման հարցում, սակայն միջազգային հարաբերությունները հիմնված են ուժի կիրառումը հավասարապես սահմանափակելու, այն ռացիոնալիզացնելու և իրավունքների շրջանակներում ողջամտորեն կիրառելու դրույթի վրա։ Եվ ամենակարևորը՝ Վեստֆալյան պայմանագրից հետո ուժերի հավասարակշռության հասնելն արդեն համակարգ դարձավ, և դրան հասնելը համաշխարհային դերակատարում ունեցող շատ երկրների համար հռչակվեց որպես արտաքին քաղաքականության նպատակ, իսկ դրա խախտումը հավասարակշռությունը վերականգնելու և պաշտպանելու նպատակով ձևավորված կոալիցիաների էր հանգեցնելու։ Ապագայի համար հստակեցնենք, որ եթե այժմ տարբեր տարածաշրջաններում ուժային բալանսը բնական կերպով չի ձևավորվում, ապա խաղաղության պահպանման նպատակով այն ձևավորում են արհեստականորեն և հակառակը՝ շատ հաճախ պատերազմներ հրահրելու համար բավարար է լինում կողմերի միջև սպառազինության հավասարակշռության խախտումը։

Վիեննայի կոնգրես

Վեստֆալյան պայմանագրի կնքումից տասնամյակներ անց տեղի ունեցած պատերազմներն այլևս տեղային բնույթ ունեին թե՛ աշխարհագրության, թե՛ հետևանքների առումով։ Պետությունների զսպման մեխանիզմներն աշխատեցին այն պայմաններում, երբ Լյուդովիկոս 14-րդի Ֆրանսիան՝ Վեստֆալյան կարգերի պաշտպանը, փորձում էր Եվրոպայում հեգեմոնիայի հասնել։ Եվրոպայի միասնական դիմադրությանը հանդիպած ու մեկուսացած Ֆրանսիան թաղվեց ներքին հակասությունների ու խնդիրների մեջ, որոնք հանգեցրին Ֆրանսիական մեծ հեղափոխության և, ի վերջո, Նապոլեոն Բոնապարտի կառավարման ժամանակաշրջանին։

Աշխարհի կարգ ու կանոնին մարտահրավեր նետած Նապոլեոնը ցանկանում էր հեղափոխության գաղափարների տարածման, միապետական կարգերը վերջնականապես տապալելու քողի տակ Ֆրանսիային ենթարկեցնել ամբողջ Եվրոպան։ Հաջողված ռազմական արշավների ընթացքում նա երկրին միացրեց որոշ տարածքներ, իսկ գրաված մյուս տարածքներում ստեղծեց խամաճիկ հանրապետություններ։ Նապոլեոնի անպարտության առասպելը մի պահ նույնիսկ կարող էր հավատ ներշնչել, որ նա կարող է Եվրոպայից հետո Ասիան էլ ծնկի բերել։ Բայց այս անգամ էլ հականապոլեոնական դաշինք ձևավորվեց, որը ռուսական զորքը հասցրեց մինչև Փարիզ։ 

Նոր աշխարհակարգի վերաբերյալ բանակցություններն անցկացվեցին Վիեննայում 1814-15 թվականներին։ Կոնգրեսին հրավիրված էին եվրոպական բոլոր երկրները՝ բացի Օսմանյան կայսրությունից։ Որոշվեց ապագայում Ֆրանսիայի ախորժակը զսպելու համար Սրբազան Հռոմեական կայսրության տարածքում գտնվող մոտ 4 տասնյակ իշխանապետություններից Գերմանական համադաշնություն ստեղծել, որի ներուժը բավարար էր Ֆրանսիային զսպելու համար, բայց, ներքին հակասություններով պայմանավորված, ներուժը բավարար չէր, որպեսզի հաղթանակած դաշնակիցների համար վտանգ ներկայացներ։ 

Կողմերը հերթական անգամ արձանագրեցին, որ բոլոր պարագաներում էվոլյուցիոն զարգացումը նախընտրելի է ռազմական բախումներից, և համակարգի կանոնների պաշտպանությունը կարևոր է առաջացող այս կամ այն տարաձայնություններից։ Այս արձանագրումը կարևոր էր, որովհետև ֆրանսիական հեղափոխությունը նմանատիպ հեղափոխական տրամադրություններ էր առաջացրել համարյա բոլոր երկրներում։ Թեև հաղթանակը Նապոլեոնական Ֆրանսիայի նկատմամբ էր, սակայն Կոնգրեսի քննարկման հիմնական մտահոգության առարկան միապետական կարգերի պաշտպանությունն էր։ Հետագայում հիմնականում հենց հակամիապետական շարժումները ճնշելու նպատակով էլ օգտագործվեցին դաշնակիցների ուժերը։ 

Մասնակիցները համաձայնության եկան Եվրոպայի նոր քարտեզի և կայսրությունների նոր տարածքների շուրջ։ Ստեղծված կարգերի պաշտպան հռչակվեց Ռուսաստանի, Ավստրիայի և Պրուսիայի մասնակցությամբ «Սրբազան դաշինքը»։ Այսպիսով, Ռուսաստանը ինստիտուցիոնալ կերպով ներգրավվեց եվրոպական անվտանգային համակարգի մեջ։ Սխալ կլինի ասել, որ եվրոպական երկրները ուրախ էին այդպիսի հեռանկարից։ Պատմագրության մեջ է մնացել ռուս ցար Ալեքսանդր 1-ինի աշխարհի կարգերի ապագայի վերաբերյալ պատկերացումներից տարբեր երկրների պատվիրակների տարակուսանքը։ Եվրոպային, որ կրոնական հողի վրա բախումների հետևանքով առաջացած կործանարար պատերազմներից հետո արդեն 150 տարի խաղաղության հաստատումը տեսնում էր միմյանց բազմազանությունն ու իրավունքները հարգելու և ուժի հավասարակշռության միջոցով, Ալեքսանդրը առաջարկում էր որպես համագործակցության հիմք ընդունել ուղղափառ քրիստոնեական արժեքները։ 

Այնուամենայնիվ, Վիեննայում կողմերը համաձայնության եկան, որ վիճելի հարցերը լուծվելու են կոնսենսուսի հասնելու ճանապահով, ինչը ներկայումս գործող կարգերի՝ ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական անդամների վետոյի իրավունքի նախատիպն էր։ Այս մոտեցումը, ինչպեսև ներկայումս, շատ խնդիրների լուծումը բարդացնում էր, սակայն գտնված լուծումները մեծ տերություններին զերծ էին պահում միմյանց շահերը անտեսելու պատճառով մեծ պատերազմներից։ Մյուս բոլոր դեպքերի համար կողմերը հանձն էին առնում հարգել միմյանց շահերը, ինքնիշխանությունը և վեճերը լուծել խաղաղ բանակցությունների միջոցով։ 

Վիեննայի կոնգրեսով հաստատված խաղաղության տակ դրված հիմնական ականը «Սրբազան դաշինքի» մասնակիցների պատկերացումներն էին երկրների ինքնիշխանության մասին։ Ըստ էության, «Սրբազան դաշինքը» կոչված էր պաշտպանել երկրների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության սկզբունքները, սակայն դրա մասնակիցներից յուրաքանչյուրը յուրօրինակ պատկերացում ուներ այդ սկզբունքների վերաբերյալ։ Պրուսիայում, օրինակ, կարծում էին, որ ազդեցիկ տերության կարգավիճակը ստիպում է Պրուսիայի տարածքային միասնականության, ինչը ենթադրում էր մասնատված երկրի տարբեր հատվածների միջև ընկած տարածքների բռնակցում։ Ռուսաստանն իր հերթին պատերազմ նախաձեռնեց Օսմանյան կայսրության դեմ՝ սպառնալով ուժերի հավասարակշռության էական փոփոխություններ մտցնել իր օգտին։ Ավստրիան էլ դեմ չէր Բալկանները վերցնել իր տիրապետության տակ՝ օգտվելով այս աղմուկից։ 

Վիեննական խաղաղության մոդելի դեպքում ևս հարկ է նշել Անգլիայի կայունացնող դերը։ Երբ ուժի և իրավունքների հավասարակշռության մեջ ուժի օգտին փոփոխություն էր լինում, մեծանում էր Անգլիայի՝ որպես հավասարակշռությունը վերականգնողի դերակատարությունը։ Այդպես եղավ նաև այս դեպքում․ երբ Ռուսաստանը Օսմանյան կայսրության դեմ նախաձեռնեց «Ղրիմի պատերազմը»․ ուժային հավասարակշռության փոփոխություն թույլ չտալու նպատակով Անգլիան և Ֆրանսիան մեծ օգնություն ցուցաբերեցին օսմաններին և միասնաբար պարտության մատնեցին Ռուսաստանին։ Ընդհանուր առմամբ, չնայած խնդիրներին, այդպիսի հավասարակշռության հասնել հաջողվեց Կոնգրեսին հաջորդած մոտ 100 տարվա համար։ 

Վերսալի խաղաղության պայմանագիր

Վեստֆալյան խաղաղության պայմանագրին հաջորդած 200 տարում` մինչև 19-րդ դարի վերջ, Եվրոպայի անվտանգային համակարգի հիմքը գերմանական իշխանապետությունների տարանջատվածությունն էր։ Հենց դա էր ուժերի բնական և արհեստականորեն ձևավորված ընդհանուր հավասարակշռության հիմքում։ Միասնական Գերմանիան անհուսալիորեն խախտելու էր եղած հավասակաշռությունը և ի չիք դարձներ հակակշիռների մեխանիզմները։ Դա էր պատճառը, որ Եվրոպական տերությունները հակված էին ամեն կերպ հակազդել այդպիսի միավորման փորձերին։

Այս ժամանակամիջոցում Գերմանական համադաշնության կանցլեր Բիսմարկը հակազդման բոլոր տարբերակներից ամենաշատը փորձում էր խուսափել Ֆրանսիայի և Ռուսաստանի հետ երկու ճակատով կռվելու հեռանկարից։ Այդ տարբերակն ի չիք դարձնելու մղումով, օգտագործելով հարևան բոլոր երկրների հակասություններն ու վախերը, նա դաշինքների մի ամբողջություն ստեղծեց։ Առաջինը Ավստրո-Հունգարիայի հետ դաշինքն էր, ըստ որի՝ կողմերը պարտավորվում էին նրանցից մեկի վրա ռուսական ագրեսիայի դեպքում լիարժեք ռազմական օգնություն ցուցաբերել մյուսին։ Մյուս կողմից, օգտագործելով աֆրիկյան մայրցամաքում գաղութատիրական քաղաքականության պատճառով լարված ֆրանս-իտալական հարաբերությունները, Բիսմարկը Իտալիային ևս մղեց դեպի ավստրո-գերմանական պաշտպանական դաշինք, բայց արդեն Ֆրանսիայի դեմ։ Դաշինքների այս շարքն ավարտվում էր «Երեք կայսրերի միություն» պայմանագրի կնքումով, որով Ավստրիան և Գերմանիան Ռուսաստանի առաջ պարտավորություն ստանձնեցին չեզոք մնալ, եթե այլ երկիր պատերազմ սկսի Ռուսաստանի դեմ։ Իսկ Ավստրիան և Ռուսաստանը պարտավորվում էին չեզոքություն պահպանել, եթե Գերմանիան պատերազմի Ֆրանսիայի դեմ։ Այս ջանքերից հետո Բիսմարկը նաև մեկ այլ համաձայնություն հաջողեցրեց՝ Միջերկրածովյան դաշինքը, որին միացած երկրները, այդ թվում՝ Անգլիան, պայմանավորվում էին պահպանել Միջերկրական ծովում ձևավորված ստատուս-քվոն։ Այս ամենից զատ, Բիսմարկը գաղտնի պայմանավորվածության եկավ Ռուսաստանի հետ, ըստ որի՝ Գերմանիան պարտավորվում էր չեզոքություն պահպանել, եթե Ավստրիան հարձակվի Ռուսաստանի վրա, իսկ Ռուսաստանը պարտավորվում էր նույնն անել Գերմանիայի նկատմամբ ֆրանսիական ագրեսիայի դեպքում։

Այս բոլոր քայլերը Գերմանական կայսրության ստեղծման ամենամեծ հակառակորդին՝ Ֆրանսիային մեկուսացնելու և հետագայում կայսրությունը խաղաղությամբ ապահովելու համար էին արվում, այնինչ իր պաշտոնից Բիսմարկի հրաժարականից հետո Գերմանիայի երիտասարդ կայսր Վիլհելմ 2-րդը ցանկացավ Գերմանիայի ձեռքերը այդպիսի կապանքներից ազատել։ Բիսմարկի կառուցած հակակշիռների ամբողջ համակարգը փլուզվեց, Ֆրանսիան և Ռուսաստանը դաշինք կնքեցին՝ կենդանացնելով երկու ճակատով կռվելու Բիսմարկի վախերը։ Անգլիայի հետ հարաբերությունները փչացան Վիլհելմի վարած ծովային քաղաքականության պատճառով, ինչը մարտահրավեր էր Անգլիայի ծովային դոմինանտությանը։ Եվ երբ այս երեք պետությունները միացան Անտանտի մեջ, Գերմանիան Ֆրանսիային մեկուսացնելու փոխարեն ինքը հայտնվեց մեկուսացման մեջ։ Այս իրավիճակից դուրս գալու և Եվրոպայում գերմանական հեգեմոնիայի հասնելու նպատակով Գերմանիան Ավստրիայի հետ դաշինքով մտավ Առաջին համաշխարհային պատերազմի մեջ, որն էլ հաջողեցրեց պարտվել։

Եվ ահա Վերսալում պետք է վճռվեր Եվրոպայի ապագան։ Թերևս դժվար է գտնել երկրորդ նման պայմանագիր, որն այնքան հակառակ լիներ իր սկզբնական նպատակներին, որքան Վերսալում ստորագրված պայմանագիրն էր։ Նախ, խաղաղության պայմանները բավականին մեղմ էին Գերմանիային ռևանշի հնարավորությունից զրկելու համար և բավականին նվաստացուցիչ էին, որպեսզի նման հավակնություններ Գերմանիան չունենար։ Հաջորդը, մինչ այդ պահը նախկինում բոլոր պարտված կողմերը ներվել էին և համընդհանուր անվտանգային համակարգում դեր ստանձնել։ Վերսալի պայմանագրի դեպքում Գերմանիան չներվեց և դուրս մղվեց ընդհանուր անվտանգային համակարգից։ Նույնը տեղի ունեցավ հեղափոխության ու դրան հաջորդած քաղաքացիական պատերազմի մեջ թաղված Ռուսաստանի հետ։ Ավստրո-հունգարական կայսրությունը ևս պատերազմի արդյունքներով փլուզվել էր։ Այսինքն՝ նախկին աշխարհակարգի պահապան երեք երկրները գործնականում դուրս մնացին ընդհանուր համակարգից։ Ընդհանրապես, ժամանակի քաղաքական միտքն աշխատեց ի հակադրություն կուտակված փորձի։ Եթե նախկինում խաղաղությունը պահպանվում էր սահմանված հավասար իրավունքների և ուժի հավասարակշռության պայմաններում, ապա այս անգամ փորձ արվեց ուժի գործոնն ընդհանրապես անտեսել և բավարարվել իդեալիստական աշխարհի մոդելի ստեղծման համար իրավական դաշտ ապահովելով։ Սրան կարող ենք ավելացնել, որ Գերմանիան արդեն տարանջատված չէր։

Գերմանիան և իր դաշնակիցները արագորեն պարզեցին նաև, որ պայմանագրի դրույթները խախտելը իրենց համար ոչ մի հետևանքների չի հանգեցնում։ 1925թ․ շվեյցարական Լոկառնո քաղաքում անցկացված համաժողովում Գերմանիան անխախտելի ճանաչեց կայսրության արևմտյան սահմանները, սակայն հրաժարվեց այդպիսին ճանաչել արևելյան՝ Լեհաստանի և Չեխիայի սահմանները։ Դա ահազանգ չեղավ Եվրոպայի համար։ Ռեյնի ապառազմականացված շրջանի վերառազմականացումը ևս անտեսվեց։ Հաջորդը Ավստրիայի անշլյուսն էր, իսկ պատերազմից առաջ վերջին ահազանգը «Մյունխենյան դավադրության» բերումով Չեխիայի տարածքի մի մասի բռնակցումն էր Գերմանիային։ Տրամաբանական հաջորդ քայլը Լեհաստանի վրա հարձակումն էր, ինչը և տեղի ունեցավ։ Վերսալի պայմանագրի բանակցությունների ժամանակ Ֆրանսիայի մարշալ Ֆերդինանդ Ֆոշը պայմանագիրը բնութագրել էր ոչ թե որպես խաղաղության, այլ 20 տարով զինադադար հաստատելու մասին պայմանագիր։ Ուղիղ 21 տարի անց սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը։

Ինչո՞ւ էր Եվրոպան անտեսել համաեվրոպական խաղաղ հարաբերությունների հաստատման իր հարուստ փորձը։ Թերևս, պատճառը ԱՄՆ-ի առաջին էական մասնակցությունն էր եվրոպական գործերին և նրա պատկերացումներն աշխարհակարգի մասին։ Սրա կքննարկենք առաջիկայում։

Ատլանտյան խարտիա

Երկրորդ համաշխարհային պատերազմ ԱՄՆ-ի մասնակցության սկզբից առաջ՝ 1941թ․ օգոստոսի 14-ին, ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան կնքեցին «Ատլանտյան խարտիա» կոչվող համաձայնագիրը։ Փաստաթղթի բովանդակությունը պատերազմից հետո ձևավորված աշխարհակարգի և դրա արդյունքների վերաբերյալ սկզբունքներն էին։ Փաստաթուղթը, ի վերջո, Միավորված ազգերի կազմակերպության հիմքը դարձավ։ Այն կազմված էր հետևյալ 8 կետերից․

  1. Կողմերը հրաժարվում էին պատերազմի արդյունքներով տարածքային հավակնություններից։
  2. Կողմերը հրաժարվում էին ճանաչել այն տարածքային փոփոխությունները, որոնք դեմ էին շահագրգիռ ժողովուրդների ազատ կամարտահայտությանը։
  3. Համաձայնվում էին պաշտպանել իրենց ճակատագիրը և կառավարման ձևը որոշելու այն երկրների իրավունքը, որոնք դրանից զրկվել էին բռնի ուժով։
  4. Պարտավորվում էին միջազգային ռեսուրսներին և առևտրին ազատ հասանելիություն ապահովել մեծ ու փոքր բոլոր պետությունների համար՝ հաջակցություն նրանց տնտեսական զարգացման հեռանկառներին։
  5. Պարտավորվում էին ապահովել գլոբալ տնտեսական համագործակցություն և կենսամակարդակի համընդհանուր բարձրացում։ Սա, ի վերջո, դարձավ այս աշխարհակարգը ապահովող միջազգային ինստիտուտի՝ ՄԱԿ-ի ստեղծման կանոնադրական նպատակներից մեկը։
  6. Պարտավորվում էին ստեղծել վախից և կարիքից զերծ հանրություն։ Սրա ապահովման համար կողմերը պետք է ստեղծեին պետությունների միություն, որը յուրօրինակ մեխանիզմներով կապահովեր առանց արտաքին ֆիզիկական միջամտությունից վախի և տնտեսական պայմաններից առաջացած սովի վտանգից կախման յուրաքանչյուրի գոյությունը։
  7. Ապահովել ծովերի և օվկիանոսների օգտագործման ազատություն։ 
  8. Ագրեսոր երկրների զինաթափում, որից հետո ամբողջական զինաթափում պատերազմից հետո։

Մեկ ամիս անց այս խարտիային միացան ԽՍՀՄ-ը և հակագերմանական կոալիցիայի մյուս անդամները։ Ինչպես տեսնում ենք, պայմանավորվող կողմերը արդեն հաշվի էին առել նախկին սխալները և որպես նոր աշխարհակարգի հիմք ընդունել նախկին պայմանավորվածություններից դրական արդյունքներ գրանցած դրույթները։ Վեստֆալյան համակարգից փոխառվել էին դրա սկզբունքները՝ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, միմյանց գործերին չմիջամտելու դրույթները և վեճերը խաղաղ կարգավորելու հանձնառությունը։ Վիեննայի համակարգից փոխառվել էր որոշումները համակարծությամբ լուծելու կարգը՝ արդեն ՄԱԿ-ի անվտանգության մշտական խորհրդի կազմով։ Ի տարբերություն Վերսալյան պայմանագրի՝ Վեստֆալյան և Վիեննայի խաղաղության նմանությամբ Գերմանիան բաժանվեց երկու՝ արևելյան և արևմտյան մասերի։ Արևմտյան Գերմանիան՝ որպես ուժի աղբյուր, ոչ միայն չանտեսվեց, այլև ներառվեց նույն այն անվտանգային դաշինքի մեջ, որն ի սկզբանե ստեղծվել էր որպես հակագերմանական։ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամներից յուրաքանչյուրն այս կարգերը պահպանելու համար իր ազդեցության գոտին ստացավ։

Ի թիվս նախկին կարգերի լավագույնս դրսևորած դրույթների, ներկայիս համակարգը անվտանգության մի նոր, կարևոր բաղադրիչ ստացավ՝ միջուկային զենքի միջոցով ռազմական հավասարակշռությունը։ Այս կամ այն կերպ ՄԱԿ Անվտանգության խորհրդի՝ ՄԱԿ որոշումների նկատմամբ վետո կիրառելու իրավունք ունեցող 5 մշտական անդամներից յուրաքանչյուրը ստացավ սեփական անվտանգությունն ապահովելու և ուժային հավասարակշռման այդ կարևոր բաղադրիչը։ Նորամուծություն էր նաև Չինաստանի ներգրավումը՝ որպես միջազգային անվտանգային համակարգի մաս․ նախորդ համակարգերից Չինաստանը դուրս էր մնացել։ Յուրաքանչյուր պայթյունավտանգ աշխարհամասում կամ տարածաշրջանում ստեղծվեցին զսպումների և հակակշիռների յուրօրինակ համակարգեր՝ տարածաշրջանին բնորոշ հակակշիռներով։ Եվ այդ հավասարակշռությունը անընդհատ սնվում էր կարգին հետևող պետությունների կողմից։

ԱՄՆ-ն՝ որպես միջազգային կարգերի պահապան

Մինչև ժամանակակից կարգերի փոփոխության նկարագրությանն անցնելը ճիշտ կլիներ կանգ առնել ԱՄՆ-ի՝ որպես պետության, քաղաքական փիլիսոփայության ասպեկտի վրա։ Դա կարևոր է, քանի որ ԱՄՆ-ն ժամանակի ընթացքում դարձավ մի պետություն, որը հիմնական պաշտպանն էր լինելու այն կարգերի, որոնք ձևավորվել էին Եվրոպայում։ Արդյո՞ք ԱՄՆ-ն կարող էր և ճիշտ կգտներ այդ կարգերի պաշտպանության մեջ իր առաքելությունը տեսնել։ Եթե եվրոպացիները խաղաղության հասնելու համար մի կողմ էին դրել բարոյականության մասին իրենց պատկերացումներն ու դրան հասել պրագմատիկ հաշվարկով, ապա դա կարո՞ղ է համահունչ լինել աշխարհի և խաղաղության մասին ԱՄՆ-ի պատկերացումներին։ Եվրոպական գործերին ԱՄՆ-ի առաջին իսկ մասնակցությունը անհաջողությամբ պսակվեց, երբ Առաջին աշխարհամարտից հետո խաղաղության հասնելու գործում իսպառ անտեսվեց ուժի գործոնը։ Նմանօրինակ խնդիր էր նաև Առաջին աշխարհամարտից հետո հայկական հարցի կարգավորումը, որի պրակտիկ իրագործումը՝ հայկական տարածքների սահմանազատումը հանձնվեց ԱՄՆ-ի մանդատին։ Այստեղ կայացվեց Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը, որը նույնպես կենսունակ չէր, քանի որ այն պաշտպանելու ուժի գործոնը հաշվարկված չէր։ Այսինքն՝ ո՛չ Վերսալի պայմանագրի, ո՛չ էլ հայկական հարցի կարգավորման ձախողումները պատահականություն չէին, այլ ԱՄՆ-ի՝ ժամանակի քաղաքական փիլիսոփայության բացերի հետևանք։ Վերսալյան պայմանագիրը, որ հիմնականում անտեսեց խաղաղության հաստատման գործում ուժի գործոնը, փորձեց կարգավորել իրավական դաշտը և կարևորեց պարտադրված արժեքները։ Միտքն այն էր, որ համապատասխան արժեհամակարգ որդեգրած աշխարհի համար այլևս պատերազմները կդադարեն իմաստ ունենալ։ Սա հանգեցրեց նոր պատերազմի։

«Եթե ԱՄՆ-ի դրոշը տեղադրվել է օտար հողի վրա, ապա դա նոր տարածքներ գրավելու համար չէ, այլ մարդկության բարօրության համար»․ ԱՄՆ 25-րդ նախագահ Ուիլյամ Մակկինլիի այս խոսքերը բավարար են երկրի արտաքին քաղաքական փիլիսոփայության առանձնահատկությունը նկարագրելու համար։ Դրա էությունն այն է, որ ԱՄՆ-ի քաղաքական խավը երկրին վերագրում է աշխարհն իրենց օրինակով փոխակերպելու առաքելություն։ Թվում է, թե ազատության, ժողովրդավարության և պետական կառավարման նրանց մոդելն իդեալական է ամբողջ աշխարհի և բոլոր ժողովուրդների համար ու նրանք ջանք չեն խնայում այն աշխարհի սեփականությունը դարձնելու համար։ Ահա թե ԱՄՆ-ի հիմնադիր հայրերից Թոմաս Ջեֆերսոնն ինչ է գրում այս կապակցությամբ․ «Մենք զգում ենք, որ գործում ենք համաձայն մեր պարտավորությունների, որոնք ամենևին էլ սահմանափակված չեն մեր հասարակության սահմաններով։ Անհնար է չգիտակցել, որ մենք հանուն ողջ մարդկության ենք գործում, որ այլոց մերժված, բայց մեզ շնորհված հանգամանքները պարտավորում են ցուցանել, թե որն է ազատության ու ինքնակառավարման այն աստիճանը, որով հասարակությունը պետք է ձգտի օժտել իր անդամներին»։ 

Եվրոպայում իրականության հետ այս տեսության բախումից և ձախողումից հետո ԱՄՆ-ն մեկուսացավ և փորձեց վերաիմաստավորել իր քաղաքականությունը։ Ընդհանրապես, ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության վերաիմաստավորումը անընդհատ գործընթաց է, որ արդիականանում է ամեն հերթական ձախողումից հետո՝ Առաջին աշխարհամարտ, Կորեա, Վիետնամ, Աֆղանստան, Իրաք և այլն։ Այն հանգում է զուգահեռ գոյություն ունեցող երկու հայեցակարգերի բախման։ Առաջին մոտեցումն այն է, որ ԱՄՆ-ում ձևավորվել է մի ժողովուրդ, որի առաքելությունն է աշխարհին տալ ազատության և պետական կառավարման այն մոդելը, որը նրանց հաջողության է հասցրել և դարձրել հզորությամբ առաջին պետությունը։ Առաջին աշխարհամարտից հետո վերաիմաստավորման արդյունքները տեսանելի են։ Արդեն Երկրորդ աշխարհամարտից հետո ԱՄՆ-ի նոր դերակատարությունը, բացի արժեքային և իրավական բաղադրիչի հիմքերից, ամրապնդված էր նաև ուժի աննախադեպ կենտրոնացվածությամբ և այն իր նպատակին ծառայեցնելու վճռականությամբ։ Իզուր չէ, որ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ԱՄՆ-ի ռազմական բյուջեն անշեղորեն աճում է և կազմում է ռազմական ծախսերի մեծությամբ իրեն հաջորդող երկրների տասնյակի բյուջեների հանրագումարին։

Մյուս հայեցակարգն, ըստ էության, վերադարձ է Մոնրոյի դոկտրինին, ըստ որի՝ ԱՄՆ-ն հանձնառու էր չխառնվել եվրոպական [աշխարհի] գործերին, փոխարենն ակնկալում էր, որ որևէ պետություն չմիջամտի ԱՄՆ-ի և արևմտյան կիսագնդի որևէ երկրի գործերին։ Այս հայեցակարգի վառ ներկայացուցիչը Դոնալդ Թրամփն էր, որի նախընտրական կարգախոսներից ամենանշանակալին «Ամերիկան՝ առաջին հերթին» կարգախոսն էր։ Սակայն մենք տեսանք, թե ձևավորված աշխարհակարգում ԱՄՆ-ի մեկուսացումն ինչ աղետալի հետևանքներ ունեցավ համաշխարհային խաղաղության համար։ Նրա կառավարման ընդամենը 4 տարիների ընթացքում գործնականում բոլոր տարածաշրջաններում հարաբերությունները մոտեցան պատերազմականին կամ պատերազմներ սկսեցին։ Ակնհայտորեն դա ուժային հավասարակշռության խախտման հետևանքն էր։ ԱՄՆ-ի մեկ այլ նախագահ՝ Թեոդոր Ռուզվելտը, այդպիսի քաղաքականության հետևանքները նկարագրում էր այսպես․ «Ազատական հասարակությունները միջազգային հարցերում վեճերի ու կռիվների դերը թերագնահատում են։ Ցավալի փաստ է, որ առավել մարդասեր, ներքին կատարելության ձգտող երկրները, որպես կանոն, նվազ ալտրուիստական քաղաքականություն ունեցող երկրների հանդեպ թուլանալու հակում ունեն։ Ես ատում ու արհամարհում եմ այն կեղծ մարդասիրությունը, որ քաղաքակրթության առաջընթացը պայմանավորում է ռազմի ոգու թուլացմամբ ու դրանով թերզարգացածին հրավիրում է ոչնչացնել զարգացած քաղաքակրթությունը»։ Պատմությունը հստակորեն ցույց տվեց, որ նրա այս մտքերը ճիշտ էին թե՛ վիլսոնյան, թե՛ Թրամփի վարած քաղաքականության հետևանքները նկարագրելու համար։ Դրա վկայությունն են Էրդողանի, Պուտինի ռեժիմների դրսևորած վարքը, երբ քաղաքակիրթ աշխարհը հրաժարվում է ռազմական ուժ կիրառելու սպառնալիքից կամ ռազմական բալանսը պահպանելու գործելաոճից։

Այնուամենայնիվ, Բայդենի նախագահությամբ ԱՄՆ-ն վերադարձավ իր հիմնական դերակատարությանը և դա առաջին հերթին վառ արտահայտվեց ռուս-ուկրաինական պատերազմի դեպքում։ Մենք ականատես ենք լինում, որ Հարավային Կովկասի հարցերում նրա միջամտությունը նույնպես վճռական դառնալու միտում ունի։ Սակայն միջազգային հարցերում ԱՄՆ-ի հետագա դերակատարությանը պետք է ավելի լայն նայել։

Ստեղծվող նոր աշխարհակարգը

2021թ հունիսի 10-ին Մեծ Բրիտանիան, Ավստրալիան և ԱՄՆ-ն կնքեցին հերթական համաձայնագիրը, որն իր բովանդակությամբ և դրան վերագրվող նշանակության իմաստով Ատլանտյան երկրորդ խարտիան դառնալու հավակնություն ունի։ Այս փաստաթուղթը ևս 8 կետ ունի և վերաբերում է ապագա աշխարհի մասին համաձայնության եկող կողմերի պատկերացումներին․Կողմերը պայմանավորվում են պաշտպանել ժողովրդավարության և բաց հասարակությունների սկզբունքներն ու արժեքները, որոնք իրենց պետականության ուժի և միությունների հիմքն են։ Կողմերը նպատակ են դնում այնպես ամրացնել միջազգային համագործակցությունն ապահովող ինստիտուտներն ու օրենքները, որպեսզի դրանք համապատասխանեն 21-րդ դարի մարտահրավերներին։ Նրանք հանձն են առնում աշխատել համապատասխան կանոններով գործող նոր աշխարհակարգի ուղղությամբ, որպեսզի միասին լուծեն գլոբալ պրոբլեմները՝ կառավարել նորագույն տեխնոլոգիաների առաջացրած վտանգները, նպաստել տնտեսական զարգացմանն ու արժանապատիվ աշխատանքին, երկրների միջև ազատ ու արդար առևտրին։

  1. Կողմերն իրենց հավատարմությունն են հայտնում ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և վեճերը խաղաղ կարգավորելու նախկինում գործող սկզբունքներին։ Նրանք դեմ են հանդես գալիս միմյանց ներքին գործերին միջամտելու պրակտիկային, ինչպես նաև պաշտպանելու են այնպիսի առանցքային սկզբունքներ, ինչպիսիք ազատ ծովերն են և օդագնացությունը։
  2. Կողմերը նպատակ են դնում այնպես ամրացնել միջազգային համագործակցությունն ապահովող ինստիտուտներն ու օրենքները, որպեսզի դրանք համապատասխանեն 21-րդ դարի մարտահրավերներին։ Նրանք հանձն են առնում աշխատել համապատասխան կանոններով գործող նոր աշխարհակարգի ուղղությամբ, որպեսզի միասին լուծեն գլոբալ պրոբլեմները։
  3. Կողմերն իրենց հավատարմությունն են հայտնում ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և վեճերը խաղաղ կարգավորելու նախկինում գործող սկզբունքներին։ Նրանք դեմ են հանդես գալիս միմյանց ներքին գործերին միջամտելու պրակտիկային, ինչպես նաև պաշտպանելու են այնպիսի առանցքային սկզբունքներ, ինչպիսիք են ազատ ծովերն են և օդագնացությունը։
  4. Կողմերը լի են վճռականությամբ պահպանել և օգտագործել գիտական ու տեխնոլոգիական իրենց նորարարական առավելությունները, որպեսզի դրանով ապահովեն իրենց ընդհանուր անվտանգությունն ու աշխատատեղերը՝ նպաստելով միջազգային կայուն զարգացմանը։
  1. Կողմերը վերահաստատում են միջազգային կայունության և կոլեկտիվ անվտանգության հարցերում իրենց ընդհանուր պատասխանատվության բարձր աստիճանը։ Նրանք հայտարարում են միջուկային զենքով զսպման իրենց միջոցների մասին և նշում՝ քանի դեռ միջուկային զենք գոյություն ունի, իրենք այն կօգտագործեն ՆԱՏՕ-ն պաշտպանելու համար։ ՆԱՏՕ-ի գործընկերներին հիշեցնում են, որ կարող են իրենց վրա հույս դնել նույնիսկ այն դեպքում, երբ գործընկերները շարունակեն մեծացնել իրենց սուվերեն զինված ուժերը։ Նրանք նաև պարտավորվում են առաջ մղել պետությունների պատասխանատու վարքի կանոնները կիբերտարածության մեջ, սպառազինության նկատմամբ վերահսկողության, զինաթափման ուղղությամբ միջոցների կիրառման առումով, որպեսզի նվազեցնեն միջազգային հակամարտությունների առաջացման ռիսկերը։
  2. Կողմերը պարտավորվում են շարունակել կառուցել ներառական, արդար, կլիմայի համար բարենպաստ, կայուն, մշակված կանոնների վրա հիմնված՝ 21-րդ դարի տնտեսություն, ամրացնել ֆինանսական կայունությունն ու թափանցիկությունը, պայքարել կոռուպցիայի դեմ։
  3. Կողմերն իրենց բոլոր գործերում ուշադրության կենտրոնում են պահելու կլիմայի փոփոխության հարցը։ Նրանց կարծիքով աշխարհը հասել է կրիտիկական կետի, երբ այն պետք է գործի առանց հապաղելու և հավակնոտ քայլերով, որպեսզի լուծի կլիմայական ճգնաժամը, պաշտպանի կենդանական բազմազանությունը և բնությունը։
  4. Կողմերը պարտավորվում են շարունակել առողջապահական համակարգի և առողջության պահպանման ուղղությամբ համագործակցությունը։ 

Ի՞նչն է հատուկ «Ատլանտյան խարտիայի» այս նորացված տարբերակին։ Առաջին էական հանգամանքն այն է, որ ի տարբերություն առաջին խարտիայի, որտեղ նշվում էր, թե համագործակցությունը վերաբերում է աշխարհի «թույլ ու ուժեղ» բոլոր երկրներին, երկրորդում նշվում է միայն ժողովրդավարական արժեքներ որդեգրած երկրների հատուկ ակումբի համագործակցության մասին։ Սա ակհնայտ է ոչ այնքան համաձայնագրի սռանձնացված կետերից, որքան փաստաթղթի նախաբանից և միջազգային դրության ու աշխարհի ապագայի մասին կողմերի մեկնաբանություններից։ Ահա 2022թ․ ապրիլին Մեծ Բրիտանիայի Արտաքին գործերի նախարար, այնուհետև վարչապետ դարձած Լիզ Թրասսի՝ ռուս-ուկրաինական հակամարտությանը վերաբերող ծրագրային ելույթից մի քանի մեջբերումներ․

«Իմ տեսլականն է մի աշխարհ, որտեղ ազատ ազգերը հաստատակամ են և աճում են: Այնտեղ, որտեղ ազատությունն ու ժողովրդավարությունը ամրապնդվում են տնտեսական և անվտանգության գործընկերների ցանցի միջոցով։ Սա երկարաժամկետ պարգև է՝ խաղաղության, անվտանգության և բարգավաճման նոր դարաշրջան: 

․․․ մենք հանում ենք ներմուծման բոլոր մաքսատուրքերը Ուկրաինայի համար և աջակցում ենք Ուկրաինայի տնտեսությանը վարկային երաշխիքներով, հարկային աջակցությամբ և ներդրումներով։ Մենք ցույց ենք տալիս, որ տնտեսական մուտքն այլևս «հարգանքի տուրք» չէ։ Այն պետք է վաստակել: 

․․․ մեր բարգավաճումն ու անվտանգությունը պետք է հիմնված լինեն ամուր գործընկերային ցանցի վրա: Սա այն է, ինչ ես անվանում եմ ազատության ցանց: Մենք ցանկանում ենք, որ գործընկերության ցանցը ընդգրկի աշխարհը՝ պաշտպանելով ինքնիշխանությունն ու ինքնորոշումը և նպաստելով ընդհանուր բարգավաճմանը: Բրիտանիան կլինի այս ցանցի ակտիվ և ճկուն մասը»:

Երկրորդ էական հանգամանքը համաձայնության նպատակներն են։ Եթե առաջին Ատլանտյան խարտիան վերաբերում էր աշխարհի առաջ ծառացած կոնկրետ խնդիրների կոնկրետ լուծումներին և հայտնի էր թիրախը (նացիստական Գերմանիան և նրա նվաճողական քաղաքականության հետևանքները), ապա երկրորդում թիրախի մասին միայն ակնարկներ են։ Ահա համաձայնությունը կնքելու նպատակների մասին փաստաթղթի նախաբանը․ 

«Այսօր ԱՄՆ նախագահն ու Միացյալ Թագավորության վարչապետը իրենց հավատարմությունն են հայտնում ավելի խաղաղ և բարգավաճ ապագայի համար միասնական աշխատանքին։ Մեր նորացված Ատլանտյան խարտիան, հիմքում ունենալով 80 տարի առաջ ձևակերպված պարտավորություններն ու ձգտումները, հաստատում է մեր անդավաճան հավատարմությունը մեր անխախտ արժեքներին և նոր ու հին մարտահրավերներից նրանց պաշտպանությանը։ Մենք պարտավորվում ենք սերտորեն համագործակցել բոլոր այն գործընկերների հետ, որոնք կիսում են մեր ժողովրդավարական արժեքները և միասնաբար դիմակայել նրանց ջանքերին, որոնք ձգտում են խարխլել մեր միություններն ու ինստիտուտները»։

Իսկ ո՞րն է այդ «ազատության ցանցի» ստեղծման իրական թիրախը, ովքե՞ր են փորձում «խարխլել ստեղծված միություններն ու ինստիտուտները» և չունեն ժողովրդավարական արժեքներ։ Նոր Ատլանտյան խարտիայի կնքումից հետո ծավալված որոշ իրադարձություններ ուղիղ մատնանշում են այն։

Այսպես, 2022թ․ մայիսին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պաշտոնական այցով ասիական մի շարք երկրներում էր։ Տարածաշրջան այցի ընթացքում ԱՄՆ-ն, Ճապոնիան, Կանադան, Հրվ․ Կորեան, Ֆիլիպիններն ու Սինգապուրը համաձայնության են եկել ստեղծելու տվյալների փոխանակման կոլեկտիվ համակարգ՝ այն փակելով Չինաստանի և Ռուսաստանի համար։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագայում կազմակերպություն հրավիրել Բրազիլիային և Մեծ Բրիտանիային։ Մայիսի 23-ին Սպիտակ տունը հայտարարեց, որ կատարած ուղևորության ժամանակ տարածաշրջանի 12 երկրների հետ համատեղ գործարկել է «Հնդկախաղաղօվկիանոսյան տնտեսական կառույցը» (IPEF)։ Կառույցը գործարկել են Ավստրալիայի, Հնդկաստանի, Ճապոնիայի, Հրվ․ Կորեայի, Նոր Զելանդիայի և այլ երկրների հետ համատեղ։ Համաձայն հայտարարության՝ IPEF-ը կամրապնդի ԱՄՆ-ի կապերն այս տարածաշրջանում՝ առաջիկա տասնամյակում տեխնոլոգիական նորարարությունների և գլոբալ տնտեսությանը վերաբերող զարգացումը սահմանելու համար: Համակարգն ավելի հաստատուն, ազնիվ և կայուն տնտեսություն կստեղծի ընտանիքների, աշխատողների և բիզնեսի համար ԱՄՆ-ում և Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։ Կառույցի նպատակը գործընկեր երկրների միջև տնտեսական շփումների ուժեղացումն է, այդ շփումները կայուն և արդարացի դարձնելը։ Ինչպես տեսնում ենք, այս ամենը երկրորդ Ատլանտյան խարտիայի տնտեսական հատվածի տառին և ոգուն համապատասխան են։

Դրա ռազմական հատվածի մասին էլ հատկանշական է սեպտեմբերի 15-ի հայտարարությունը AUKUS ռազմական դաշինքի ստեղծումը, որի կողմերը՝ Ավստրալիան, Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ն, պայմանավորվում են ռազմական տեխնոլոգիաների փոխանակում իրականացնել և, որպես առաջին քայլ, ավստրալական նավատորմը զինել 8 ատոմային սուզանավերով։ Բնական է ենթադրել, որ Ատլանտյան նոր խարտիայից բխող այս գործողությունների թիրախը Չինաստանն է, և վերջինս ուղիղ դրա մասին հայտարարեց։ Իսկ ինչո՞ւ է Չինաստանը նման ուշադրության կենտրոնում հայտնվել։ 

Եթե ուշադիր լինենք, կարգերի փոփոխության նախաձեռնողները, որպես կանոն, մշտապես եղել են դրանց պահապանները, և դա տրամաբանական է։ Աշխարհակարգի փոփոխության անհրաժեշտությունը երկու դեպքում է առաջանում։ Մի դեպքում դա տեղի է ունենում, երբ կարգերը այնպիսի բարենպաստ պայմաններ են ստեղծում դրա պահապանների համար, որ նրանց թվում է, թե կարող են անարգել մեծացնել ազդեցության գոտիները, իսկ մյուս դեպքում՝ երբ այդ կարգերը ուրիշների համար են ջերմոցային պայմաններ ստեղծում, և կարգերի պահապանների ազդեցությունը հարցականի տակ է դրվում։ Ո՞ր տարբերակն է մեր դեպքում, երբ կարգերի պահապանների մեջ հեգեմոն դիրք է գրավում ԱՄՆ-ն։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ամբողջ Եվրոպան ավերված էր։ Պատերազմին մասնակցած բոլոր երկրները վերականգման կարիք ունեին, ինչը իրականացրին ԱՄՆ-ի կողմից մշակված Մարշալի պլանի օգնությամբ։ Պատերազմից հետո ԱՄՆ-ն արտադրում էր աշխարհի համախառն արդյունքի կեսը։ Եվրոպայի վերականգնմանը զուգահեռ այդ ցուցանիշն աստիճանաբար նվազեց՝ 20-րդ դարի 70-ական թվականներին հասնելով 25 տոկոսի, իսկ ներկայումս՝ մոտ 20 տոկոսի։ ԱՄՆ-ի ռազմական հեգեմոնիան անքննելի է, սակայն քաղաքական ու տնտեսական ճակատներում զգալի տեղաշարժեր են տեղի ունեցել։ 

Երկրորդ համաշխարհային պատերազմից անմիջապես հետո միջազգային հանրությունն իր ինստիտուտներով խաղաղության և կանոնների պահպանության համար ձեռնմուխ եղավ ամենատարբեր տարածաշրջաններում իրենց տարածքներին բնորոշ հակակշիռների և զսպման համակարգերի ստեղծմանը․ Հնդկախաղաղօվկյանոսյան շրջանում Մեծ Բրիտանիայից անկախություն ստացավ Հնդկաստանը, Մերձավոր Արևելքում արաբական աշխարհին հակակշռելու համար ստեղծվեց և օգտագործվեց Իսրայելը, Եվրոպայում, ինչպես արդեն նշվել է, Գերմանիան բաժանվեց երկու մասի։ Արդեն 60-ականներին, Ատլանտյան խարտիայի ոգուն համապատասխան, անկախություն ստացան աֆրիկյան երկրները՝ որևէ բալանս ապահովելու ակնհայտ նպատակադրմամբ։ Ասիական տարածաշրջանում նշանակալի էին Հյուսիսային և Հարավային մասերի բաժանման հանգեցրած քաղաքացիական պատերազմը Կորեայում, ինչպես նաև Չինաստանի քաղաքացիական պատերազմում կոմունիստների հաղթանակը և նրա բաժանումը երկու մասի՝ Թայվանի և բուն Չինաստանի։ Հակակշիռների պահպանման գաղափարական հենքը նշվում էր որպես սոցիալիզմի և կապիտալիզմի միջև պայքար։ 

Խնդիրները, որոնք հանգեցրին այս աշխարհակարգի փոփոխության անհրաժեշտությանը, երկուսն են։ Առաջին հերթին, արդեն 80-ականների վերջում ԽՍՀՄ-ում սոցիալիզմի տնտեսական և պետական կառավարման մոդելները սպառեցին իրենց, ինչը հանգեցրեց ԽՍՀՄ-ի փլուզման։ Սա, իր հերթին, վերացրեց ձևավորված հակակշիռների գաղափարական հենքը, ինչպես նաև տարբեր տարածաշրջաններում ռազմական բալանսի հասնելու արդյունավետ միջոցները, ըստ էության՝ թվացյալ երկբևեռ աշխարհի ձևավորված մոդելը։ Սակայն սա հաղթահարելի խնդիր կլիներ, եթե չառաջանար երկրորդ խնդիրը՝ ասիական տարածաշրջանի երկրների տնտեսական սրընթաց զարգացումը, որ հանգեցրեց նաև Չինաստանի զարգացման և արդեն 2000-ականներին տնտեսական առումով ԱՄՆ-ին նետված մարտահրավերին։ Չինաստանը, ի վերջո, երկարաժամկետ հեռանկարում դարձավ Երկրորդ աշխարհամարտից հետո ձևավորված կարգերի հիմնական շահառուն, որն արդեն շուտով աշխարհի ամենամեծ տնտեսությունը կունենա և կարող է տեխնոլոգիաների առումով էլ չզիջել որևէ երկրի։ Իսկ դա նշանակում է տնտեսական էքսպանսիայի միջոցով ազդեցության գոտիների մեծացում և մարտահրավեր՝ ԱՄՆ-ի և ողջ արևմուտքի տնտեսական, դրա մաս կազմող երկրների պետական շահերին։

Զուգահեռաբար, ԱՄՆ-ի տնտեսության թուլացումն առավել ակնհայտ երևաց 2008թ․՝ ամերիկյան ծագում ունեցող համաշխարհային տնտեսական ճգնաժամի ժամանակ։ Եվ անմիջապես էլ այսպես կոչված «արևմտյան բլոկում» բազմաթիվ հակասություններ ի հայտ եկան։ Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի վարած քաղաքականությունը 2013թ․-ին այլևս նույն աջակցությունը չգտավ ՆԱՏՕ-ի գործընկերների կողմից։ Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան հրաժարվեցին ԱՄՆ-ի հետ կոալիցիոն գործունեություն ծավալել Սիրիայում, ինչպես դա տեղի էր ունեցել Իրաքի դեպքում։ Եվ անմիջապես էլ սկսեցին ճաքեր նկատվել Հյուսիսատլանտյան բլոկի ներսում։ Արդեն 2013թ․-ին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարում էր, որ Եվրոպան պետք է իր անվտանգությունը ինքնուրույն կազմակերպի։ Եվ դա տարբեր պարբերականությամբ մինչ օրս կրկնում են եվրոպական երկրների տարբեր ղեկավարներ, այդ թվում՝ վերջերս դա նկատած Էմանուել Մակրոնը։ Նույն ժամանակներում միավորված Եվրոպան իր սահմանների երկայնքով սկսեց ակտիվացնել հարաբերությունները հարևանների հետ՝ ՆԱՏՕ-ից զատ անվտանգային գոտիներ ստեղծելու ակնհայտ մտադրությամբ։ Մենք դա տեսել ենք Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակում Խորհրդային Միության նախկին երկրների հետ հարաբերությունների կարգավորման օրինակով։ Արդեն Թրամփի նախագահության տարիներին ԱՄՆ-ն հայտարարեց, որ չի պատրաստվում իր միջոցներով արհեստականորեն երկարաձգել Դաշինքի կյանքը, այնպես որ դրանում հետաքրքրված երկրները պետք է կատարեն իրենց ֆինանսական պարտավորությունները՝ ՀՆԱ-ի 2 տոկոսը տրամադրելով Դաշինքի գործունեությանը։ ԱՄՆ-ն տնտեսական պատերազմ սկսեց Չինաստանի դեմ՝ աստիճանաբար մեծացնելով դրա մասշտաբները։ Իսկ ռուս-ուկրաինական պատերազմից հետո եվրոպական առաջատար երկրները՝ Գերմանիան և Ֆրանսիան, աննախադեպ մեծացրին իրենց ռազմական ծախսերը և սպառազինության մակարդակը։

Այս նկարագրությունը ցույց է տալիս, որ իրոք, կանոնները նույնը թողնելով՝ ԱՄՆ-ն ժամանակի ընթացքում այլևս չի կարող նախկինի պես վերահսկել իրավիճակը։ Առավել ևս Թրամփի ղեկավարման տարիներին վարած տրամագծորեն հակառակ քաղաքականության պատճառով։ Հեգեմոնի և կարգերի պաշտպանի իր դերը պահպանելու համար ԱՄՆ-ն ստիպված է զսպել դեռևս միայն տնտեսական ազդեցության առումով իրեն մարտահրավեր նետած Չինաստանին։ Ստեղծվող նոր դաշինքներն, ըստ իրենց նշանակության, հենց չինական առևտրային ուղիները վերահսկելու համար են, բայց Չինաստանի տնտեսական գոտին այլևս չի սահմանափակվում իր նեղ տարածաշրջանով և այդպիսի տնտեսական վերահսկողության համար պայքար է գնում պրակտիկորեն ամբողջ աշխարհում։ Բնական է, որ ստեղծված իրադրությունն իր շահերին ծառայեցնել փորձում են շահառու բոլոր երկրները, այդ թվում՝ Ռուսաստանը։ Թեև Հայաստանում տարածված կարծիք կա, թե ներկայումս  Ռուսաստանի համար առաջացած խնդիրները հենց Ռուսաստանի հետ են կապված, սակայն կարելի է ենթադրել, որ վերջին տասնամյակների ընթացքում բոլոր ռազմավարական ոլորտներում իր պոտենցիալը կորցրած Ռուսաստանը հակադրության մեջ մտած որևէ կողմի համար չի կարող էական մրցակից լինել։ Ավելի տրամաբանական կլիներ կարծել, որ թե՛ Ռուսաստանը, թե՛ Թուրքիան, թե՛ տարածաշրջանային այլ լիդեր-երկրներ փորձում են նոր ստեղծվող աշխարհակարգում իրենց համար ավելի շահավետ դերակատարություն ստանձնել։ ԱՄՆ-ին, օրինակ, Ռուսաստանի աջակցությունն անփոխարինելի է Չինաստանը տնտեսապես վերջնական շրջափակելու հեռանկարի համար, իսկ Չինաստանի համար այն կարող է ԱՄՆ-ի վերահսկողությունից դուրս հուսալի լոգիստիկ հնարավորություններ ապահովող դաշնակից դառնալ այն պայմաններում, երբ Ասիական և Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջաններում ԱՄՆ-ն արդեն իսկ գործնականում ապահովել է իր անհրաժեշտ և բավարար ներկայությունը։ 

Հայաստան և Արցախ

Նոր աշխարհակարգի ճարտարապետության այս դրվագները ստիպում են փորձել այլ դիտանկյունից էլ նայել Հայաստանի և Արցախի շուրջ ծավալվող իրադարձություններին։ 2020թ․ պատերազմը տեղի ունեցավ պայմաններում, երբ ԱՄՆ-ն Թրամփի կառավարմամբ մեկուսացման քաղաքականություն էր վարում, ինչն, ինչպես վերը նկարագրված է, ամբողջ աշխարհում և առանձին տարածաշրջաններում հանգեցրեց սպառազինության հավասարակշռությունների խախտման և տարածաշրջանային լիդերների ազդեցության ոլորտների վերաբաշխման գայթակղության։ Իր հերթին Ռուսաստանը հետևողականորեն պատրաստվում էր Ղրիմի համար հետաձգված պատերազմին։ Այդ, ինչպես նաև արցախյան պատերազմից խուսափելու թերևս միակ տարբերակը նոր աշխարհակարգի մեջ «Արևմուտքի» հետ Չինաստանին մեկուսացնելու հարցում Ռուսաստանի հետ միասնական գործելու հեռանկարն էր։ Ծրագրին միանալու համար Ռուսաստանը չափազանց մեծ գին առաջարկեց․ այդ գինը ռուս-ուկրաինական պատերազմից անմիջապես առաջ հրապարակված Ռուսաստան-ՆԱՏՕ բանակցություններին ռուսական կողմի մերժված առաջարկն էր։ «Արևմուտքի» պատկերացումների ապագա աշխարհին իր դերակատարությունը Ռուսաստանը պատկերացնում էր որպես լիարժեք գործընկեր, որի կամքից կարող էր կախված լինել ապագա աշխարհի ճարտարապետության ճակատագիրը։ Այդ առաջարկը գուցեև ընդունելի լիներ, եթե Ռուսաստանի քաղաքական համակարգն ավելի կայուն և դրա ապագան ավելի կանխատեսելի լիներ։ «Արևմուտքի» համար այդպիսի հուսալի գործընկեր կարող էր լիներ բացառապես ժողովրդավարական Ռուսաստանը։ Այլ պարագայում մեծ էր վտանգը, որ մի խնդիրը լուծելու փոխարեն «Արևմուտքը» երկուսը կստանար և հավելյալ վտանգներ կստանար Չինաստանի և Ռուսաստանի շահերի համադրման պարագայում։ Եվ Ռուսաստանը Ղրիմի բռնակցումից հետո պատրաստվում էր այդ սցենարին։

Ղրիմի իրադարձություններից հետո ռուսական պետական ու ոչ պետական հեռուստատեսության էկրանները հնարավոր ու անհնար բոլոր միջոցներով հիմնավորում էին Ուկրաինայի հետ պատերազմի անհրաժեշտությունը՝ երբեմն աբսուրդի հասցնելով փաստարկները։ Միաժամանակ, ակնհայտ էր, որ ուկրաինական պատերազմի այդ սցենարում նրա արևմտյան տնտեսական սահմանները փակվելու են։ Արևմուքի հետ որևէ կապ ունենալու համար Ռուսաստանի համար կենսական նշանակություն ուներ ոչ միայն Թուրքիայի և Ադրբեջանի չեզոքությունը, այլև աջակցությունը։ Այդպիսի աջակցությունը Թուրքիայի պարագայում պետք էր նրա վարած տնտեսական ու արտաքին քաղաքականության համատեքստում, ինչպես նաև Ադրբեջանի աջակցությունը՝ որպես Վրաստանը շրջանցող ցամաքային ուղի և աշխարհին ռուսական ռեսուրսների միջնորդ-մատակարար։ Ի թիվս այլ զիջումների՝ այդպիսի աջակցության մեզ հետաքրքրող գինը Արցախի խնդրում հօգուտ Ադրբեջանի դիրքորոշման փոփոխությունն էր։ Եվ հենց Ղրիմի բռնակցումից մեկ տարի անց Ռուսաստանը սկսեց զիջումների գնալու համար մեծացնել ճնշումը Հայաստանի վրա, իսկ Ադրբեջանին զինել՝ սպառազինության հավասարակշռությունն այնպես խախտելով, որ պատերազմն անխուսափելի դարձնի, իսկ դրա ելքը՝ կանխատեսելի։ 2020թ․ նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթղթի մեջ ամրագրվեց և առաջին անգամ հանրային քննարկման դաշտ նետվեց այդ պատերազմում և դրա արդյունքներով Ռուսաստանի շահագրգռությունը՝ տարածաշրջանային հաղորդակցության միջոցների ապաշրջափակումը։ Հատկանշական է, որ հայկական կողմի պնդմամբ ստորագրված փաստաթղթի համատեքստում «Մեղրիի միջանցքի» մասին խոսք չի եղել։ Ադրբեջանական կողմը սրա ճիշտ հակառակն է պնդում։ Ակնհայտ է, որ եթե ոչ գրավոր, ապա բանավոր պայմանավորվածությունը Ադրբեջանը կայացրել է ոչ թե հայկական, այլ ռուսական կողմի հետ և այդ պայմանավորվածությունը տեղի է ունեցել մինչև պատերազմի ակտիվ փուլի ավարտը։ Ռուս-ադրբեջանական այս համագործակցության բարձրակետը Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման նախօրեին ստորագրված դաշնակցային համագործակցության մասին համատեղ ստորագրված փաստաթուղթն էր՝ կասկած չթողնելով, թե ինչ ուղղվածություն և ինչ գին ուներ այդ դաշնությունը։ 

Ի դեպ, կարծիք կա, որ Ադրբեջանի և Թուրքիայի լոյալության պարագայում Հայաստանը միակ երկիրը չէ, որ կարող է ապահովել նրանց միջև պակասող օղակը, այլ այդպիսի հանգույց կարող է դիտվել նաև Իրանը, եթե Հայաստանի հետ խնդիրներ առաջանան։ Սակայն խնդիրն այն է, որ Հայաստանի պարագայում ընտրվում է նվազագույն դիմադրության ուղին։ Իրանը, իր տարածքը տրամադրելով, դրանից իրեն հարմար դիվիդենտներն է քաղելու և ի՛ր գինն է առաջարկելու։ Իրանին ճնշելով ուզածը ստանալն ամենևին նույնը չէ, ինչ Հայաստանի պարագայում։ Միաժամանակ, դժվար թե շահագրգիռ երկրներին ձեռնտու լինի տարածաշրջանում Իրանի ազդեցության նմանօրինակ աճը՝ հաշվի առնելով միջազգային հանրության և հարևանների հետ վերջինիս ունեցած խնդիրները։ Այնպես որ, կարելի է ենթադրել՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի համար Հայաստանով անցնող հաղորդակցության ուղիներն ալտերնատիվ չունեն կամ դրանց գինը անթույլատրելիության աստիճան բարձր է։

Չմոռանանք, որ այս համագործակցության մեզ համար ամենակարևոր դրսևորումը՝ Արցախում 2020թ․ տեղի ունեցած պատերազմը, եղավ Թրամփի կառավարման և ԱՄՆ-ի վարած մեկուսացման քաղաքականության պայմաններում։ Բայց փոխվեց թե՛ Թրամփը, թե՛ նրանով պայմանավորված ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը։ Ատլանտյան երկրորդ խարտիան հնարավոր նոր աշխարհակարգի վերաբերյալ բավականին սպառիչ պատասխաններ է տալիս, և մեզ հետաքրքիր է հասկանալ, թե նկարագրված այդ աշխարհում ինչ հեռանկարներ ունեն Հայաստանն ու Արցախը։ 

Նոր աշխարհակարգի պլանի իրագործման համար, որպես «ազատության ցանց», ինչպես իր ելույթում նշել էր Լիզ Թրասսը, պետք են հենման կետեր ամբողջ աշխարհում։ Մյուս կողմից, ինչպես կարելի է պատկերացնել Խարտիայի հրապարակված տեքստից, այդ հենման կետերի՝ «ազատության ցանցի» անդամ հանդիսացող երկրների ընտրության չափորոշիչը ժողովրդավարությունն է։ Այս առումով խիստ տրամաբանական կարող ենք դիտել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ Հայաստան այցելության շեմին հնչեցրած միտքը․ «Մեր հիմնադիր հայրերը բռնապետության փոխարեն ընտրեցին ժողովրդավարությունը 1787 թվականին՝ Սահմանադրության օրը: Սերնդեսերունդ մենք պաշտպանել ենք այդ ընտրությունը: ԱՄՆ-ից մինչև Ուկրաինա, մինչև Թայվան ու Հայաստան աշխարհը ընտրության առաջ է՝ ժողովրդավարության և ավտորիտարիզմի միջև, և մենք պետք է նորից ընտրենք ժողովրդավարությունը»։ 

Թվարկված երկրների այս ընտրությունը դժվար է պատահական համարել։ Եթե գործընկեր պետությունների ընտրության չափորոշիչը ժողովրդավարությունն է, ապա Հայաստանը այդ չափորոշիչով առանձնանում է իր թե՛ հյուսիս-հարավ առանցքով, թե՛ արևմուտք-արևելք առանցքով՝ Թուրքիայից մինչև Չինաստան։ Եվ սա Հայաստանի ժողովրդավարական լինելու հանգամանքի միակ շեշտադրումը չէր։ Այստեղ պետք է նշել նաև 2021թ․ դեկտեմբերի 10-ին ԱՄՆ-ի կազմակերպած «Ժողովրդավարության հարցերի գագաթնաժողովին» Հայաստանի ստացած մասնակցության հրավերն այն պարագայում, երբ մեր հարևաններից միայն Վրաստանն էր հրավիրվել։ Իսկ Փելոսին ամբողջ այցի ընթացքում իր յուրաքանչյուր ելույթում կամ հարցի պատասխանելիս առանձնացնում էր այդ հանգամանքը։ Սրան կարող ենք ավելացնել, որ հանրային դաշտում զուգահեռաբար սկսեց քննարկվել Հնդկաստանի՝ Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ԱՄՆ-ի հիմնական դաշնակիցներից մեկի կողմից Հայաստանի վերազինման գործում ունեցած հեռանկարային ծրագրերը։ Դրական ազդակներ եղան ոչ միայն այս երկու պետությունների, այլ նաև Խարտիայի մյուս անդամի՝ Մեծ Բրիտանիայի կողմից։ Հայաստանում Մեծ Բրիտանիայի՝ ավանդաբար լռություն պահպանող դեսպանատունը վերջին մեկ տարում աչքի է ընկել այսրոպեական հարցերում պրո-հայկական դիրքորոշումներով և Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի քաղաքականությունը հասցեական դատապարտող մի շարք հայտարարություններով։ Այնպես որ, Փելոսիի անակնկալ այցը ՀՀ Պաշտպանության նախարարություն և այցելության նպատակների մեջ անվտանգության հարցերի քննարկումը նշելը պատահական, դեկլարատիվ համարել չի կարելի։ Ավելացնենք, որ ԱՄՆ նորանշանակ դեսպանը ՀՀ Արտաքին գործերի նախարարին և ՀՀ Նախագահին հավատարմագրեր հանձնելուց հետո, փետրվարի 23-ին այցելեց ՀՀ ՊՆ։

Շատ կարևոր է շեշտել, որ այսպիսի համագործակցության հիմքը թե՛ ԱՄՆ-ի, թե՛ ԵՄ որոշ երկրների, մասնավորապես՝ Ֆրանսիայի դեպքերում Հայաստանի նկատմամբ անմար սերը չէ, այլ հնարավոր շահերի հնարավոր համադրումը։ Պատարա՞ստ է արդյոք Հայաստանը այսպիսի համագործակցության։ Զուտ քաղաքական մակարդակում արժե ընդգծել Նիկոլ Փաշինյանի՝ 2023թ․ հունվարի 10-ի ասուլիսի ժամանակ հնչեցրած հարցադրումը․ «Հարց է՝ մենք պետք է տարածաշրջանի՞ց գնանք աշխարհ, թե՞ աշխարհից գանք տարածաշրջան»։ Քննարկվող հարցի տիրույթում Փաշինյանի հնչեցրած որոշումը, թե մենք պետք է տարածաշրջանից գնանք աշխարհ, կարելի է մեկնաբանել այնպես, որ Հայաստանը որոշել է անմասն մնալ գլոբալ զարգացումներից կամ դրան մասնակցել միայն այնքանով, որքանով այդ քայլերը առաջին հերթին ընկալում կգտնեն տարածաշրջանային երկրների կողմից։ Օրինակ, նույն նոյեմբերի 9-ի փաստաթղթով ամրագրված տարածաշրջանային հաղորդակցության միջոցների ապաշրջափակման դրույթը ԱՄՆ-ին կարող է հետաքրքրել այնքանով, որ դրանով կչեզոքացվի Իրանի դեմ չգործելու Հայաստանի այն փաստարկը, թե Իրանի սահմանը մեզ հասանելի երկու բաց սահմաններից մեկն է։ Հայաստանի արևելյան և արևմտյան սահմանների ապաշրջափակումը իր համար կնվազեցնի Իրանի հետ բաց սահմանի նշանակությունը՝ հնարավորություն տալով ավելի ճկուն լինել ԱՄՆ-ի շահերի հետ համադրության առումով։ Սակայն խիստ կասկածելի է, որ Փաշինյանը միայն այդ հանգամանքը նկատի ուներ, այլ ոչ նաև Իրանի, Թուրքիայի և Ռուսաստանի շահերի հետ մեր շահերի համադրումը, որից հետո նոր կարելի է սկսել աշխարհի հետ երկխոսությունը։

Սա, ըստ էության, կարելի է նույնացնել Հայաստանի կողմից ավանդաբար վարվող «ջայլամի» քաղաքականության հետ, երբ բախվող կողմերից որևէ մեկին դեմ չգնալու համար առաջին հայացքից Հայաստանը չեզոքություն է հայտարարում և վերջում բախման բոլոր կողմերից ընկալվում առնվազն ոչ որպես դաշնակից։ 

Հայաստանն, իհարկե, կարող է չընդունել միջազգային հանրության մեկնած ձեռքը և «տարածաշրջանից գնալ աշխարհ», սակայն ամբողջ խնդիրն այն է, որ տարածաշրջանային երկրներն իրենց քաղաքականությունը զերծ չեն պահում գլոբալ զարգացումներից և ավելին՝ դրանով են պայմանավորում իրենց ընկալումների ամբողջ սպեկտրը։ Բացի դրանից, այդպիսի ընկալումներում տարածաշրջանային երկրները Հայաստանին ոչ թե որպես առանձին սուբյեկտ են ընդունում, որի հետ կարելի է և պետք է շահերը համադրել, այլ մի գործոն, որին անվերջ ճնշելով՝ հնարավոր է ցանկացած զիջում կորզել։ 

Հավաքական «Արևմուտքի» մեկնած ձեռքը մերժելու հաջորդ, ավելի ռացիոնալ պատճառ կարող է դիտվել այն, որ «Արևմուտքի» պատկերացումներում Արցախի ինքնորոշման հարցը միանշանակ չէ։ Խոշոր հաշվով, արևմտյան քաղաքական գործիչների համար միևնույնն է Արցախի պատկանելության հարցը։ Պայմաններում, երբ Հայաստանն ինքը դեռևս 1992թ․ և մինչ օրս հայտարարել է, թե հարցը դիտում է որպես Ադրբեջանի տարածքում տեղի ունեցող էթնիկ կոնֆլիկտ, ոչ մի ողջամիտ պատճառ չկա այդ հակամարտությանն այլ անուն տալ։ Բավական է, որ հայկական կողմը Արցախի հարցում դիրքորոշումը որպես համագործակցության պայման դիտարկի, որպեսզի հարցը սկսի քննարկվել  նաև այլ տեսանկյունից։ Նոր աշխարհակարգում տարածքային ամբողջականությունը որպես միջազգային իրավունքի առանցքային սկզբունք դիտարկող ԱՄՆ-ն Թայվանը ճանաչում է որպես Չինաստանի տարածքային ամբողջականության մաս, սակայն, ըստ իր հավաստումների, Չինաստանի կողմից Թայվանի նկատմամբ ցանկացած ճնշման դեպքում ԱՄՆ-ն, ի պաշտպանություն Թայվանի, զինված միջամտություն կցուցաբերի։ Որպեսզի այս օրինակը միայն տեսական հարթության մեջ չդիտվի, քննենք Կոսովոյի դեպքը։ Կոսովոյի անկախությունը ճանաչելուց առաջ ԱՄՆ-ն այն դիտարկում էր որպես Սերբիայի ամբողջականության մաս մինչ այն պահը, երբ Կոսովոյում Սերբիայի կողմից էթնիկ զտումներ սկսեցին։ Դրանից հետո տեղի ունեցան արևմտյան քաղաքակրթության կրող երկրների կոալիցիայի կողմից Բելգրադի ռմբակոծությունները։ Ընդհանրապես, երկրների կողմից վարվող քաղաքականությունը կարծրացած որևէ դիրքորոշում չի ենթադրում, այն անընդհատ դինամիկայի մեջ է։ Դրա մասնակիցներից թեկուզ մեկի դիրքորոշման փոփոխությունը անխուսափելիորեն հանգեցնում է մյուսների կողմից հարցի վերանայման և շատ հաճախ՝ դիրքորոշումների փոփոխության։ Այլ կերպ ուղղակի չի լինում։ 

Այս համատեքստում արժե Հայաստանում տարածված ևս մի կարծրացած հարցի անդրադառնալ։ Նույնիսկ բարձր քաղաքական մակարդակում երբեմն կարծիքներ են հնչում, ըստ որոնց՝ տարածքային ամբողջականության սկզբունքը հակադրվում է ազգերի ինքնորոշման սկզբունքին։ Ինչպես միջազգային կարգերի ձևավորման պատմական ակնարկից երևում է՝ տարածքային ամբողջականության սկզբունքն ընդունվել է որպես պետությունների միջև ագրեսիան, ուժի կիրառումը և ուժի կիրառման սպառնալիքը բացառելու միջոց։ Ազգերի ինքնորոշման սկզբունքը շատ փոքր առնչություն ունի տարածքային ամբողջականության սկզբունքի հետ։ Այն մյուս հիմնարար սկզբունքների շարքում առանձին սկզբունք է, որի ապահովումը նշված է որպես ՄԱԿ-ի կանոնադրական նպատակ։ Հիշենք, որ ըստ ՄԱԿ-ի ստեղծման հիմքում ընկած Ատլանտյան խարտիայի՝ բոլոր ազգերն ու ժողովուրդները պետք է ապրեին առանց արտաքին ֆիզիկական միջամտության հեռանկարից վախի։ Այդ պայմանն ապահովելու համար պետությունների ստեղծած միությունը՝ ՄԱԿ-ը, բազմաթիվ բանաձևեր և ակտեր է հրապարակել։ Ազգերի ինքորոշման իրավունքը փաստարկված և ամրագրված է նաև միջազգային այլ կառույցների փաստաթղթերում։ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության անդամների կողմից ստորագրված Հելսինկյան եզրափակիչ ակտի 8-րդ կետով ամրագրված է ժողովուրդների կողմից սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքը․ «…Յուրաքանչյուր եվրոպական ժողովուրդ իրավունք ունի ինքուրույն որոշել իր ներքին և արտաքին կարգավիճակը։ Այլ պետություններ այդ որոշման վրա ազդելու իրավունք չունեն»։ Ի լրումն ՄԱԿ-ի կանոնադրության և հեղինակած փաստաթղթերի, սա եվրոպական տարածաշրջանում հետպատերազմյան շրջանում հարաբերությունների կարգավորման հիմնական փաստաթղթերից է։ Ըստ Ատլանտյան երկրորդ խարտիայի՝ դրան միացող պետությունները ոչ միայն ապագայում չեն պատրաստվում չեղարկել այս սկզբունքների իրագործումը, այլ իրենց հավատարմությունն են հայտնում դրանց, և ավելին՝ իրենց համագործակցությունն այդ սկզբունքներն ու դրանց ապահովման համար ստեղծված ինտիտուտները խարխլել փորձող պետությունների դեմ է։ Հելսինկյան եզրափակիչ ակտի հենց այս կետն էր 2022թ․ ապրիլի 29-ին «Արմենպրես»-ին տված իր հարցազրույցում բառացի մեջբերել Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին․ «ԱՄՆ-ն ճանաչում է Լեռնային Ղարաբաղի բնակչության դերակատարումը իր ապագան որոշելու հարցում»։ Միաժամանակ, ինչպես թեմայի վերաբերյալ բոլոր հայտարարություններում, ԱՄՆ-ն ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Այս երկու դիրքորոշումների մեջ հակասություններ չկան։

Հայաստանը հայտնվել է նոր աշխարհակարգի ձևավորման համար կոնֆլիկտների թատերաբեմում։ Եթե Ռուսաստանը արևմտյան աշխարհի հետ կապի ցամաքային այլ միջոցներ ունենար, Արցախյան պատերազմի 2020թ․ սրացումը գուցեև չլիներ, Հայաստանը դուրս մնար արևելք-արևմուտք կապուղիներից, և խնդիրը տեղափոխվեր նվազագույն դիմադրության այլ դաշտ։ Սակայն տեսնում ենք, որ այնուամենայնիվ, Հայաստանով անցնող կոմունիկացիաների համար պայքար է տեղի ունենում․ Հայաստանն իր աշխարհագրական դիրքի բերումով որոշ գերտերությունների կենսական շահերի կենտրոն է դարձել։ Նույն տեսանկյունից Հայաստանի կարևորությունը բարձրանում է նաև «Արևմուտքի» համար։ Սակայն եթե Ռուսաստանի շահերի տիրույթում հայկական շահերի նվազագույնը՝ Արցախի հայկական մնալու հանգամանքը, կարելի է ապահովել, ապա «Արևմուտքի» դիրքորոշման դեպքում Արցախը հայաթափվելու է։ Պաշտոնական Երևանը, Արցախը ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս և սրա կապակցությամբ համաձայնելով ադրբեջանական մյուս պահանջների հետ, հակադրության մեջ է մտնելու ոչ միայն ռուսական, այլ նաև պաշտոնական Ստեփանակերտի շահերի հետ։ Այս առումով Հայաստանի հետ շահերի փոխադարձ հարգանքի վրա հիմնված գործընկերության կառուցումը «Արևմուտքը» պետք է սկսի ոչ թե Հայաստանի պահանջների նշաձողը իջեցնելու առաջարկով, այլ ավելի արդյունավետ կլինի առաջարկել ավելին, քան առաջարկում է Ռուսաստանը։ Այս դեպքում հնարավոր է ոչ միայն արդյունավետ համագործակցություն, այլև տարածաշրջանում երկարատև խաղաղության հասնել՝ համադրելով ռուսական և «արևմտյան» շահերը։ Սրա հակառակն անտրամաբանական է, քանի որ գոնե նվազագույնը՝ Արցախը հայկական պահելն ապահովելը, Ռուսաստանի ուժերի տիրույթում է։

Պայմանական «Արևմուտքի» կողմից Հայաստանով անցնող հաղորդակցության ուղիների վրա որևէ վերահսկողություն ունենալու միակ շանսը կարող է լինել Արցախի Հանրապետության ճակատագրի նկատմամբ վերաբերմունքի փոփոխությունը։ Այս դեպքում հնարավոր է Ռուսաստանի հետ համագործակցության միջոցով տարածաշրջանում երկարատև խաղաղության և արդյունավետ տնտեսական հեռանկարի հասնել։ Այլ պարագայում, երբ շարունակվի Արցախում ձևավորված ստատուս-քվոն, որտեղ տարածքի նկատմամբ իրավունքները ճանաչվում են որպես ադրբեջանական, իսկ տարածքը փաստացի գտնվում է հայկական վերահսկողության տակ, տարածաշրջանը ռուսական ազդեցության թուլացման ոչ մի շանս չունի։

Տեղին կլինի նաև մի ատավիզմի անդրադառնալ, ինչպիսին է «բրիտանական նավերը հայկական լեռները չեն բարձրանում» դարձվածքը։ Նախ, ընդամենը 100 տարի առաջ «բրիտանական նավերը» բարձրացել են ոչ միայն հայկական լեռները, այլև աշխարհի ամենաբարձր ասիական լեռները։ Մեկ դար էլ չի անցել ժամանակներից, երբ Մեծ Բրիտանիան տիրապետում էր կամ վերահսկողություն ուներ մարդկությանը հայտնի աշխարհի մեկ քառորդի նկատմամբ։ Բայց հարցն այստեղ ամենևին Մեծ Բրիտանիան չէ, այլ ժամանակակից զինատեսակները և, որ ավելի կարևոր է, զսպումների և հակակշիռների մեխանիզմները։ Նախ, ինչպես մենք առիթ ունեցանք ծանոթանալու, ժամանակակից աշխարհակարգի պաշտպանության երկու մեխանիզմներից մեկը միջուկային զենքի միջոցով ռազմական հավասարակշռության հասնելն է։ Ամենևին պարտադիր չէ, որ ինչ-որ հակակշիռ ստեղծելու կամ ագրեսորին զսպելու համար աշխարհակարգի պաշտպան-երկրներից մեկը զորքը տեղափոխի խնդրո առարկա տարածաշրջան այնպես, ինչպես թերևս նախկինում էր։ Հետո, այսօր երկրների վրա ներգործության ավելի արդյունավետ գործիք է ոչ այնքան ոռազմական ւժի կիրառումը, որքան միջազգային տնտեսությանը մասնակցելու տարատեսակ սահմանափակումները, ինչին առանձնահատուկ անդրադարձ կա թե՛ Ատլանտյան երկրորդ խարտիայի բուն տեքստում, թե՛ դրանց մեկնաբանության մասնակիցների քաղաքական տեքստերում։ Հիմնականում հենց այդպիսի՛ ներգործություն ենք տեսնում, օրինակ՝ Ռուսաստանի պարագայում։

Ամփոփում

Հաստատված աշխարհակարգի արդյունավետությունը կարելի է գնահատել հանգամանքով, թե միջազգային կարգերի սուբյեկտներն ինչպես են մեկնաբանում ուժի և իրավունքների փոխներգործությունը և որքան վճռական ու հետևողական են այդ բաղադրիչների միջև հավասարակշռության պահպանման հարցում։ Դրանցից յուրաքանչյուրի փոփոխությունն ինքնին ընդհանուր փոփոխությունների հիմք է, բայց միմյանց միջև հավասարակշռության պահպանման պարագայում փոփոխությունները տեղի են ունենում բնականոն և խաղաղ, առանց պատերազմների։ Երբ այդ հավասարակշռությունը խախտվում է, առաջանում է քաոս, որը շարունակվում է այնքան, մինչև նոր հավասարակշռություն կգտնվի։

Տարածված կարծիք կա այն մասին, որ ներկայումս աշխարհում տեղի ունեցողը քաոս է։ Ինչպես տեսնում ենք հոդվածի պատմական ակնարկից, քաոսը աշխարհակարգի բացակայությունն է, իսկ աշխարհակարգը՝ այդ քաոսին համակարգված տեսք տալու հաջողված փորձ։ Փոփոխությունները, որ տեղի են ունենում աշխարհում, բավականին կանխատեսելի և տրամաբանական են։ Ավելին, նույնիսկ գործող երկրները մեծամասամբ նույնն են, ինչ վերջին դարերում, հռչակվող տեքստերի ու գործողությունների միջև էլ մեծ տարբերություն չկա։ Շատ դժվար է հավատալ, որ ներկայիս կարգերի պահպանման ու ռեֆորմացիայի համար պայքարող երկրները որևէ լուրջ դիմադրության կհանդիպեն իրենց ճանապարհին։ Ուրվագծվում է նաև, որ ապագայում ստեղծվող կարգերի պահապան երկրները համալրվելու են նոր անդամներով, ինչպիսիք են Հնդկաստանը, Ավստրալիան, Ճապոնիան, Բրազիլիան և այլն։ Ներկայումս արդեն խոսք կա ՄԱԿ-ում վետոյի իրավունքը վերացնելով ավելի ճկուն միասնական քաղաքականության հնարավորության մասին։ Ճանապարհի վերջում չի բացառվում նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական կազմի փոփոխությունը, ինչպես նաև ՆԱՏՕ-ի դերի և նշանակության փոփոխությունը, եթե, որպես այդպիսին, իմաստ ունենա նրա հետագա գոյությունը։

Եթե հղում անենք պատմությանը, աշխարհակարգերի նման փոփոխությունների ակտիվ շրջանը տևում է 2-3 տասնամյակ, ինչից հետո ուժային անհրաժեշտ հակակշիռների հասնելու միջոցով որոշ ժամանակ հաստատվում է խաղաղություն, և զարգացման նոր ուղղություններ ու հեռանկարներ են բացվում։ Երկրները, որոնք նոր աշխարհակարգի ուժային հավասարակշռության մեջ կարևոր դերակատարություն են ստանձնում, լրացուցիչ արտոնություններ են ստանում՝ ի տարբերություն այն երկրների, որոնք ընդհանուր անվտանգության համակարգի մեջ կորցնում են իրենց նախկին դերը։ Այդպիսի օրինակ է ժամանակակից Թուրքիան, որը նախկին աշխարհակարգի պայմաններում ամենաառանցքային դերակատարներից մեկն էր՝ որպես «ՆԱՏՕ-ի առաջամարտիկ», իսկ այժմ կանգնած է ՆԱՏՕ-ից դուրս հրավիրվելու վտանգի առաջ։ Թերևս, էրդողանական Թուրքիայի վերջին տասնամյակի գերակտիվությունը հենց դրանով էլ պայմանավորված է։ 

Ինչ վերաբերում է Հայաստանին և Արցախին, ապա պետք է գիտակցել, որ ի թիվս այլ փոքրաթիվ երկրների՝ նոր աշխարհակարգի ստեղծման համար կարևոր տարածաշրջանային նախագծերի մեջ ենք հայտնվել։ Եվ մեր ընտրությունն է՝ որոշ «քաղաքական» գործիչների հորդորով «լռենք, որպեսզի մեծերի ոտքի տակ չընկնե՞նք», թե՞ պրոակտիվ քայլեր կատարենք, մեր շահերը համադրենք մյուսների շահերին և նոր հնարավորություններ ստեղծենք Հայաստանի համար։ Այստեղ կարևոր է նաև գիտակցումը, որ նոր աշխարհակարգի հաստատումից հետո, երբ «ազատության ցանցի» առանցքային երկրները պարզ կլինեն, առաջիկա տասնամյակներում հենց նրանց շահերի շուրջ էլ կառուցվելու է համաշխարհային ու տարածաշրջանային ապագան, իսկ այդպիսի նախագծերից դուրս մնացած երկրները ընդամենը սպասարկելու են մյուսների շահերը։ Տարածաշրջանային բոլոր երկրները՝ Թուրքիան, Իրանը, Ռուսաստանը և նույնիսկ Ադրբեջանը, այսօր և հիմա են պայքարում նոր աշխարհի արևի տակ իրենց դերի համար, և մեր ժամանակի ու տարածության մեջ այդ տեղը պայքարողինն է։

Ավելորդ չի լինի հիշեցնել, որ հոդվածում վերոշարադրյալն ընդամենը ապագայի հեռանկարների փաստարկված վարկածներ են։ Յուրաքանչյուր պլան, ում կողմից էլ այն մշակված լինի, ի վերջո ճշգրտումների է ենթարկվում, երբեմն չեղարկվում կամ փոխարինվում նորով։ Օրինակ, դեռևս 2015թ․ ակնհայտ էր, որ Ռուսաստանն իր ազդեցության գոտին տեղափոխում է արևմուտք։ 2014թ․ նա կորցրեց Ուկրաինայի վրա ունեցած նախկին ազդեցությունը։ 2015թ․ Ռուսաստանը սկսեց զինել Ադրբեջանին՝ խախտելով տասնամյակներ հաստատված սպառազինությունների բալանսը՝ զուգահեռաբար իր պլանավորված գործողություններով Հայաստանում հետևողաբար հակառուսական տրամադրություններ խթանելով։ Միայն 2015թ․ Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանությունը, դրան հետևած հայկական վարչախմբի գործողությունները և հետագայում տեղի ունեցած դատավարությունը բավականին բան կարող են պատմել այդ տարիների քաղաքականության մասին։ Սակայն, միևնույն է, մինչև 2020թ․ Արցախում պատերազմի վերջին սուր փուլը Ռուսաստանի նկատմամբ հայ հանրության վերաբերմունքը բարեկամական էր, իսկ Հայաստանից Ռուսաստանի հեռանալու հեռանկարները դիտարկվում էին որպես դավադրապաշտություն և ծաղրի արժանանում։ Այսօր արդեն դա շատերն են կանխատեսում։ Այս պատմությունը մեզ դաս է տալիս, որ չկա անփոխարինելի պլան և չկա փոքր կամ մեծ պետություն, որի դիրքորոշումը դեր չխաղա այդ պլանի իրագործման ժամկետների կամ ձախողման մեջ։ Պլանները փոփոխական են, դրանց իրագործման ժամանակը օրերով ու ժամերով չի հաշվվում, և իրագործման ճանապարհները կարող են փոփոխվել։ Ըստ այդմ, ցանկացած հեռանկար, որ այսօր կարելի է քննարկել, փոփոխման ենթակա է՝ կախված մասնակիցների դիրքրոշումների ամրությունից կամ դրանց փոփոխությունից։ Ընդ որում՝ դիրքորոշումների փոփոխությունը հարաբերությունների այս մակարդակում բավականին նորմալ մոտեցում է և եթե որոշ գործընկերների այդ փոփոխոխությունը կարող է հիասթափեցնել, ապա մյուսների համար կարող է նոր բարեկամության ու համագործակցության համար ամուր հիմք դառնալ։

Հայաստանը բարդ ընտրության առաջ է կանգնած։ Այդ ընտրությունից, աշխարհի համար դրա հիմնավորվածությունից, ողջամտությունից և որոշումն իրագործելու վճռականությունից է կախված մեր պետության ապագան։ Սխալ որոշումը կարող է վերջ դնել Անկախության հռչակագրում ամրագրված՝ մեր «ժողովրդի դարավոր իղձերի» իրականացման հեռանկարներին, բայց ճիշտ ընտրությունը կարող է այնպիսի հեռանկարներ ստեղծել, որոնց դիմաց «ժողովրդի դարավոր իղձերը» կարող են ոչ այնքան տպավորիչ հեքիաթներ թվալ։ Սխալ ընտրություն ասելով՝ նկատի է առնվում հետևյալը․ որպես միջազգային իրավունքի սուբյեկտ հրաժարվել սեփական իրավունքներից՝ հուսալով, որ որևէ գերտերություն, ուժային կենտրոն քեզ կներառի իր աշխարհաքաղաքական շահերի տիրույթում, կդիմի քեզ օգնելու խնդրանքով, ամեն ինչ իր ձեռքերով կիրագործի, իսկ քեզ կմնա գոհունակություն կամ դժգոհություն հայտնել տեղի ունեցածի վերաբերյալ։ Ճիշտ ընտրություն ասելով՝ պետք է հասկանալ սեփական իրավունքների համար անզիջում ու վճռական պայքար, համադրվող շահերի անվերջ փնտրտուք, շահերի համադրման հիմքով նոր հարաբերությունների հաստատում, նախաձեռնողականություն։ Իհարկե, մեր իրավիճակում դա բարդ գործ է։ Մեր քաղաքական աղքատիկ մտքի պարագայում լավ արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է ներքաղաքական պայքարի լուսանցքներում տեղ թողնել միասնական աշխատանքով Հայաստանի համար ավելի լավ հնարավորություններով ապագա կերտելու աշխատանքի համար։ Փոխարենը մեր տարածաշրջանը լի է այնպիսի հակասություններով, որ դա մեծ հնարավորություններ է ընձեռում բնական և արհեստական ձևավորված ուժային հավասարակշռություններ ստեղծելու համար։

Սուրեն Սահակյան, հանրային-քաղաքական գործիչ

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Լաչինի ապաշրջափակման հետ կապված լուրերը կեղծ են. ԱՀ ՆԳՆ

Հաջորդը

Ոսկե, արծաթե և բրոնզե մեդալ՝ մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությունից

Առնչվող նյութեր
Դիտել

Հայաստանի և Սիրիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հարցեր

Սեպտեմբերի 24-ին ՄԱԿ ԳԱ 77-րդ նստաշրջանի շրջանակներում Նյու Յորքում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել…
Դիտել

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ, որի ընթացքում Ղազախստանի նախագահը տեղեկատվություն է փոխանցել…
Դիտել

Թարմ մսի իրացման շուկայում վերահսկողությունը լինելու է ամենօրյա. ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, Ամանորյա տոներին ընդառաջ սպանդանոցային ծագման մսի նկատմամբ վերահսկողության շրջանակներում, հանրապետության իրացման ցանցում մշտադիտարկումներ…
Դիտել

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցել է զոհված զինծառայողների ընտանիքներին

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը ցավակցել է ապրիլի 11-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհված հայ զինծառայողների ընտանիքներին։ «Ցավով տեղեկացանք…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share