Հույսերը չեն մարում․ Աշոտ Գոմցյան

Հայաստան-Թուրքիա

Հանդիպումից առաջ:

1.Բախտ և մոտիվացիա

Բաղձալի հույսեր, աժիոտաժ, ասուլիսներ կիսապրոֆեսիոնալ հարցերով, կոչեր՝ չքաղաքականացնել հանդիպումը, սպասում…

Մեր ֆուտբոլիստներից մի քանիսը ոգևորությամբ վստահեցնում էին, որ հաղթանակը իրատեսական է: Ի տարբերություն նրանց, նորանշանակ մարզիչն ավելի իրատես երանգներով էր արտահայտվում: Պետրակովը անկեղծորեն նշեց, որ երկու ամսում անհնար է նորմալ ծանոթանալ իրավիճակին: Եվ՝ նույնիսկ մարզումները չեն կարող ամբողջական կարծիք ապահովել տղաների որակների մասին: Հետևաբար՝ նման պարագայում բախտի գործոնը կարող է կարևոր դեր խաղալ: Պարզ ու հասկանալի է Պետրակովի կոնցեպտը: Քիչ հավանական է մի քանի օրում միամգամից փոխել ոչ բարձր կարգի թիմի խաղամակարդակը: Բայց լավագույնս ինչ հնարավոր է անել՝ մոտիվացնել, մոտիվացնել ու էլի մոտիվացնել, իսկ օպտիմալ մարտավարության խնդիրն ընդամենը 50/50 է: Կարծում եմ, նշված երկու գործոններում Պետրակովը գտնվեց իր բարձրության վրա:

2.Նորեկներ

Հիմնական կազմի հայտացուցակում հայտնվել էին միանգամից երեք նորեկներ: Անշուշտ, ճշգրիտ գնահատական տալու համար անհրաժեշտ էր տեսնել նրանց գործի մեջ: Առաջ անցնելով ասենք, որ թե՛ Նաիր Տիկնիզյանը, թե՛ Ուգեչուկվու Իվուն, թե՛ հատկապես տակավին պատանի Գևորգ Հարությունյանը արդարացրեցին սպասումները: Վերջինս, կարծում եմ, դուրս չէր գա խաղադաշտ, եթե չլիներ Կալիսիրի վնասվածքը: Դե ինչ, տղայի բախտը բերեց՝ չկա բարիք առանց չարիքի:

3.«Լավագույն» ավանդույթները շարունակվում են

Ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին տերերի (տիրոջ) օրոք հատուկ ավանդույթ կար՝ հավաքականի մարզիչ նշանակել վերջին պահին՝ ընտրական փուլի նախօրեին, կամ՝ ընթացքում: Այդպես էր Ստոյկիցայի, Պորտերֆիլդի և մյուս մարզիչների պարագայում: Պարոնայք ՀՖՖ-ի ղեկավարներ, չե՞ք ուզում վերջապես կոտրել այդ արատավոր ավանդույթը: Թե՞ կհակադարձեք՝ որ ավելի շուտ նշանակման դեպքում, օրինակ՝ 2002-ի նոյեմբերին, ՀՖՖ-ն «անտեղի» 3-4 ամսվա աշխատավարձ ստիպված կլիներ վճարել: Սա դիլետանտի բարբաջանք է: Ով-ով, բայց Արմեններից գոնե մեկը՝ տեղակալ Նիկողոսյանը, սա շատ լավ հասկանում է: Ձեռքդ ճար չկա՞ Արմե՛ն: Այս ամենը չի խանգարում մյուս Արմենին՝ Մելիքբեկյանին, հայտարարել, որ նպատակ է դրված աշխարհի առաջնության ուղեգիր նվաճել, ինչը, որքան հասկանում եմ, չէր պահանջվում Կապարոսից, որի կատարած աշխատանքի վերաբերյալ հաշվետվությունը, ի դեպ, այդպես էլ չհրապարակվեց:

Թույլ տվեք չկիսել պ-ն Մելիքբեկյանի լավատեսությունը: Ի՞նչ քամակով (կներեք այս բառի համար) ենք գնալու աշխարհի առաջնություն, պարոն: Խոստումնալից սերունդ եք պատրաստե՞լ (այս մասին հաջորդ պարբերությունում), հայկական ֆուտբոլը զարգացնելու, կամ՝ հստակ սելեկցիայի ծրագիր ունե՞ք, անձնական շահերից վեր լինելու միտում ունե՞ք: Ասածս մի փոքր մեղմելու համար կարելի է դրական ակտիվում գրանցել Պետրակովի նշանակումն ու երեք նորեկների հրավերը: Սակայն գլոբալ առումով դժվար թե դա կտրուկ կերպով կփոխի մեր ֆուտբոլի ոչ բարվոք վիճակը:

4. Թիմի կորիզը և երիտասարդների հավաքականներ

Մի փոքր մտորենք Հայաստան-Թուրքիա մրցավեճի կազմի շուրջ: Զելարայան և Բրիասկո-Բալեքյան՝ հարավ-ամերիկյան ֆուտբոլի ներկայացուցիչներ, Իվու՝ աֆրիկյան, Սպերցյան, Բայրամյան, Տիկնիզյան, Հարությունյան, Բեգլարյան՝ ռուսական: Ինչպես տեսնում ենք, 11-ից ութը հայկական ֆուտբոլի աճեցրածը չեն: Հարց. ինչո՞վ են զբաղված Նազարյանը և պատանեկան հավաքականների մարզիչները: Պատասխան. խայտառակ պարտություններ գրանցելով և գրեթե ոչնչով չօգնելով գլխավոր թիմին: Դժվար է պատկերացնել, թե ինքը Նազարյանը և մյուս մարզիչները, գոհ են իրենց կարգավիճակից: Գոհ չի, կարծում եմ, նաև ֆեդերացիյի ղեկավարությունը: Դե, ՀՖՖ ջան, հանե՛ք, ուրեմն, այդ մարդկանց, մի՛ տանջեք ավելորդ տեղը: Թե՞ հրաման կա պանֆիլովականների օրինակով՝ ոչ մի քայլ ետ, մեր ետևում Մոսկվան է: Հիտլերը չկարողացավ գրավել մայրաքաղաքը, այո՛, Մոսկվան կանգուն մնաց, բայց հայկական ֆուտբոլը հաստատ կանգուն չի մնա: Կանգուն չի էլ եղել, ցավոք: ի՞նչ ծրագիր ունեք այս վիճակից դուրս գալու համար: Եթե Պետրակովին կարող եք 600 հազար վճարել, մի՞թե հնարավոր չէ դրա կեսի չափով Ֆլեմինգ Սերիցլևի նման բարձրակարգ մարզիչ բերել, որի օրոք երիտասարդական հավաքականը (2009-2010 թթ.) պարզապես հիասքանչ ֆուտբոլ էր ցուցադրում: Է՜հ, ո՞ւմ եմ ասում:

ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

Ինչպես նշեցինք վերևում, Պետրակովը սուղ պայմաններում գտնվելով, այդուհանդերձ կարողացավ որոշակի շտկումներ մտցնել ու շունչ տալ թիմին: Նախ՝ առկա էր բարձր մոտիվացիան: Երկրորդ՝ կարելի է օպտիմալ համարել խաղային սխեման՝ մեկ հարձակվողով, երեք կենտրոնական պաշտպանով: Վոսկանյանի վնասվածքը մի փոքր խառնեց խաղաքարտերը, բայց ընդհանուր առմամբ տղաները կարողացան կատարել մարզչի առաջադրանքը: Գոլը ծնվեց մեր «ֆիրմային», կարճ փոխանցումների շնորհիվ, որոնց դեմ մրցակիցը երկար ժամանակ հակաթույն չէր գտնում: Սակայն մոտավորապես 25-30-րդ րոպեներից սկսած թուրքերը ուշքի եկան ու հավասարեցրին խաղը, այնուհետև՝ նաև հաշիվը: Ու թեև 1:1-ը ճիշտ էր արտացոլում առաջին խաղակեսի պատկերը, բայց զգացվում էր, որ հյուրերը ավելացնելու են: Երկրորդ կեսում, զգալով որ տանտերերին չի կարելի թույլ տալ ազատ գնդակ ընդունել, թուրքերը սկսեցին ավելի կոմպակտ գործել, արագ փակել ազատ գոտիները, ավելի երկար գնդակ պահել: Դրան նպաստեցին նաև Կունցի փոխարինումները: Նրանց առավելությունը շոշափելի դարձավ: Արդյունքում հյուրերին հաջողվեց առաջ անցնել հաշվի մեջ մի դրվագում, որտեղ մեր տղաները մոռացել էին մի տարրական կանոն՝ չի կարելի թույլ տալ մրցակցին տուգանային հարվածը արագ խաղարկել: Պարզապես, գոլը չէր լինի, եթե մեկը մի քանի վայրկյան փակեր գնդակը մինչև մյուսները կհասցնեին նահանջել ու դիրքավորվել: Գոլը, սակայն, չընկճեց մեր տղաներին: Նրանք մեծ նվիրումով շարունակեցին բախտը որոնել հակառակորդի դարպասի մոտ, ստեղծեցին մի քանի իրական գոլային պահեր, մինչև խաղի վերջին ակորդները նրանք անձնվիրաբար պայքարում էին: խաղավերջում Բիչախչյանը կարող էր երկու դրվագում գոլի հեղինակ դառնալ: Ինչևէ: Մրցակիցը ուժեղ էր, մենք արժանի հանդես եկանք: Ոչ մեկի հասցեին մեկ բացասական բառ անգամ չեմ կարող ասել, միմիայն դրական խոսքեր: Սակայն կա մեկը, ով արժանի է հատուկ դրվատանքի՝ դա Գևորգ Հարությունյանն է: Այդ տարիքում նման վստահ ու հասուն խաղ, այն էլ առաջին անգամ՝ շատ քչերին է հաջողվում:

Եզրահանգումը հետևյալն է. ի դեմս Պետրակովի ձեռք ենք բերել շնորհալի մասնագետ, ով պետք է որ ավելացնելով հաջողության հասնի: Հույսերը չեն մարում:

Հեղինակ՝ Աշոտ Գոմցյան

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արմեն Գրիգորյանն Էստոնիայում քննարկել է ԵՄ առաքելության ներկայությունը Հայաստանում

Հաջորդը

Ռանոսի գոլառատ նորամուտը

Առնչվող նյութեր
Դիտել

Ղարաբաղի ղեկավարները դավաճանել են հայ ժողովրդին. Րաֆֆի Փափազյան

Հերթական անգամ Ղարաբաղի ղեկավարները դավաճանել են հայ ժողովրդին. Ֆրանսիայի հայկական շարժման գլխավոր քարտուղար Րաֆֆի Փափազյան «Բոլորը հասկացան, որ…
Դիտել

Քննարկվել են շինարարական նորմերի արդիականացմանն առնչվող հարցեր

Քաղաքաշինության կոմիտեում տեղի է ունեցել կոմիտեի նախագահին կից գիտատեխնիկական խորհրդի հերթական նիստը: Քննարկվել են քաղաքաշինության բնագավառի մի շարք…
Դիտել

Ադրբեջանին կոչ ենք անում ամբողջությամբ կատարել միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած պարտավորությունները G7 ԱԳ նախարարների հայտարարությունը

G7-ի երկրների արտաքին գործերի նախարարները համատեղ հայտարարություն են տարածել, որտեղ, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել են նաև Լեռնային…
Դիտել

Արման Թաթոյանն Ավստրալիայի ԱԳՆ-ում ներկայացրել է ՀՀ-ում ադրբեջանական հանցավոր ներխուժումների վերջին փաստերը

ՀՀ ինքնիշխան տարածքում ու Արցախում ադրբեջանական պատերազմական հանցանքների փաստերը ներկայացնելու նպատակով Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share