Այսօր հայկական ու ռուսական համատեղ հիշողությունն ու պատմական ժառանգությունը չափվում է գազի գնով և կոնյակի չափաբաժնով․ Հայկ Դեմոյան

Հայոց ցեղասպանություն թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր  Հայկ Դեմոյանի գրառումը․

«Ռուսական հարց ու հայկական պատասխան․ լուսանցքային տողեր՝ պատմաբանի նոթատետրում․

Մեծագույն ցնցումը, որ կարող էի ապրել որպես անհատ և որպես պատմաբան, դա ականատես դառնալն էր, թե ինչպես բլոկադայի հիշողություն ունեցող երկրի զինուժը չի կարողանում խոչընդոտել ու անուղղակի մասնակցում է հարյուր հազարից ավելի մարդկանց շրջափակման գործողությանը, որից հետո էլ ներքաշվում է 21-րդ դարում տեղի ունեցած զանգվածային արտաքսման ամոթալի հանցագործության մեջ՝ էթնիկ զտումների տեսքով։

Ողբերգությունը բազմապատկվում է, երբ գիտակցում ես, որ այդպիսի ոճրագործությունը իրականացվել է արևելյան քրիստոնեական աշխարհի բնակչության մի հատվածի դեմ, որի հետ ունես սերտ պատմական ու մշակութային կապեր և այդ կապերի արժեքն ու խորությունը այնքան տպավորիչ է, որ ակամայից չգիտես ցնցվես, զայրանաս, թե ամաչես տեղի ունեցածի համար։

Իմ և ավելի տարիքով սերնդի համար Ռուսաստանի ընկալումները, իրենց հակասականությամբ հանդերձ, վերջին երկու հարյուրամյակների ընթացքում այդ պատմության ու մշակույթի երկուստեք հարստացման արդյունքում ստեղծվել էր համարյա թե համոզմունքի հասնող անհերքելի մի հաստատագրում, համաձայն որի երկու՝ հայկական ու ռուսական քաղաքակրթությունները դժվար կլինի բաժան բաժան անել կամ դարձնել առուծախի առարկա։

Այսօր հայկական ու ռուսական համատեղ հիշողությունն ու պատմական ժառանգությունը չափվում է գազի գներով, կոնյակի չափաբաժնով, սպառնալիքների տոնայնությամբ ու մի չարագուշակ լռությամբ․․․ Դա ռուսական մշակույթի ու ռուսական քաղաքակրթության զարդը հանդիսացող մտավորականության կապարից էլ ծանր լռությունն է․․․ Դա այն մտավորականությունն է, որը ստիպում էր սիրել Ռուսաստանն ու ռուսական մշակույթը․․․ Ավաղ չկա 1990-ականների սկզբի ռուս մտավորականների սերունդը, իսկ տեսակետ ու կարծիք ստեղծող այս փաղանգին փոխարինելու եկած կերպարները հեռու են մտավորական կոչվելուց․․․

Բոլոր պարագաներում մեզ, հայերիս, բնավ պետք չէ տառապել հակառուսականությամբ, առավել ևս ի ցույց դնել դա հրապարակային ձևով։ Դա մեզ ոչինչ չի տալու ու դրանից ոչինչ չենք շահելու։ Նման ատելությունը չի կարող համարժեքը կամ փոխարինել երկու երկրների ու ժողովուրդների պատմական անցյալի հարուստ ու բազմազան ժառանգությանը․․․

Ռուսաստանը կատարել է բախտորոշ, միգուցե և ճակատագրական ընտրություն։ Հայ-ռուսական պատմությունն ու հիշողությունը Արցախում տեղի ունեցած վերջին իրադարձությունների արդյունքում խորագույն ճգնաժամի մեջ է հայտնվել․․․

Ադրբեջանի ու Թուրքիայի հետ ժամանակավոր դաշինքի համար այսօր մեծ գին են վճարում Հայաստանն ու արցախահայությունը, սակայն դույզն իսկ կասկած չունեմ, որ ոչ հեռավոր ապագայում դրա համար մեծ գին է վճարելու հենց Ռուսաստանը։ Ռուս օդաչուների ու խաղաղապահների գնդակահարությունը ադրբեջանա-թուրքական զինուժի կողմից ընդամենը ուժի ու նսեմացնելու կարողության ցուցադրություն էր, որը Մոսկվան ստիպված եղավ կուլ տալ։ Կհատուցի՞ արդյոք դրանց դիմաց Բաքուն, մեզ համար արդեն երկրորդական է․․․

Մենք ընդամենը կարող ենք արձանագրել, որ ոչ մեր մեղքով հարյուրամյակների համատեղ ժառանգությունը, ռազմական համագործակցության փառահեղ էջերը պղծվել են ամոթալի ու սոսկում առջացնող արևելյան մի գործարքով, որի հետևանքները ապագայում կկրեն ոչ միայն բռնագաղթի ենթարկված արցախահայերը․․․

Հայաստանը դուրս կգա՞ ՀԱՊԿ-ից, ռուսական ռազմաբազաները կմնա՞ն արդյոք մեր տարածքում․․․ Իմ պատասխանը հետևյալն է․ սեպտեմբերի 19-ին տեղի ունեցածի արդյունքում Ռուսաստանը թող ինքը որոշի, կցանկանա՞ արդյոք ներկայություն ունենալ ազատությունն ու անկախությունը նախընտրած ու ստրկությունը մերժած մի ժողովրդի հետ, որի մեծագույն մեղքը նավթ ու գազ չունենալն է․․․

Հ․Գ․ 2023 թ․ սեպտեմբերի 19-ին իմ ներսում սպանվեց մի հիշողություն, որը սերունդներ էր կապում ու սերունդներ էր դաստիարակում․ Հայրենական պատերազմի մասին եղած իմ ընկալումներն ու պատկերացումները այլևս նույնը չեն, ինչ կային մինչ այդ։ Ես արդեն չեմ կարող հպարտությամբ ասել, որ կրում եմ Հայրենական պատերազմի մասնակից պարտիզանի անունը, որովհետև այդ հիշողությունն արդեն անդառնալիորեն ձևախեղվել ու թաղվել է արցախահայության շրջափակման ու բռնագաղթի տեսարանների տակ․․․»

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Այդ ԵՄ-ն է դավաճանել ՀՀ-ին․ Զախարովա

Հաջորդը

Դավաճաններն ու գործակալներն իրենց մերձավոր շրջապատում են, հենց իրենց մեջ են. Գեղամ Բաղդասարյան

Առնչվող նյութեր
Դիտել

Գազի գինը Հայաստանում 10 տարի չի բարձրանա

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ–ի առուվաճառքի մասին 2013 թվականին կնքված համաձայնագրում համապատասխան փոփոխություն կատարելու մասին արձանագրության…
Դիտել

Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կոչ է արել Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ընդունել է «Թուրքիայի վերաբերյալ 2022 թվականի զեկույցը, որն «աջակցում է Հայաստանի և Թուրքիայի…
Դիտել

Կոտայքի մարզի 38-ամյա բնակիչը 4 անձի, այդ թվում 1 երեխայի, թրաֆիքինգի ենթարկել

Կոտայքի մարզի 38-ամյա բնակչի կողմից 4 անձի, այդ թվում 1 երեխայի, թրաֆիքինգի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share