Հայաստանը բարձր է գնահատում Հայաստանի և Ֆրանսիայի միջև առանձնաշնորհյալ հարաբերությունները. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին՝ Ազգային տոնի առթիվ: Ուղերձում ասված է.

«Մեծարգո պարոն նախագահ, թանկագին Էմանուել,

Հայ ժողովրդի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և եղբայրական Ֆրանսիայի ժողովրդին Ազգային տոնի կապակցությամբ։

Ավելի քան երկու դար առաջ՝ 1789 թվականի հուլիսի 14ին ֆրանսիացիները, համախմբվելով ազատության, հավասարության և եղբայրության արժեքների գերակայության վեհ գաղափարների շուրջ, համաժողովրդական կամքի հաղթանակն ամրագրեցին համաշխարհային պատմագրության էջերում և Մարդու և քաղաքացու իրավունքների հռչակագրով ժամանակակից աշխարհի համար ուրվագծեցին հիմնարար ազատությունների և ժողովրդավարության ուղին։

Ֆրանսիայի դավանած՝ համամարդկային նշանակություն ունեցող բարձր արժեքները ոգեշնչման աղբյուր են հանդիսացել նաև Ձեր երկրում ապաստան գտած՝ Հայոց ցեղասպանությունից փրկված բազմաթիվ հայորդիների համար։ Հանուն Ֆրանսիայի և նրա ազատության, հանուն համամարդկային արժեքների պաշտպանության սեփական կյանքը նվիրաբերած Միսաք Մանուշյանը լավագույնս է մարմնավորում Ֆրանսիայի հանդեպ հայ ժողովրդի շնորհակալ վերաբերմունքն ու ազատության համար մաքառման նրա արդար մղումները։

Օգտվելով առիթից՝ երախտագիտություն եմ հայտնում Դիմադրության շարժման հերոս Միսաք Մանուշյանի աճյունը Պանթեոն տեղափոխելու՝ Ձեր պատմական որոշման համար։ Այն մեծագույն պատիվ է ողջ հայ ժողովրդի համար, քանզի Մանուշյանը և նրա զինակիցները բռնատիրության դեմ հաղթանակի ճանապարհին Ֆրանսիայի աննկուն պայքարի խորհրդանիշ դարձան:

Հայաստանը բարձր է գնահատում մեր երկու պետությունների միջև հաստատված առանձնաշնորհյալ հարաբերությունները, ինչի վառ դրսևորումներն են բարձրաստիճան քաղաքական սերտ երկխոսությունն ու բոլոր ոլորտներում դինամիկ զարգացող փոխգործակցությունը։

Երախտապարտ ենք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի արդարացի և տևական կարգավորման գործընթացում Ձեր կողմից գործադրվող նշանակալի և շարունակական ջանքերի և Հայաստանի առջև ծառացած անվտանգային մարտահրավերներին դիմագրավելու ուղղությամբ Ձեր կարևոր աջակցության համար։ Առանձնահատուկ արժևորում ենք Ֆրանսիայի ուշադրությունն ու ջանքերը Լեռնային Ղարաբաղի վտանգված պատմամշակութային ժառանգության պահպանության հարցում։

Վերստին շնորհավորելով Ձեզ Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի առթիվ՝ մաղթում եմ հաջողություններ Ձեր կարևոր առաքելությունում և վերահաստատում պետական այցով առաջիկայում Հայաստանում Ձեզ հյուրընկալելու իմ հրավերը:

Բարեկամաբար՝ Նիկոլ Փաշինյան»

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Ֆրանսիայի Ազգային տոնը

Հաջորդը

Ադրբեջանի կառավարությունն ուղիղ պատասխանատվություն է կրում ԼՂ-ում 2 երեխայի մահվան համար. Էդմոն Մարուքյան

Առնչվող նյութեր
Դիտել

Պատմական Հայաստան-Ռուսաստան հարաբերություններից անցում է կատարվում իրական ՀՀ-ՌԴ հարաբերությունների․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում կառավարության 2023 թվականի ծրագրի կատարողականը ներկայացնելիս անդրադարձավ նաև հայ-ռուսական հարաբերություններին։ «Հատուկ…
Դիտել

ՀՀ ԱԳՆ են հրավիրվել ՀՀ-ում հավատարմագրված մի շարք դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ

Հուլիսի 9-10-ը Ադրբեջանի իշխանությունների կողմից Լեռնային Ղարաբաղի օկուպացված տարածքներ կազմակերպված այցելությանը որոշ երկրների դիվանագիտական ներկայացուցիչների մասնակցության առնչությամբ Հայաստանի…
Դիտել

Արմեն Գրիգորյանը Զասին հիշեցրել է, որ գոյություն ունի սահման

ԱԽ քարտուղարը հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ: Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share