Այսօր Երևանի ավագանու հանդիսավոր նիստում տեղի ունեցավ Երևանի 13-րդ քաղաքապետի՝ Հրաչյա Սարգսյանի երդմնակալության արարողությունը։ Արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:
Հրաչյա Սարգսյանը երդվեց քաղաքապետի լիազորություններն իրականացնելու ընթացքում պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, օրենքները, Երևանի ավագանու որոշումները, ազնվորեն և բարեխղճորեն կատարել Երևանի քաղաքապետի լիազորությունները, ծառայել Երևանի բարգավաճմանը, գործել ի բարօրություն նրա բնակիչների:
Երդման պաշտոնական մասից հետո նրան հանձնվեց Երևանի քաղաքապետի խորհրդանիշ լանջաշղթան։
Հրայա Սարգսյանը նշեց, որ մեծ պատասխանատվություն է ստանձնել ավելի քան 2800-ամյա Երևանի քաղաքապետի պաշտոնը:
«Մեր առջև ծառացած են բազում խնդիրներ, որոնք արդյունավետ ու հիմնարար լուծումների կարիք ունեն և որոնց ճշգրիտ լուծումներից է կախված մեր մայրաքաղաք Երևանի կայուն զարգացումը: 2018 թվականի ընտրություններից ի վեր ծավալուն աշխատանքներ են իրականացվել, որոնք թիմային աշխատանքի արդյունք են: Մեր նպատակն է, «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրի հիման վրա, համագործակցելով նաև «Բարգավաճ Հայաստան» և «Լույս» ընդդիմադիր խմբակցությունների հետ, իրականացնել հավակնոտ, բայց իրատեսական ծրագրերը: Քաղաքի կառավարումը և ենթակառուցվածքների զարգացումը համակարգային մոտեցման անհրաժեշտություն ունեն և պետք է հիմնված լինեն արդյունավետ կառավարման, նորարարական մոտեցումների և ամենօրյա նվիրված աշխատանքի վրա»,- հայտարարեց նորընտիր քաղաքապետ Սարգսյանը: