Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարգեին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի ուղերձը ՀՀ անկախության տոնի առիթով

Սիրելի ժողովուրդ ի Հայաստան, Արցախ և ի սփյուռս,
Այս տարի լրանում է մեր անկախ պետականության վերահաստատման երեսուն ամյակը։

Երեք տասնամյակ առաջ մեր ժողովուրդը միաբան կամքով, համախումբ և միասնական ընտրեց անկախության վերակերտման ճանապարհը՝ խանդավառությամբ և ոգեշնչումով իրագործելու իր դարավոր իղձն ու երազանքը։

Պետականաշինության, հայրենակերտումի դժվարին ուղի անցավ մեր ժողովուրդը, դիմագրավեց բազում մարտահրավերներ, հանձն առավ մեծ զոհողություններ։ Պանծալի հաղթանակների, հաջողությունների ու ձեռքբերումների հետ ունեցանք նաև բացթողումներ, սխալ ընթացքներ և՛ հայրենական անդաստանում, և՛ միջազգային հարթակներում։

Անցյալ տարի ազգովի ենթարկվեցինք նոր փորձության։ Ադրբեջանը վերստին պատերազմ սանձազերծեց Արցախի Հանրապետության դեմ։ Աղետալի պատերազմի ծանրագույն հետևանքները և ամեն օր նորովի արնահոսող վերքերը բոլորովին նոր իրավիճակ են ստեղծել մեր ժողովրդի կյանքում։ Մեր սրտերում մեր կորուստների, մեր զոհված նահատակների, գերյալների ու անհայտ կորածների խորը ցավն է, ապագայի անորոշության անհանգստությունը, բայց նաև՝ վճռականությունը վերստին ոտքի կանգնելու, թոթափելու մեզ պատուհասած արհավիրքներն ու նեղությունները և ապահովելու պայմաններ, որ մեր ժողովուրդը Արցախում ու Հայաստանում ապրի անվտանգ ու բարօր։

Հայրենի երկրի անկախությունը մեծագույն արժեք է։ Հայոց Եկեղեցին դարերի ընթացքին մշտապես արթուն է պահել անկախության գաղափարը մեր զավակների հոգիներում, օրհնել մեր ազատության մաքառումները, կարելին ի սպաս դրել մերօրյա անկախ հայրենիքի կայացմանն ու առաջընթացին և շարունակելու է իր առաքելությունը այս սուրբ գործում։

Անկախության 30-ամյակի գլխավոր խորհուրդը առաջադեմ, բարօր, սիրո ու միաբանության մեջ ծաղկող երկիր վերակերտելն է։ Այսօր, ցավոք, հաճախ ենք տեսնում անհանդուրժողականության դրսևորում՝ համերաշխության ու երկխոսության փոխարեն։ Մեր երկրի ու ժողովրդի առջև ծառացած հիմնախնդիրները պահանջում են միասնականություն, ջանքերի մեկտեղում և համախոհ նպատակադրումների իրականացում։

Թանկ գնով ձեռք բերված անկախությունը համազգային միասնականությամբ պիտի պաշտպանենք ու պահպանենք՝ հաղթահարելով ներքին ու արտաքին մարտահրավերները այս սրբազան առաքելության ճանապարհին, քանզի մեր անկախ պետությունը մեր գոյության ու լինելիության կարևորագույն խարիսխն ու գրավականն է։

Անկախության տոնի առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում համայն մեր ժողովրդին և հորդորը՝ ամուր մնալու հավատքի մեջ, ընթանալու Աստծո պատգամներով, համախմբված հայրենիքի շուրջ, հայրենյաց սիրով ու եղբայրությամբ իրականացման առաջնորդելու ազգային մեր լուսավոր իղձերը։

Աղոթք ենք վերառաքում առ Երկնավոր Տերը, որ խաղաղություն շնորհի աշխարհին, մեր հայրենիքին, ստեղծագործ ու անվտանգ կյանք՝ ազգիս զավակներին, այսօր և միշտ. ամեն

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ուժեղ ու զարգացող Հայաստանն այլընտրանք չունի. Արցախի նախագահ

Հաջորդը

Անկախության տոնը դեռ տոնելու ենք. Սերժ Սարգսյան

Առնչվող նյութեր
Դիտել

Գերաշնորհ Տ. Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանը ներկայացրել է Արցախի բնակչության հանդեպ Ադրբեջանի ոտնձգությունները

Եկեղեցիների համաշխարհային խորհրդի 11-րդ ընդհանուր համագումարը շարունակում է իր աշխատաանքները: Եկեղեցիների համաշխարհային խորհրդի 11-րդ ընդհանուր համաժողովը, որի կարգախոսն…
Դիտել

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Իրաքի նախագահ Աբդուլ Լաթիֆ Ռաշիդին

ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 27-րդ համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Իրաքի նախագահ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share