Նիկոլ Փաշինյանը ԵՄ երկրների ԱԳ նախարարների հետ քննարկել է տարածաշրջանային խնդիրներին վերաբերող հարցեր

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռումինիայի արտաքին գործերի նախարար Բոգդան Աուրեսկուին, Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսին, Ավստրիայի Եվրոպական և միջազգային հարցերով դաշնային նախարար Ալեքսանդր Շալլենբերգին, ինչպես նաև ԱԳԵԾ՝ Ռուսաստանի, Արևելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, Տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով կառավարող տնօրեն Միխայել Զիբերթին, Հվ․ Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Այցը լիազորված է Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի կողմից:

Նիկոլ Փաշինյանը ողջունել է նման ներկայացուցչական այցը մեր երկիր՝ հիշեցնելով, որ այն նախատեսված էր դեռևս այն ժամանակ, երբ Հայաստանում ավելի շատ ճգնաժամեր էին առկա, քան լուծումներ: «Ուրախ եմ, որ այցը կայացավ այն ժամանակ, երբ Հայաստանում տեղի ունեցան ընտրություններ, որոնց արդյունքում հաստատվեց մեր ժողովրդի նվիրվածությունը ժողովրդավարական արժեքներին, որոնց որակը բարձր գնահատվեց միջազգային կազմակերպությունների կողմից»,– նշել է վարչապետի պաշտոնակատարը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այսպիսով Հայաստանում քաղաքական ճգնաժամը հաղթահարված է և իշխանությունը կարող է լիարժեք վերադառնալ իր կարևորագույն աշխատանքային օրակարգի իրականացմանը, այդ թվում՝ Եվրոպական միության հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի դրույթների արդյունավետ կյանքի կոչմանը:

Ռումինիայի արտաքին գործերի նախարար Բոգդան Աուրեսկուն նշել է, որ նման պատվիրակությամբ տարածաշրջանային այց պատմության ընթացքում տեղի է ունենում առաջին անգամ, որի առաջնային նպատակներից մեկը ՀՀ-ԵՄ հարաբերությունների խթանումն է: Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրությունները բարձր մակարդակով անցկացնելու, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի, ինչպես նաև այս տարվա մարտի 1-ից Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն ուժի մեջ մտնելու կապակցությամբ: Նա Հայաստանի համար կարևորել է վերոնշյալ համաձայնագրից առավելագույնս օգուտ քաղելը և ընդգծել ԵՄ պատրաստակամությունը՝ նոր թափով օժանդակելու ՀՀ կառավարությանն ինստիտուցիոնալ բարեփոխումներն առաջ մղելու գործում:

Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը նշել է Հարավային Կովկասում անվտանգության ու կայունության ամրապնդման կարևորությունը՝ հավելելով, որ այն իրենց համար առանցքային նշանակություն ունի նաև սեփական անվտանգության ապահովման համատեքստում: Լիտվայի ԱԳ նախարարը նշել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերի միջև վստահության մթնոլորտի ձևավորման և ամրապնդման անհրաժեշտությունը՝ հավելելով, որ ԵՄ-ն պատրաստ է իր օժանդակությունը ցուցաբերել նաև այս հարցում: Գաբրիելիուս Լանդսբերգիսն այս առումով կարևորել է մարդասիրական բնույթի խնդիրների, այդ թվում՝ Ադրբեջանում պահվող ռազմագերիների վերադարձի լուծումը:

Ավստրիայի Եվրոպական և միջազգային հարցերով դաշնային նախարար Ալեքսանդր Շալլենբերգը ևս անդրադարձել է ՀՀ-ում կայացած ընտրությունների արդյունքներին՝ նշելով, որ դրանցում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակից զատ, հաղթեց ժողովրդավարությունը: Նրա խոսքով՝ ի ուրախություն հայ ժողովրդի, Հայաստանում ընտրությունների ընթացքում խնդիրներ կանխատեսողները սխալ դուրս եկան, ինչը ևս ցույց է տալիս Հայաստանի՝ ժողովրդավարական արժեքներին հավատարմությունը:

Շնորհակալություն հայտնելով հնչեցված կարծիքների համար՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ պատերազմից հետո ստեղծված ճգնաժամային իրավիճակը, ինչպես նաև ընտրություններն արձանագրեցին ժողովրդավարության կենսունակությունը մեր երկրում, ուստի ժողովրդավարությունը Հայաստանում այլևս անշրջելի գործընթաց է:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգին, ինչպես նաև տարածաշրջանում ստեղծված իրավիճակին ու դրա հանգուցալուծմանը վերաբերող հարցեր:

Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել ԵՄ-ի, մասնավորապես, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի դերը Ադրբեջանից 15 հայ ռազմագերիների վերադարձի ապահովման գործում և նշել, որ Հայաստանը պատրաստ է մարդասիրական քայլին պատասխանել համապատասխան քայլով: Վարչապետի պաշտոնակատարն ընդգծել է Ադրբեջանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ համաձայնագրի լիարժեք կատարման, պահվող բոլոր ռազմագերիների վերադարձման, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը խաղաղ հանգուցալուծելու անհրաժեշտությունը: Վարչապետի պաշտոնակատարն շեշտել է, որ խնդիրը պետք է լուծվի բացառապես Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչների՝ ելման դիրքեր դուրս գալով և հիշեցրել, որ այս հարցի շուրջ ավելի վաղ հանդես է եկել համապատասխան առաջարկությամբ: Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հակամարտության համապարփակ կարգավորման գործընթացը պետք է տեղի ունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Երևանում ցերեկային ժամերին սպասվում է +39-ից +41 աստիճան տաքություն

Հաջորդը

Կապարոսը կշարունակի գլխավորել Հայաստանի հավաքականը

Առնչվող նյութեր
Դիտել

Կորոնավիրուսային հիվանդացության դեպքերը նվազում են

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր հայտարարել է, որ Հայաստանում կորոնավիրուսային հիվանդացության դեպքերը նվազում են, բուժհիմնարկները հետ են պրոֆիլավորվում։…
Դիտել

Ընդդիմադիր խմբակցությունները չեն մասնակցի Հանրապետության նախագահի ընտրությանը

Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները որոշել են չմասնակցել Հանրապետության նախագահի ընտրությանը։ «Հայաստանի Սահմանադրությունը պահանջում է, որ…
Դիտել

Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Արցախի նախագահը քննարկել են արցախահայության առջև ծառացած մարտահրավերները

Ապրիլի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Արցախի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share