«Անկլավներն» ու հայկական պատմամշակութային կառույցները

Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց Համալսարանի Կովկասագիտության կենտրոնի ղեկավար, Հայքի մշակույթի օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը պարբերաբար կհրապարակի «անկլավների» անվան տակ ներկայացվող հայկական բնակավայրերի պատմամշակութային հուշարձանների մասին տեղեկություններ, որոնք հստակորեն ապացուցում են այդ բնակավայրերի հայկական լինելը։

Մաս առաջին Տավուշի մարզ գ. Ոսկեպար

ՈՍԿԵՊԱՐԻ ՍԲ. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ՏԱՃԱՐ
Գտնվում է գյուղից շուրջ 400 մ հյուսիս-արևելք Ոսկեպար գետակի ձախ ափից ոչ հեռու առնվազն վաղ միջնադարից գոյություն ունեցած μնակավայրի տարածքումծովի մակերևույթից 735 մ. բարձրության վրա (N41°04°25.27°°; E 045°04°32.47°°): Ճարտարապետական մտքի ինքնատիպությամբ օժտված եկեղեցու մասին առաջին գրավոր վկայությունը հեղինակել է բանահավաք Ս. Քամալյանը, որը 1884թ. նշել է «Հին գիւղի արևելակողմը՝ ձորակի եզերքին կառուցած է այս վանքը, տաճար խաչաձև, ներքուստ սրբատաշ քարով. Ունի կաթուղիկէ նորաշէն…»:

Ավելի ուշ շրջանում եկեղեցու ճարտարապետական առանձնահատկությունների քննությամբ զբաղվել են Ս. Տեր-Ավետիսյանը, Ա. Յակոբսոնը, Գ. Շախկյանը, Պ. Կունեոն, Մ. Հասրաթյանը և այլք: Բոլոր հետազոտողներն էլ համակարծիք են, որ այն հիմնադրվել է VII դարում: Հուշարձանը, որը Մաստարայի տիպի եկեղեցիների փոքրաչափ օրինակներից է, կանգուն է և պահպանվել է ամբողջական վիճակում: Աղոթասրահը քառակուսի է (5.4*5.4 մ) պսակված ներսից և դրսից ութանիստ թմբուկ ունեցող գմբեթով: Անցումը քառակուսի հիմքից գմբեթի բոլորակ թաղին իրականացված է երեք շարքում տեղադրված տրոմպների միջոցով: Միաչափ կիսաշրջանաձև խորաններով են ավարտվում խաչաթևերը, որոնց կորության կենտրոնը 65 սմ ետ է ընկած ճակատային գծից: Խաչաթևերից երեքը արտաքինից ուղղանկյուն են, ի տարբերություն այդ տիպի մյուս հուշարձանների (օր.Արթիկինը հնգանիստ է): Ավագ խորանին երկու կողմից կից են արևելք-արևմուտք ձգված ուղղանկյուն հատակագծով ավանդատներ ծածկված կիսագլանաձև թաղով: Դրանք փոքր-ինչ դուրս են գալիս արևելյան ճակատային հարթությունից զատվելով հիմնական ծավալից, որոնք նաև զգալիորեն ցածր են ավագ խորանից: Մուտքերը արևմտյան և հարավային կողմերից են պսակված զույգ կիսասյուների վրա բարձրացող կամարակապ ճակտոններով, որում առկա են տիմպանների ուղղանկյուն խորշեր, իսկ դրանցում փորված են ծաղկուն խաչեր: Թմբուկի նիստերը մշակված են անկյունային մասերի զույգ կիսասյուներից բարձրացող զարդակամարաշարով:

Պատուհաններն ունեն վաղ միջնադարին ներհատուկ պարզ հորինվածքի պսակներ: Եռաթերթ տերևների շարքով է ձևավորված արևելյան պատուհանի պսակը: Համանման մոտիվ՝ գալարուն ցողուններով միավորված, ունեցել է նաև նախնական քիվը, որից միայն առանձին բեկորներ են մնացել: Պատերը նստած են որմնախարսխի վրա, արևելյան և հարավային ճակատներում երևում են երկուական աստիճաններ, մյուսներում՝ մեկական: Եկեղեցու վեղարը ութանիստ բուրգ է՝ ծածկված քարե սալերով:

Կառուցված է բաց շականակագույն ավազաքարի սրբատաշ խոշոր քարերով, որոնց մի մասը ժամանակի ընթացքում հողմահարվել է: Պատերը ներքուստ եղել են սվաղված: Հուշարձանը նորոգվել է 1975-1977թթ., որի ժամանակ նորացվել են տանիքների ողջ ծածկասալերը, քիվերը, պատերի ճակատային քարերի որոշ մասը:

Մաստարայի տիպի մնացած բոլոր եկեղեցիները գտնվում են պատմական Շիրակի սահմաններում: Ոսկեպարի գտնվելը Գուգարաց նահանգի Կողբափոր գավառում ցույց է տալիս, որ եկեղեցական շենքերի այդ տիպը չի սահմանափակվել Շիրակի ճարտարապետական դպրոցի ավանդույթների շրջանակներում:

Գրականություն

  1. Առաքելյան Բ, Հայկական պատկերաքանդակները IV-VII դարերում, Երևան 1949:
  2. Հասրաթյան Մ., Հայկական վաղքրիստոնեական ճարտարապետությունը, Մոսկվա 2010,
  3. Тер-Аветисян С. В. Заметка о Воскепаре и Киранце. Материалы по истории Грузии и Кавказа, вып. XX, М.-Л., 1948.
  4. Կարապետյան Ս., Ոսկեպարի պատմական հուշարձանները, Երևան 2013:
  5. Տավուշի մարզ գ. Ոսկեպար եկեղեցի Սուրբ Աստվածածին // https://hushardzan.am/archives/6000.

Շարոնակելի…

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

«Մանչեսթեր Սիթին» Չեմպիոնների լիգայի գավաթակիր

Հաջորդը

Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել․ Արցախի ՊՆ

Առնչվող նյութեր
Դիտել

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը աշխատանքային այցով եղել է Տավուշի մարզում

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հուլիսի 26-ին աշխատանքային այց է իրականացրել Տավուշի մարզ: Պաշտպանին ուղեկցել են ՄԻՊ աշխատակազմի…
Դիտել

Ռուսաստանում ջրածածկ եղած բնակելի շենքերի թիվը հասել է գրեթե 18 000-ի

Ռուսաստանի տարածքում գարնանային վարարումներից ջրածածկ եղած բնակելի շենքերի թիվը մեկ օրում ավելացել է 1700-ով և հասել գրեթե 18…
Դիտել

«Երիտասարդական» և «Հանրապետության հրապարակ» կայարաններում կցուցադրվեն խնամքի հաստատություններում բնակվող երեխաների ձեռքի աշխատանքները

Հունիսի 1-ից Երևանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» և «Հանրապետության հրապարակ» կայարաններում կցուցադրվեն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող խնամքի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share